Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեզ հաշտեցնում են «ցեղասպանվելու» չարաղետ մտքին․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 30,2023 11:21

«Հայացք Երևանից» – Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին տարբեր եթերներով հասկանալ են տալիս, որ ցեղասպանվելու են, եւ զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր հարթակներից հնչող այդ մահաբեր գույժին։

Իմացա, որ ֆրանսիացի փաստաբաններ են այցելել Սյունիք, տեղեկացել իրավիճակին ու եկել հետեւության, որ Սյունիքի ժողովրդին եւս ցեղասպանություն է սպասվում։

Բառի գործածությունը ցեղասպանվողներիս համար սարսափազդու է, բայց անհաշտ չենք գործածության հետ, երբ գիտենք, որ հայոց ցեղը չի վերանալու արցախցիների ու սյունեցիների բնաջնջումով։

Ու երբվանի՞ց որոշվեց ցեղասպանել մեզ։ Ըստ լրատվական աղբյուրների, անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված փաստաթղթի համաձայն` Արցախը եւ Սյունիքի մի քանի տասնյակ բնակավայրեր հանձնվում են Ադրբեջանին։

Ստացվում է, որ այս ամիսների ընթացքում մեզ հաշտեցնում էին «ցեղասպանվելու» չարաղետ մտքին, որից զերծ չմնաց «հայաթափվելը», որը պակաս սարսռազդու չէ մեզ համար, որ պիտի տուն-տեղ, հայրենիք թողնենք, հեռանանք…

Գնալով օղակը սեղմում է թշնամին, նոր ադրբեջանական անցակետ է դրվել Բերձորի միջանցքում, եւ հասկացնում են, որ ցեղասպանվելու կամ հայաթափության համար մեզ ժամանակ է տրված` մինչեւ մայիսի 10-ը, ոմանք 14-ն են նշում` տալով հավելյալ ապրելու եւս 4 օրվա հնարավորություն։

Արցախում մեր ողբերգական վերջաբանի օրերը չենք հաշվում, քանի դեռ բանջարեղենի նոր սածիլներ են դրվում հողում, կարտոֆիլ են ցանում, շինարարի մուրճի ձայնն է լսվում, տուն է վերանորոգվում, սպասում են նորածին մանկան ծննդին, պատրաստվում են դպրոցական «Վերջին զանգին», նախապատրաստվում դպրոցական եւ բուհական քննությունների…

Դասականի խոսքն եմ հիշում` «Ես երգելով կուզիմ մեռնիլ…»: Ու դարձավ Եղեռնի զոհ այն մեկուկես միլիոնից անբաժան:

Ես փորձում եմ հակադարձել նրան, որ մենք երգելով կուզենք ապրել… Երգելով այգի մշակենք, երգելով սերմը հողին հանձնենք, երգելով դիմավորենք մանկան աշխարհ գալը, դպրոցին երգելով հրաժեշտ տան շրջանավարտները… Ու այսպես կյանքը շարունակվի:

 

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՐՑԱԽ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930