Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում լայնամասշտաբ ճանապարհաշինությունը թեպետ ընթացքի մեջ է, սակայն նախորդ տարում քանդված որոշ ճանապարհների նորոգումը դեռ չի մեկնարկել (ֆոտոշարք)

Ապրիլ 17,2023 15:21

Վանաձոր խոշորացված համայնքում այս տարի իրականացվող ճանապարհաշինությունը ոչ միայն քանակապես, այլ նաեւ մասշտաբային առումով թերեւս տարբերվող է նախորդներից: Ճանապարհներ են հիմնանորոգվում ոչ միայն պետություն-համայնք միջոցներով, այլ նաեւ զուտ պետական ծրագրով ու համայնքային միջոցներով:

Սրան զուգահեռ, սակայն, փողոցներ էլ կան, որոնք թեպետ հայտարարվել էր, որ պետք է հիմնանորոգվեն, եւ այդ նպատակով դեռ նախորդ տարվա տարեվերջին ասֆալտի ծածկը քերման ու քանդման որոշակի աշխատանքներ արվեցին, սակայն մինչ այս պահը նշված փողոցներում աշխատանքների մեկնարկը տրված չէ, երթեւեկությունն էլ այլեւս անհնարին է դարձել նշված փողոցներում, ինչն արդեն իսկ առաջացնում է վարորդների ու հետիոտների լուրջ դժգոհությունը:

Վանաձոր քաղաքի տարածքում սուբվենցիոն ծրագրերով ընթացքի մեջ է Զաքարյան, Իսահակյան, Ներսիսյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների հիմնանորոգումը: Վերջինը քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկն է, հիվանդանոց տանող ճանապարհը: Աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Խոշորացումից հետո մարզկենտրոնից միացած 3 գյուղական համայնքներից 6 փողոցներում՝ Շահումյան, Գուգարք եւ Դարպաս բնակավայրերում եւս հիմնանորոգման աշխատանքներ են տարվում:


Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հիմնանորոգման աշխատանքները մի մասում գրեթե 60 տոկոսով ավարտված են, մի մասի դեպքում մրցույթներն են ընթացքի մեջ, մյուս մասով մրցույթներն ավարտված են, նախապատրաստական աշխատանքներ են տարվում աշխատանքները օր առաջ սկսելու նպատակով:

Բացի սուբվենցիոն ծրագրերից, եւս 4 փողոցում էլ միջին նորոգում կիրականացվի` բացառապես համայնքի բյուջեով. դրանք են՝ Մխիթար Գոշ, Հերացի, Խնձորուտ 2 եւ Բանյո փողոցները: Զուտ համայնքային բյուջեով վերջին անգամ մարզկենտրոնում ճանապարհների հիմնանորոգում արվել էր ավելի քան 10 տարի առաջ:

Դեռ նախորդ տարվա ձմռանը՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ծանր տեխնիկայի միջոցով քերվեց Վանաձորի Դեմիրճյան եւ Լուսավորիչ փողոցների ասֆալտի շերտը: Պաշտոնական հայտարարություններով՝ նախատեսվում էր նշված փողոցները հիմնանորոգել գարնանը՝ պետական միջոցներով: Մինչդեռ Դեմիրճյանի մասով մրցույթը չեղարկվեց, Լուսավորիչի մասով էլ մրցույթ չէր էլ հայտարարվել: Նշված ճանապարհները մինչ այս պահը գտնվում են քարուքանդ վիճակում: Մրցույթները նշված փողոցների հայտարարվել է ՏԿԵՆ-ի կողմից:

«Դեմիրճյան, Խորենացի եւ Մոսկովյան փողոցի հիմնանորոգման մրցույթը արդեն կայացել է, ունենք հաղթող, իսկ Գ. Լուսավորիչ փողոցի մասով հայտարարված մրցույթին մասնակցող չեղավ, հավանաբար կրկնամրցույթ կհայտարարվի»,-տեղեկացրեց բաժնի պետը:

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ որեւէ անորակ աշխատանք չի ընդունվելու համայնքի կողմից, հետեւաբար՝ շինարարը նաեւ չի վճարվելու. «Հանձնարարականները խիստ են տրված, հետեւողական ենք լինելու, որ որեւէ շեղում չլինի: Ավելի լավ է ասֆալտը մի քանի օր ուշ լինի, քան թե անձրեւին ու անորակ: Որակի հսկողությունը, բացի մեզնից ու մարզպետարանից, նաեւ բազմաստիճան հսկողություն է սահմանված, հետեւաբար, դժվար թե որեւէ շինարար փորձի համայնքի ու պետության գումարները փոշիացնել»:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930