Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Միջնորդեցին, որ դատարանն անթույլատրելի ճանաչի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները

Մայիս 05,2023 10:28

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, երեկ կայացավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հետաձգված դատական նիստը։

Քննարկվեց փաստական տվյալների թույլատրելիության եւ անթույլատրելիության հարցը։ Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց, ըստ որի՝ իրենք ցանկացել էին, որպեսզի դատարանը ճանաչի անթույլատրելի որպես ապացույց ճանաչվող դեռեւս նախաքննական փուլում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները, որովհետև, ըստ էության, դեռևս քննության ամենասկզբում այդ օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվությունները դատարանը տվել է բավարարվելով միայն օպերատիվ զեկուցագրի հիմքով, ինչը բազմաթիվ նախադեպային որոշումների եւ օրենքի հետ տրամաբանությունից ելնելով, չէր կարող այդպես լինել։ Այսինքն, դատարանը նման թույլտվություն կարող էր տալ եւ հետագայում այդ ՕՀՄ ժամկետը երկարացնել միայն այն պարագայում, եթե ներկայացվեին բավարար եւ առարկայական տվյալներ։ Սակայն այդպիսիք չեն եղել։

«Դրանով է պայմանավորված, որ մենք այսօր դատարանին միջնորդեցինք այդ տվյալները որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու մասին։ Բացի դրանից, նման միջնորդություն ներկայացրեց նաեւ իմ պաշտպան Միքայել Շխիմյանը, սակայն միջնորդության բովանդակությունը մի փոքր այլ էր։ Պարոն Շխիմյանի միջնորդության հիմքը կայանում էր նրանում, որ այդ տվյալները անթույլատրելի են այնքանով, որքանով ի սկզբանե այդ ՕՀՄ-ները եղել են ոչ իրավաչափ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տիկին Ալեքսանյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չի եղել։ Իսկ նման գործողություն կատարելու համար կարող էր իրավաչափ իրավիճակ ստեղծվել միայն այն դեպքում, երբ նրա անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված։ Նման գործողությունը կատարվում է միայն ԲԴԽ թույլտվությամբ։ Սա ենթադրվում է որպես փաստացի քրեական հետապնդում։

Դատարանը իմ միջնորդության պարագայում որոշում կայացրեց դրա լուծումը հետաձգելու մասին, որովհետեւ անհրաժեշտ է հետազոտել գործում որոշակի փաստական տվյալներ, իսկ սա այն փուլը չէ, որպեսզի դատարանը հետազոտի, նոր միջնորդության վերաբերյալ վերջնական լուծում տա։ Պարոն Շխիմյանի ներկայացրած միջնորդությունը դատարանը մերժեց։

Ես կարծում եմ՝ այս որոշումը իրավաչափ չէ, չի բխում օրենքից եւ մեր կողմից վկայակոչված նախադեպային որոշումներից։ Բայց դատավարությունը դեռեւս շարունակվում է եւ հետագա դատավարության մյուս փուլերում եւս բազմաթիվ հարցեր ունենք բարձրացնելու»,-Aravot.am-ին ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031