Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

PISA-ն մեզ ոչ թե ասում է՝ ո՞վ է մեղավոր։ Այն ցույց է տալիս՝ որտեղի՞ց պետք է սկսել

Սեպտեմբեր 14,2026 11:25 Share

Մեկնաբանում է կրթության փորձագետ, «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Օրերս հրապարակվեցին PISA միջազգային հետազոտության արդյունքները, որին Հայաստանը նույնպես մասնակցել էր։ Եվ թվերը, անկեղծ ասած, մտածելու շատ լուրջ առիթ են տալիս։ Բայց նախ եկեք հասկանանք՝ ի՞նչ է PISA-ն իրականում չափում։

Պատկերացրեք երկու երեխայի։ Երկուսն էլ գիտեն տոկոս հաշվելու բանաձևը։ Բայց նրանց ասում են՝ խանութում մի ապրանքի վրա գրված է՝ 20% զեղչ, մյուսի վրա՝ սկզբում 10%, հետո ևս 10%։ Ո՞ր տարբերակն է ավելի շահավետ։

Այստեղ արդեն հարցը միայն այն չէ՝ երեխան հիշո՞ւմ է բանաձևը։ Հարցն այն է՝ կարողանո՞ւմ է իր գիտելիքը կիրառել իրական իրավիճակում։

Հենց սա է PISA-ի հիմնական գաղափարը։ Այն չի փորձում պարզել՝ որքան լավ է երեխան անգիր արել դասագիրքը։

Այն փորձում է հասկանալ՝ 15 տարեկանում երեխան կարո՞ղ է կարդալ տեքստը և հասկանալ հիմնական միտքը, տարբերել փաստը կարծիքից, վերլուծել տվյալները, մաթեմատիկան կիրառել իրական խնդրի լուծման համար, գիտական տեղեկության մեջ տարբերել ապացույցը ենթադրությունից։

Այլ կերպ ասած՝ PISA-ն տալիս է մի շատ պարզ, բայց կարևոր հարց.

Դպրոցում սովորածը երեխան կարո՞ղ է օգտագործել դպրոցից դուրս։

Եվ այստեղ Հայաստանի արդյունքները մտահոգիչ են։

Մաթեմատիկայից մեր 15-ամյա աշակերտների միայն 28 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, երբ կարողանում է գիտելիքը կիրառել պարզ իրավիճակներում։ Բնագիտությունից՝ նույնպես 28 տոկոսը, իսկ ընթերցանությունից՝ ընդամենը 19 տոկոսը։

Սակայն,  ես շատ չէի ցանկանա, որ այս թվերից մենք անենք ամենահեշտ եզրակացությունը՝ «մեր երեխաները վատ գիտեն մաթեմատիկա» կամ «մեր երեխաները վատ են սովորում»։

Խնդիրը շատ ավելի խորն է։ Հնարավոր է՝ երեխան գիտի բանաձևը, բայց դժվարանում է հասկանալ՝ որտեղ և ինչու այն կիրառել։ Կարդում է տեքստը, բայց դժվարանում է առանձնացնել հիմնական միտքը։ Գիտի գիտական փաստը, բայց դժվարանում է գնահատել՝ ներկայացված պնդումն իսկապե՞ս ապացուցված է տվյալներով։

Եվ սա արդեն մեզ՝ մեծահասակներիս, շատ կարևոր հարց է տալիս։ Մենք երեխաներին սովորեցնում ենք իմանալ, թե՞ մտածել։

Եթե երեխան հինգ տարի սովորում է մաթեմատիկա, բայց խանութում չի կարողանում հասկանալ զեղչը, մենք խնդիրը չենք լուծել։ Եթե երեխան տարիներ շարունակ կարդում է, բայց սոցիալական ցանցում չի կարողանում տարբերել փաստը կարծիքից կամ վստահելի աղբյուրը՝ կեղծից, մենք խնդիրը չենք լուծել։ Եթե երեխան բնագիտությունից բարձր գնահատական ունի, բայց չի կարողանում տվյալների հիման վրա պարզ եզրակացություն անել, նորից խնդիրը չենք լուծել։

