Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է թվալ, որ սա հակառակն է՝ ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, բայց իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է. Փաշինյան

Ապրիլ 21,2023 10:36

Մենք այս պահին քննարկում ենք մեր բանակի և մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը: Սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Իրականում կարող է թվալ, որ սա հակառակն է՝ ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, բայց իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է: Այս մասին  կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին:

«Մենք ասում ենք՝ կանայք կամավոր կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայություն անցնել: Այդ ծառայությունը չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ զինծառայություն: Կլինեն մարդիկ, որ 6 ամիս անց կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, որոնք կցանկանան 6 ամիս անցկացնել պրոֆեսիոնալ ծառայության և կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են. «Ոչ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա:

Ինչպես հարցի զեկուցման ժամանակ հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը, կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիսը։

«Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը։ Կարգավորումը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության 6-ամսյա ժամկետի ընթացքում որևէ իմաստ չկա իրականացնելու վաղաժամկետ արձակումը, քանի որ ընտանեկան պայմանների առկայությունը ստուգվում է մինչև նրանց զորակոչվելը»,– ասաց նա։

Փոխարենը կանայք իրավունք կունենան ծառայությունից հրաժարվելու մինչև զորակոչվելու օրը։

Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 մլն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա և պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։

Այն կանայք, որոնք 6 ամիս անց կցանկանան շարունակել ծառայությունը ԶՈւ–ում, կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով զինծառայության։

Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը, որն  առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ գործադիրը հակված չէ օրենքի շտապ կարգով ընդունմանը։ Նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ. ձմեռային զորակոչի ընթացքում։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930