Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Ֆիզմաթ դպրոցը՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի թոփ տասնյակում

Հունիս 15,2023 14:52

Dasaran կրթական ծրագիրը այսօր հաղորդագրություն է տարածել.

«Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝  ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի։ World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրեց համաշխարհային World’s Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։


Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։  Հաղթող դպրոցների անունները կհրապարակվեն ս․թ հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 50,000 դրամական պարգև։

Հավատացած ենք, որ մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի։ Յուրաքանչյուր տարի մրցույթի թոփ 10 հաղթող դպրոցներ են այցելում, և լուսաբանում դպրոցի հաղթանակը երկրի առաջին դեմքերը՝  Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլք։ Այս ամենը լուսաբանվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի լրատվականների կողմից, ինչպիսիք են՝ BBC-ին (անգլ.՝ British Broadcasting Corporation), բրիտանական The Independent-ը, TES-ը, FOX-ը, Yahoo-ն և այլն»։

Հ.Գ. – «Առավոտի» կողմից ավելացնենք, որ World’s Best School  Prizes-ը հիմնադրվել է 2022 թվականին՝ T4 կազմակերպության կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում: Մրցանակաբաշխությունը հիմնվել է՝ Covid-ի արդյունքում տուժած հանրակրթությանն օգտակար լինելու մղումներով:

 World’s Best School Prizes-ը աշխարհի լավագույն դպրոցներ է ընտրում հինգ տարբեր անվանակարգերում՝ «Առողջ կյանքի խրախուսում», «Համայնքային համագործակցություն», «Դժվարությունների հաղթահարում», «Նորարարություն», «Բնապահպանական շարժում»: Այս հինգ անվանակարգերից յուրաքանչյուրին դիմած դպրոցներից ընտրվում է տաս հավակնորդ դպրոց: Սեպտեմբերին յուրաքանչյուր տասի միջից կընտրվեն վերջնափուլ անցած երեքը, իսկ հոկտեմբեր ամսին կկայանա վերջնական մրցանակաբաշխությունը, եւ կընտրվեն լավագույն հինգ դպրոցները՝ յուրաքանչյուր անվանակարգերից մեկում: Մեր Ֆիզմաթ դպրոցը հայտնվել է «Դժվարությունների հաղթահարում» անվանակարգի տասնյակում: Մրցանակային ֆոնդը՝ 250 հազար դոլարը կբաժանվի հինգ հաղթողների մեջ:

Մաղթենք Ֆիզմաթ դպրոցին հաղթանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930