Եվ հենց այստեղ, կարծում եմ, PISA-ի արդյունքը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ ուղղություն ցույց տա։

Մենք պետք է աստիճանաբար անցնենք «սովորիր այս բանաձևը» մոտեցումից դեպի՝ «արի հասկանանք՝ որտեղ է սա պետք քեզ»։

«Կարդա և պատմիր» մոտեցումից դեպի՝ «կարդա, մտածիր, հարց տուր, համեմատի՛ր աղբյուրները և ձևավորիր քո եզրակացությունը»։ Եվ «գտիր ճիշտ պատասխանը» մոտեցումից դեպի՝ «բացատրի՛ր՝ ինչպես հասար այդ պատասխանին»։

Այստեղ է նաև ուսուցչի դերի ամենակարևոր փոփոխությունը։

Այսօր, երբ ցանկացած փաստ երեխային հասանելի է մի քանի վայրկյանում, իսկ արհեստական բանականությունը կարող է նույնիսկ պատրաստ պատասխան տալ, ուսուցչի ամենամեծ արժեքն այլևս պարզապես պատասխանը տալը չէ։ Ուսուցչի իրական ուժը երեխային մտածել սովորեցնելն է։

Եվ կա ևս մեկ կարևոր բան։

PISA-ի տվյալներում մեր երեխաները ցույց են տալիս, որ կապված են իրենց դպրոցին, մեծ մասը զգում է ուսուցչի աջակցությունը, կարողանում է նպատակներ սահմանել և հարմարվել փոփոխություններին։

Այսինքն՝ հիմքը կա։

Մենք ունենք երեխաներ, որոնք կարող են։
Մենք ունենք ուսուցիչներ, որոնց աջակցությունը երեխաները զգում են։
Հիմա պետք է փոխենք այն, թե ինչպես ենք սովորեցնում սովորածը կիրառել։

Եվ գուցե PISA-ի այս առաջին արդյունքի ամենամեծ արժեքը հենց սա է։ Այն մեզ ոչ թե ասում է՝ ով է մեղավոր։ Այն մեզ ցույց է տալիս՝ որտեղից պետք է սկսել։

Որովհետև կրթության վերջնական նպատակը երբեք չպետք է լինի այն, որ երեխան պարզապես ճիշտ պատասխանի քննության հարցին։

Կրթության նպատակը պետք է լինի, որ երբ իրական կյանքն է նրան հարց տալիս՝ նա կարողանա մտածել և գտնել պատասխանը։

Եվ եթե հարցնեք՝ լավ, իսկ ի՞նչ կարող ենք անել հենց հիմա, ես կառանձնացնեի մի քանի շատգործնական փոփոխություն։ Առաջինը՝ ավելի հաճախ երեխային տալ ոչ թե հիշելու, այլ մտածելու հարցեր։

Դասի վերջում միայն մի հարցրեք՝ «Ո՞րն է ճիշտ պատասխանը»։ Հարցրեք նաև՝ «Ինչո՞ւ ես այդպես կարծում», «Ինչպե՞ս հասար այդ պատասխանին», «Կարո՞ղ ես մեկ այլ ճանապարհով լուծել»։

Երբ երեխան ստիպված է բացատրել իր մտածողությունը, մենք արդեն ստուգում ենք ոչ միայն՝ գիտի՞, այլ՝ հասկանո՞ւմ է։

Երկրորդը՝ գիտելիքը հնարավորինս հաճախ կապել իրական կյանքի հետ։

Տոկոսներն անցնո՞ւմ եք։ Քննարկեք վարկ, զեղչ, ավանդ կամ ընտանեկան բյուջե։

Վիճակագրությո՞ւն եք անցնում։ Վերցրեք իրական գրաֆիկ և հարցրեք՝ ի՞նչ է այն իրականում ասում, և ի՞նչ եզրակացություն չի կարելի անել այդ տվյալներից։

