Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանք տվող» կենտրոնը Ֆրանսիայի մի մասնիկն է Սյունիքում (ֆոտոշարք)

Հունիս 06,2022 23:03

Գորիսում 2013 թվականից գործող ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը կարծես Ֆրանսիայի մի մասնիկը լինի Սյունիքի մարզում։ Սյունիք այցելող ֆրանսիական բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները առանց բացառության լինում են կենտրոնում։

Կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ասոյանի խոսքով՝ «կյանք տվող» կենտրոնը ստրատեգիական նշանակություն ունի։ Տարիներ առաջ, երբ որոշվեց Սյունիքում կառուցել կենտրոնը՝ այն պետք էր սպասարկեր նաեւ Արցախին։ Ընտրվեց Գորիսը, որպեսզի թե՛ Սյունիքի, եւ թե՛ Արցախի բնակչության համար տեղանքը համաչափ հեռավորության վրա լինի։ «Ի սկզբանե որոշվել էր կենտրոնը ստեղծել Գորիսում, քանի որ մոնիտորինգը պարզեց, ամենահեռավոր մարզերը հնարավորություն չունեն կարճ ժամանակում ստանալ նման բուժծառայությունը, իսկ սիրտ-անոթային խնդիր ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է օգնությունը ստանալ առաջիկա 2-3 ժամվա ընթացքում»,-ասում է Արտակ Ասոյանը։

Վերջերս Հայաստան այցելած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նույնպես եղավ Գորիսի սրտանոթային կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Արտակ Ասոյանի համոզմամբ տիկին քաղաքապետի այցը Գորիս՝ ընդգծում է կենտրոնի բացառիկ դերը, ամրապնդում հայ-ֆրանսիական համագործակցության հետագա ծրագրերը։ Այց ճանաչողական բնույթ էր կրում։ Գորիսի սրտաբանական կենտրոնում մատուցում են բոլոր ծառայությունները կապված սիրտ-անոթային հիվանդությունների հետ, ունեն անհրաժեշտ ժամանակակից բոլոր սարքավորումները։ Տնօրենի խոսքով, հանրապետությունում գործող սրտաբանական կլինիկաներից միակն է, որ առկա երկու վիրահատարաններում կարող են միաժամանակ վիրահատություններ կատարել։

Իհարկե՝ պետությունը կենտրոնի կողքին է՝ ներկայացրեց Արտակ Ասոյանը Փարիզի քաղաքապետին։ Տիկին Իդալգոն նկատեց՝ այդ դեպքում ինչո՞ւ չի բարեկարգվում դեպի կենտրոնի բերող ճանապարհը։ «Ճանապարհը համայնքային նշանակության է, այնպես չէ, որ միայն մեր կենտրոն բերող ճանապարհն է, շատ կազմակերպություններ են օգտվում այդ ճանապարհից»,-պարզաբանեց կենտրոնի տնօրենը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խոստանում է՝ առաջնահերթ նորոգել ճանապարհը։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն առաջին անգամ է Սյունիքում։ Մի քանի ժամվա ընթացքում համոզվեց՝ հիասքանչ բնությունն է երեւի պատճառը, որ սյունեցիները բարի ու բարյացակամ են։ Ափսոսում է՝ որ չկարողացավ Արցախ գնալ ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպեց Գորիսում։

«Ինչպես գիտեք, 2020 թվականին Փարիզի քաղաքապետարանը բանաձեւ է ընդունել, կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի հանրապետությունը։ Հուսամ՝ որ այս աշխատանքը իր արդյունքին կհասնի։ Տպավորված եմ այն մարդկանցով, որոնք այստեղ ապրում են ու աշխատում։ Վերահաստատում եմ իմ սատարումը ինքնորոշման իրավունքին, որովհետեւ այդ իրավունքը միջազգային իրավունքի մաս է կազմում ու պետք է հարգենք դա»,–ասում է Անն Իդալգոն։ Հրաժեշտից առաջ Փարիզի քաղաքապետը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին խոստացավ նորից լինել Սյունիքում՝ այս անգամ համագործակցության նոր ծրագրերով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930