Լրահոս
Օրվա լրահոսը

Համբարձման տոն Գյումրիում` ժողովրդական ծեսերով ու զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ (Ֆոտոշարք)

Մայիս 28,2023 22:40

Գյումրու Վարդանանց հրապարակում գտնվող վերաբացված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում  տեղի ունեցավ «Գարնանային տոների ավարտ․ Համբարձում» խորագրով հանդիսությունը։ Այն  մատուցվեց ժողովրդական ծեսերով,  ազգային երգերով ու պարերով։

Հնչեցին գարնան զարթոնքի, հողի ու ցորենի փառաբանման երգեր, Գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից էլ ՝ Հովհաննես Շիրազի խոսքերով ու Վլադիլեն Բալյանի երաժշտությամբ գրված Գյումրու օրհներգը։

Հանդիսությունն անցկացվեց  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի շրջանակում։

Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը` Գյումրու Հայորդաց տան, Շիրակի պետական համալսարանի քոլեջի և Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու բաժանմունքի մասնակցությամբ։

Պաշտոնական հայտարարության մեջ նշված էր․ «Մեր նպատակն է՝ տոնահանդեսի մշակույթով վերագնահատել ազգային արժեքները, բացահայտել ժողովրդական ծեսերի ինքնատիպությունն ու գրավչությունը՝ ապահովելով նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագիծն ու ավանդական բնութագիրը»:

Համբարձման տոնը, որը նշվում է Զատիկից ուղիղ 40 օր հետո  ու խորհրդանշում է հարություն առնելուց հետո Քրիստոսի՝ քառասուն օր շարունակ  երկրի վրա շրջելն ու ապա համբարձվելը, Հայաստանում վերածվել է ժողովրդական տոնակատարության։

Հետաքրքիրն այն է, որ տարազներով պարերն ու երգերը կարճ ժամանակ անց եկեղեցու բակ բերեցին Գյումրու՝  մեծ թվով զբոսաշրջիկների։

Կազմակերպիչները, որոնք նպատակ ունեին ավանդական արժեքներ կրող Գյումրիում  պահպանել ու  հանրահռչակել հոգևոր մշակութային արժեքները, հասան իրենց նպատակին․  մարդիկ, հավաքվելով եկեղեցու բակում,  ամբողջ ընթացքում տեսանկարահանում էին գունեղ տեսարանը, իսկ զբոսաշրջիկները, հատկապես ռուսները,  հետաքրքրվում էին տոնի ծիսակարգերով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031