Ընթերցանությո՞ւն եք սովորեցնում։ Երեխային միայն մի հարցրեք՝ «Ի՞նչ էր ուզում ասել հեղինակը»։ Տվեք երկու տարբեր աղբյուր և հարցրեք՝ ո՞րն է ավելի վստահելի և ինչո՞ւ։

Բնագիտությո՞ւն եք անցնում։ Պատրաստի փաստը տալուց առաջ հարցրեք՝ «Ի՞նչ ապացույց է պետք մեզ, որպեսզի համոզվենք, որ այս պնդումը ճիշտ է»։

Երրորդը՝ սխալ պատասխանը չդիտարկել որպես զրոյական արդյունք։

Երբ երեխան սխալվում է, շատ կարևոր է հարցնել նրան՝ «Ինչպե՞ս մտածեցիր»։

Որովհետև երբեմն սխալ պատասխանի հետևում կա ճիշտ տրամաբանության կեսը։ Իսկ ուսուցչի աշխատանքը միայն սխալը նշելը չէ, այլ հասկանալը՝ որտե՞ղ շեղվեց երեխայի մտածողությունը։

Չորրորդը՝ երեխաներին սովորեցնել աշխատել անծանոթ խնդրի հետ։

Իրական կյանքում խնդիրները դասագրքի վերջում չեն գալիս՝ կողքին գրված, թե որ բանաձևը պետք է օգտագործել։

Հետևաբար երբեմն երեխային պետք է տալ այնպիսի խնդիր, որի լուծման ճանապարհը նախապես ակնհայտ չէ։

Թող նա փորձի։
Թող սխալվի։
Թող համեմատի տարբեր ճանապարհներ։
Թող բացատրի իր ընտրությունը։

Հենց այստեղ է ձևավորվում այն կարողությունը, որը PISA-ն փորձում է չափել՝ գիտելիքը նոր իրավիճակում կիրառելու կարողությունը։

Եվ հինգերորդը՝ այս ամենը չթողնել միայն ուսուցչի ուսերին։

Ծնողը նույնպես կարող է զարգացնել երեխայի մտածողությունը՝ առանց լրացուցիչ դաս անցկացնելու։ Խանութում կարելի է հարցնել՝ «Այս երկու առաջարկներից ո՞րն է իրականում ավելի շահավետ»։ Նորություն կարդալիս՝ «Ինչպե՞ս կարող ենք ստուգել՝ սա ճի՞շտ է»։

Որևէ որոշում ընդունելիս՝ «Ի՞նչ տվյալներ են մեզ պետք ճիշտ ընտրություն կատարելու համար»։

Այս փոքր հարցերը կարող են շատ ավելի արժեքավոր լինել, քան ևս տասը անգիր արված պատասխանները։

Եվ եթե այս ամենը մեկ սկզբունքի մեջ ամփոփենք, այն շատ պարզ է.

քիչ հարցնենք՝ «Ի՞նչ գիտես», և ավելի հաճախ հարցնենք՝ «Ի՞նչ կարող ես անել քո իմացածով»։

Հենց այստեղ, կարծում եմ, պետք է սկսվի PISA-ի արդյունքների շուրջ մեր իրական քննարկումը։

Ոչ թե՝ ո՞վ է մեղավոր։

Այլ՝ ի՞նչ ենք փոխելու վաղվա դասարանում։

Որովհետև կրթության վերջնական նպատակը երբեք չպետք է լինի այն, որ երեխան պարզապես ճիշտ պատասխանի քննության հարցին։

Կրթության նպատակը պետք է լինի, որ երբ իրական կյանքն է նրան հարց տալիս՝ նա կարողանա մտածել, ընտրություն կատարել և գտնել պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել