Այսօր Ազգային ժողովի մոտ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ցույց է կազմակերպել՝ իրենց ձեւակերպմամբ՝ աթոռներից հեռացնելու այսօրվա «ձախորդ» կառավարությանը:
Իր ելույթում զոհված զինվորի մայր Նաիրա Մելիքյանը, որը նոր է վերադարձել Սյունիքի մարզի Տեղ գյուղից, ասաց, որ պայքարելու են «պետականասպան խունտայի» հեռացման համար. «Բոլորս գիտենք՝ ինչ է կատարվում սահմանում: Սյունիքում ադրբեջանցիները հերթական առաջխաղացումն են գրանցել, առանց մեկ կրակոցի առաջ եկավ, զավթեց մեր ինքնիշխան տարածքի հերթական մասը ու մենք բոլորս գիտենք՝ թուրքը երբեք չի գալիս մեր հետ ապրելու, թուրքը գալիս է մեր տներում, մեր հողում մեր փոխարեն ապրելու: Դա պիտի լավ հասկանանք ու հիշենք: Մենք ամեն օր տեսնում ենք, թե մեր շուրջ ստեղծված մահացու օղակը ինչպես է սեղմվում եւ տեսնում ենք նաեւ այս «…»-ների անգործությունը: Միակ բանը, որով զբաղված են՝ հանցավոր անգործությունն է, բանակը քանդում են մինչեւ վերջ: Սահմանապահ զորքերն են մտցրել բանակի փոխարեն, որ իրենց կապով որ րոպեին ուզեն իջեցնեն, այդ սահմաններն էլ հանձնեն: Զբաղված են բռնաճնշումներով, Խաչատուրովին են ձերբակալում՝ մեր ունեցած միակ ազնիվ գեներալին: Զբաղված են թշնամանք տարածելով թե՛ մեր երկրի ներսում, թե՛ մեր սահմաններից դուրս մեր դաշնակից, բարեկամ 2 պետությունների՝ ՌԴ-ի եւ Իրանի նկատմամբ:
Եվ ես ուզում եմ այս հարթակից հայտարարել մեր ռուս եղբայրներին, որ այն, ինչ անում են այս «…»-ը, սա մեր ժողովրդի ընտրությունը չի, դա մեր ժողովրդի դիրքորոշումը չի: Մենք դարերով եղել ենք իրար հետ, դուք մեզ պետք եք, մենք էլ ձեզ ենք պետք: Այսօր ստեղծված այս խայտառակ իրավիճակում, երբ որ կոյուղային կենտրոնները ամեն բան անում են, որ ոչնչացնեն մեզ, մենք, սիրելի՛ ռուսներ, պիտի միասնական լինենք, իրար թիկունք դառնանք: Այս խայտառակ հակառուսական քարոզը ի՞նչ նպատակ է հետապնդում՝ մեզ ուզում են վերադարձնեն 90-ական թվականներ, ամեն ինչ անում են, որ սահմանները փակվեն, որ ատոմակայանը կանգնի, որ առաջանա տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամ, որպեսզի մեր վզին էլի փաթաթեն պատերազմ ու ցեղասպանեն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: