ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին։
-Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ հայաստանյան բուհերում ակադեմիական համայնքը հազվադեպ է համերաշխության ցույցեր կամ կոլեկտիվ աջակցություն ցուցաբերում քաղաքական ու այլ ճնշումների ենթարկված գործընկերոջը, դասախոսին: Սա ինստիտուցիոնալ վախի՞, կախվածությա՞ն, թե՞ ակադեմիական միջավայրում ձևավորված իներցիայի հետևանք է:
-Եվ մեկը, և մյուսը՝ միասին վերցված… Ակադեմիական համայնքն, իհարկե, զորավոր համայնք է, բայց կազմակերպված չէ… Մեծամասնության մեջ կան այդ դժգոհությունները, այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում: Մարդիկ հաշտ չեն այս անարդարությունների, և ընդհանուր առմամբ վարվող արտաքին քաղաքականության, անվտանգային քաղաքականության, արժեքային քաղաքականության, կրթական քաղաքականության, իրենց կոլեգաների՝ անհիմն ձևով ազատումների հետ: Բոլորի մոտ կա այդ դժգոհությունը, բայց քանի որ կազմակերպված չէ համայնքը նորմալ գործունակ արհմիության ձևով, մարդիկ չունեն հակազդեցության մեխանիզմ:
Յուրաքանչյուր ոք մտածում է, որ եթե ինքը բարձրաձայնեց, իրեն էլ են զրկելու և՛ հացից, և՛ առաքելությունից: Հատկապես այն մարդկանց խոսքն է արժեքավոր, որոնք իրենց աշխատանքը ոչ միայն դիտարկում են որպես հացի, այլև իրենց առաքելությունն իրականացնելու միջոց: Հայաստանը փոքր երկիր է, այնպես չի, որ մարդուն ըմբոստ կեցվածքի համար մի բուհից հանեն, կգնա մեկ այլ բուհ, այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնդիր կա իրենց առաքելությանը համապատասխան աշխատանք գտնելու: Բայց եթե լիներ կազմակերպված վիճակ, դիմադրությունը միաժամանակ լիներ, օրինակ՝ բոլոր ֆակուլտետներից հարյուրավոր դասախոսներ միանգամից ոտքի կանգնեին, արձագանքեին, այսպիսի բան չէր լինի, ու քանի դեռ այս կազմակերպվածությունը չկա, ցախավելի փայտերի սկզբունքով, բոլորին առանձին-առանձին կոտրատում են:
Կարդացեք նաև
-Դուք հաղթել եք դատարանում, և եթե հետադարձ հայացքով նայեք ամբողջ գործընթացին՝ դատարան, ռեսուրսների ու նյարդերի ծախս և այլն, ձեր կարծիքով արդյոք համակարգային առումով ինչ-որ բան կփոխվի՞ այս ամենից հետո, թե՞ սա պարզապես անհատական արդարության վերականգնում էր:
-Այս դեպքերը միայն անձերին չեն վերաբերում, այս ամեն ինչը հայտնի է դառնում բոլորին: Բոլորի մոտ այդ միտքը ձևավորվում է, ուսանողների մոտ էլ է ձևավորվում այն միտքը, որ իրենք վարձավճար են տալիս, որպեսզի որակյալ կրթություն ստանան, և իրենց այն դասախոսներին, որոնք իրենց որակյալ կրթություն են տալիս, անհիմն ազատում են, հետո այդ մարդիկ իրավացիորեն դիմում են դատարան, վերականգնում են, հարկադիր պարապուրդի համար ստանում են փոխհատուցումներ, բայց այդ փոխհատուցումները վճարում է ոչ թե ազատելու որոշում կայացնողն իր անձնական գրպանից, այլ ուսանողների վարձավճարից:
Մենք կարող է չզգանք այս դեպքերի անմիջական ազդեցությունը, բայց իրենք մտնում են կոլեկտիվ գիտակցության մեջ, սերմնավորվում են և առնվազն ներքին քննարկումների տեղիք են տալիս: Այդ ներքին քննարկումները կարող են մի անգամ վերածվել արտաքին քննարկումների, ընդվզման դեպքերի, կարող է մի անգամ էլ ռեկտորին ինչ-որ մի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի ժամանակ մի ազատ մտածող ուսանողի կողմից այդ հարցն ուղղվի: Կարծում եմ, որ նման բաները որոշակի զսպող ազդեցություն կունենան՝ յուրաքանչյուր մարդու անհիմն ազատելու պարագայում մի քիչ ավելի երկար-բարակ մտածելու տեսանկյունից:
-Ձեր կարծիքով ուսանողների նոր սերունդը, որոնց դասավանդել եք, ինչպե՞ս է ընկալում քաղաքականապես ակտիվ դասախոսին: Արդյոք նրանք ոգեշնչվո՞ւմ են նման դասախոսների կեցվածքից, թե՞ նախընտրում են հեռու մնալ «խնդրահարույց» թեմաներից: Իհարկե, դուք միշտ շեշտել եք, որ քաղաքականություն չեք բերում լսարան, հարցս դրա մասին չէ:
-Ուսանողներն առնվազն հարգում են այդ դասախոսներին: Ես վերջին տարիների դասավանդման ու մեծ մասից ստացածս տպավորությունների հիման վրա եմ դա ասում: Իրենք ընդհանուր առմամբ հակված են ազատամտության: Իրենք նաև տեսնում են այն անարդարությունները, որոնք տեղի են ունենում, ու այն գաղափարական ճնշումը, որ վերևից ներքև տեսնում են, այսպես կոչված իրական Հայաստան և այլն, բնականաբար համաձայն չեն այդ ամենի հետ և ինչ-որ կերպ դիմադրում են: Հետևապես նրանց համակրանքն այն դասախոսների կողմն է լինում, որոնք ազատ ձևով ցուցադրում են իրենց հայացքներն ու գաղափարները:
Շատ ճիշտ եք ասում, երբեմն իրենց կեցվածքը բարձրաձայնելու համար իրենք ունեն որոշակի վախեր, զգուշավորություն, գնահատականի և այլի հետ կապված, բայց մենք՝ որպես հասարակագիտության ոլորտի մասնագետներ, գիտենք, որ էներգիան կուտակվում է հասարակության մեջ:
Ցավոք սրտի, մեր ուսանողները նաև իրենց մեջ հիասթափության շատ մեծ պաշար են կրում, որովհետև եթե ժամանակին այս իշխանության ներկայացուցիչները, նրանց հետ կապված շատ երիտասարդական կազմակերպություններ ակտիվորեն քննարկում էին նախորդ ժամանակների բարքերը, հիմա հակառակն են անում՝ էլ ավելի աղաղակող ձևով:
Օրինակ, ԵՊՀ ռեկտորի լիազորությունների ավարտից 4 ամիս առաջ ընտրություն հայտարարելը անհեթեթություն է, կանոնադրության խախտում: Ուսանողներն ընդհանուր առմամբ հիասթափվում են այս ամենից: Այդ հիասթափությունը սկզբում կարող է անտարբերություն առաջացնել, բայց հետո փոխակերպվել, անգամ կարող է նաև ցասում դառնալ…
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հովհաննես Հովհանիսյանը ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն, ինչո՞ւ այլ թեկնածություններ չկան, արդյոք մարդիկ վախենում են, որ իշխանությունները միևնույն է կանցկացնեն իրենց թեկնածուին:
-Իհարկե, այդ հանգամանքը կա, որ մարդիկ չեն հավատում, որ եթե իշխանությունն ինչ-որ մեկին ուզում է կարգել ռեկտոր, ապա մրցակցությամբ հնարավոր է հաղթել: Բայց կարող էին մարդիկ գտնվել, որոնք կգային ու կմասնակցեին ընտրական գործընթացին և ցույց կտային դրա դատարկ լինելը, կարող էին շատ սուր քննադատությամբ հանդես գալ: Դրա համար էլ այդ աղմուկից, այդ ամեն ինչից խուսափելու համար հոգաբարձուների խորհուրդը արձակուրդային շրջանում հայտարարում է մրցութային ընտրություն, որպեսզի այլ թեկնածուներ հնարավորություն չունենան ժամանակին փաստաթղթեր հավաքելու և դիմելու ռեկտորի թափուր պաշտոնի համար: Իրենց ապահովագրել են լրացուցիչ աղմուկից, բայց դրանով իսկ հարված են հասցրել ԵՊՀ-ի հեղինակությանը: Իմ համոզմամբ, սա միտումնավոր է արվում, որպեսզի հետո համալսարանը քանդելը շատ ավելի հեշտ լինի: Երբ ուզում ես քանդել մի բան, հասցրու հարված դրա հանրային ընկալմանը, հեղինակությանը, հետո ավելի հեշտ կկարողանաս դա քանդել:
-Ձեր կարծիքով, որտե՞ղ է ավարտվում ակադեմիական անաչառությունը և սկսվում քաղաքական ակտիվիզմը: Խնդրում եմ այս բախման մասին խոսել, որ բուհական համակարգում, որտեղ այլախոհ դասախոսներին, գիտնականներին կարող են ճնշումների ենթարկել քաղաքական հայացքների համար, բայց միևնույն ժամանակ իշխանությունների յուրայինները կարող են հրապարակայնորեն պաշտպանել իշխող ուժին, գրառումներ հավանել սոցցանցերում, կիսվել դրանցով:
-Գոյություն ունի արդարության ընկալման օբյեկտիվ չափանիշ, դա հենց Կանտի ձևակերպած բարոյական իմպերատիվն է, երբ անկախ նրանից, թե տվյալ չափանիշը ով ոնց կմեկնաբանի, բոլորի սրտում, բոլորի մոտ այդ արդարության չափանիշը կա: Բոլոր ժամանակներում էլ նորմալ է եղել, որ բուհերը լինեն ազատամտության օջախներ, որտեղ լինեն մարդիկ, որոնք կունենան տարբեր հայացքներ, տարբեր կարծիքներ: Միշտ էլ, ցավոք սրտի, եղել են նաև արտաքին ազդեցություններ, ճնշումներ; Բայց միշտ էլ գոյություն է ունեցել կարմիր գծերի սահման, որը հիմա, ցավոք սրտի, տրորվում է: Այդպիսի բան մեկ էլ եղել է խորհրդային 30-ականների բռնաճնշումների տարիներին, իսկ 50-ականներին էլ չի եղել, 60-ականներին էլ չի եղել, 70-80-ականներին էլ չի եղել նման բան…
Եթե քո առարկայի ծրագրի շրջանակում քո առջև դրված խնդիրները որպես դասախոս չես կատարում, փոխարենը քո լսարանն օգտագործում ես քարոզի համար, դա անընդունելի է: Հիմա գանք իմ, Ռուբեն Մելիքյանի, Ալեն Ղևոնդյանի, Խաչիկ Գալստյանի, Գագիկ Ղազինյանի և մյուսների դեպքերին: Մենք այդ բանը չենք արել: Մեզանից ոմանք իրենց դիրքորոշումներն արտահայտել են, իրենց գործունեությունը տարբեր կերպ ծավալել են: Քանի որ հիմա սոցցանցերի ժամանակաշրջան է, մեր ուսանողները տեսել են մեր՝ լսարանից դուրս գործունեությունը, նրանք մեզ հետևում են, ու մենք այլևս կարիք չունենք այդ ամենը լսարան բերելու: Ընդհակառակը, եթե լսարանում մեր գործը որպես մասնագետ լավ չանենք, մեր ուսանողները մեզ չեն էլ հետևի: Եթե անորակ կրթություն տանք իրենց, մեզ հարգանքով չեն վերաբերվի, չեն հետևի մեզ: Ինչպես արդեն նշեցի, մենք այդ սահմանը մենք միշտ պահպանել ենք…
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































