Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան․ «Անգամ խորհրդային տարիներին Հայաստանի եւ ոչ մի ղեկավարություն երբեք չի ասել՝ Արցախը մերը չէ կամ հայկական չէ»

Մայիս 28,2023 23:01

«Համախմբում» շարժման եւ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության 105-ամյակի առիթով  այսօր այցելեցին Սարդարապատ հուշահամալիր։

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը լրատվամիջոցներին ասաց․ «Մեզ պատուհասած այս անասելի դժվարությունների ժամանակահատվածում, երբ գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, պետք է հավուր պատշաճի նշենք հայոց ազգային տոնացույցի բոլոր տոները: Նրանց մեջ չքնաղագույնը, թերեւս, Առաջին Հանրապետության ստեղծման օրը՝ մայիսի 28-ն է, որը հիմք դարձավ հայոց արդեն 105-ամյա պետականության։

105 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհրդի ձեռամբ 600-ամյա ընդմիջումից հետո վերակերտվեց Հայոց Անկախ Պետականությունը։ Առաջին Հանրապետության հիմքի վրա ստեղծվեց Երկրորդ Հանրապետությունը, որն, իհարկե, անկախ պետականություն չէր, բայց պետականության կարեւոր ինստիտուտներ եւ ատրիբուտներ պահպանվեցին, որի հիմքի վրա էլ 1990 թվականի օգոստոսի 23-ի Հռչակագրով վերստեղծվեց Հայոց Անկախ Պետականությունը ի դեմս Երրորդ Հանրապետության։

Առաջին Հանրապետությունը ստեղծվեց  հայ ժողովրդի համար անասելի ծանր պայմաններում։ Պատերազմի, թուրքական մահաբեր, ավերիչ արշավանքների, սովի, ժանտախտի, գաղթականության պայմաններում հայ ժողովրդի լավագույն զավակներն ունեցան կամք եւ վճռականություն՝ այդ դժնդակ օրերին կերտելու Հայոց Անկախ Պետականությունը։

Անցել է 105  տարի։ Մինչեւ 2018 թվականը Հայաստանի երեք հանրապետությունների եւ ոչ մի ղեկավարություն երբեք չի ասել, որ Հայոց պետության կարեւոր առանցքներից մեկը՝ Արցախը, մերը չէ կամ հայկական չէ։ Մինչեւ 2018 թվականը Հայոց պետականության ողնաշար հանդիսանում էր Արցախը, հանդիսանում էր Սյունիքը։ Անգամ խորհրդային մամլիչ գաղափարախոսության տարիներին Հայաստանի բոլոր ղեկավարները պայքարել են Արցախի հայկականության  համար։

Եվ միայն այսօր է, որ մենք ունենք մի պատահական ղեկավարություն, որն Արցախի հարցն առանձնացնում է Հայկական Հարցից եւ մեր պետականության խարխլման, կազմաքանդման հիմքերն է դնում։ Աստված մի արասցե, եթե Արցախի Հանրապետությունը վերանում է,  մեր թշնամիները երկուսի փոխարեն պայքարելու են մեկ ճակատով։ Ու նրանց համար շատ ավելի հեշտ է լինելու հասնել իրենց բաղձալի նպատակին՝ Հայոց Պետականության կործանմանը։ Հայոց Պետականությունը պարզապես «պրեստիժի» համար չէ։ Նրա համար է, որպեսզի  հայ ժողովուրդը իր տեսակը, իր գոյությունը, խաղաղ զարգացումը իր պատմական հայրենիքում կարողանա ապահովել։ Հետեւապես, Հայոց պետականության պահպանման հարցում յուրաքանչյուր քաղաքացի մանուկից սկսած մինչեւ ալեհեր ծերունի ունի հանձնառություն։

«Համախմբում» շարժումը նախաձեռնել է մի գործընթաց, որով քրեականացվում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող պետական գործչի հայտարարությունը կամ այլ գործողությունը։ Քրեականացվում է նաեւ Ցեղասպանության իրողությունը ժխտող կամ նշանակությունը նսեմացնող հայտարարությունը կամ այլ գործողությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու 50 հազար ստորագրություն։

Այսօր լինելով այստեղ՝ մենք Առաջին Հանրապետության տոնի առիթով շնորհավորում ենք համայն հայությանը եւ կոչ անում գնալ գործնական քայլերի՝ իրականում ապահովելով Հայոց Անկախ Պետականության գոյությունը՝ Արցախի լինելիությամբ, ինքնորոշմամբ, անկախությամբ եւ Մայր Հայրենիքին վերամիավորվելու  հեռանկարով։

Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031