Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ նրանից՝ ինչ աթոռի վրա նստեք ու մուրճ բռնեք, Դուք դատավոր չեք դառնա․ Դավիթ Հարությունյան

Հուլիս 12,2023 10:21

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ԲԴԽ–ի կողմից լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ գործընկերներ, փաստաբաններ, ընկերներ, ցանկանում եմ հրապարակել կիսատ գրված եզրափակիչ ելույթս՝ նաև օրվան վերաբերելի մի հատվածով, որը այդպես էլ հնարավորություն չունեցա արտաբերել ԲԴԽ-ում.
(…)
Հարգելի´ ընկերներ, հարգարժան փաստաբաններ, դրսում, հեռվում, հաղորդագրություններով ու զանգերով, վիրտուալ տիրույթում քաջալերման խոսքեր հնչեցնող մեր համայնքի ներկայացուցիչներ՝ գործընկերներ, փաստաբաններ, դատախազներ ու քննիչներ, անծանոթներ:
(…)
Նախ և առաջ ուզում եմ դիմել փաստաբաններին.

Ի սկզբանե մտածում էի ներկայանալ ու իմ իրավունքները պաշտպանել անձամբ, սակայն բախվեցի այնպիսի իրավիճակի, որ նույնիսկ մտքովս չէր անցնում, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, չէի տեսել թե՛ 20 ամյա պրակտիկայիս ընթացքում, թե՛ ԲԴԽ մյուս դռնբաց դատական նիստերին հետևելիս, թե՛ ֆիլմերում: Հարկադրված գնացի փաստաբաններին դիմելու քայլին, քանի որ պարզ դարձավ, որ դատավարական հակառակորդը ոչ միայն դիմացը գտնվող նիստերից ու ճշմարտությունից ամեն կերպ խուսանավող նախարարի ներկայացուցիչներն են ու ԲԴԽ նախագահն է, այլ միայն ԲԴԽ նախագահն է, ով չի ենթարկվում որևէ կանոնի, սկզբունքի, առաջնորդվում է իր սահմանած ճաշակով ու կամայականություններով, ինչը ևս ժամերի կամ օրերի ընթացքում փոխում է:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել փաստաբաններին՝ թե՛ անհատապես, թե՛ խմբին, թե՛ հատկապես նաև նրանց, ովքեր տեղում պատրաստակամ էին ստանձնել շահերիս պաշտպանությունը: Դուք Ձեր համայնքի լավագույն ներկայացուցիչներն եք: Թեև ձեզ հետ առնչությունը, ծանոթությունը եղել է հիմնականում գործի բերումով, սակայն ձեր հիմնական շարժառիթը համոզված եմ անձի իրավունքների, տվյալ դեպքում նաև արդարադատության շահերի պաշտպանությունն է: Ի թիվս այլ հարգարժան փաստաբանների, ովքեր ցանկություն էին հայտնել պաշտպանել անձի՝ դատավորի իրավունքները հենց շենքի մոտ գտնվելու պայմաններում առանց նախնական համաձայնության ու առանց վարանելու միացան, ինձ անելիք չթողեցին՝ ենթականերին առաջ մղած ու սեփական ստորագրությունները ներկայացնելու համարձակությունից զուրկ նախարարի՝ ԲԴԽ նախագահի հետ համահեղինակած մեղադրանքի դատարկությունը, անօրինականություններն ու դատավարական սխալների շտեմարանը ամեն վայրկյանին արձանագրելու և ի ցույց դնելու համար: (…)

Հետագայում, երբ դատավոր գործընկերներս կբախվեն նման իրավիճակների, ընկերաբար խորհուրդ եմ տալիս ի սկզբանե դիմել փաստաբանների օգնությանը, նույնիսկ եթե բազմամյա պրոֆեսիոնալ եք, ձեր անձին վերաբերող հարցերով, էլ չեմ ասում նման դատավարություններում, փաստաբանի մասնակցությունը պարտադիր է: Իսկ փաստաբաններին էլ խնդրում եմ նույն կերպ աջակցել ցանկացած դատավորի, ով հայտնվել է նման իրավիճակում:

Ցանկանում եմ նաև ընդգծել, փաստաբանների օգնությանը դիմելու օրը կայացրեցի ամենաբարդ որոշումներից մեկը, շենքում գտնվող հրաշալի փաստաբաններից հարկադրաբար ընտրելով ներկա գտնվողներից մի քանիսին. ընտրության ու քննարկելու հնարավորությունը չտրվեց։ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել թույլատրել միայն ներգրավվել այն փաստաբաններին, ովքեր հենց այդ պահին տեղում են և գործին ծանոթանալու, նիստը հետաձգելու միջնորդություն չեն ներկայացնելու: Փաստաբանները, չունենալով պատրաստվելու նվազագույն հնարավորություններ, որոնք չէին ընձեռվում Կարեն Անդրեասյանի կողմից, քանի որ նաև որևէ ողջամիտ ժամանակ չէր տրամադրվում, նյութերին ծանոթանալու, միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը սահմանափակվում էին, նիստերը նշանակվում էին աշխատանքային ժամի սկզբին, ավարտվում աշխատանքային ժամի ավարտին ու էլի սկսվում հաջորդ օրն առավոտյան: Նրանք կարևոր աշխատանքային ու անձնական գործերի հաշվին ընդհուպ մինչև լուսադեմ իմ փոխարեն հերթափոխով պատրաստում էին պաշտպանությունը: Առկա պայմաններում փորձեցին իրականացնել այնպիսի պաշտպանություն, ինչին որևէ կերպ անձամբ չէի կարող իրականացնել նույնիսկ երկարատև ժամանակահատվածի ընթացքում:
(…)
Հարգելի լրագրողներ, օպերատորներ, ովքեր անձրևի կամ կիզիչ արևի տակ առանց պայմանների, ինչպես նաև խմբագրություններում ակնդետ հետևում ու լուսաբանում էին այս գործընթացը, երախտապարտ եմ Ձեզ անհատապես և ընդհանրապես:
Դատական իշխանության ամենամոտ բարեկամը չորրորդ իշխանությունն է:
Դռնփակ դատական նիստի պայմաններում շենքից դուրս գալիս և որևէ լրագրողի տեսնելը, անարդարության մասին բարձրաձայնելու հնարավորությունը լրացուցիչ թթվածնի պես էներգիայի աղբյուր է:
(…)
ԲԴԽ նախագահին,
Պարոն Անդրեասյան, Ձեզ ասելու շատ բան չունեմ, (…) Այս գործը Ձեր մասին էր.
Դուք չէիք կարող լինել դատավոր, էլ ուր՝ Ձեր գործով դատավոր “Nemo judex in causa sua”: Տակտիկապես, երևի, զուտ ձեր նեղ շահերի տեսանկյունից «արդարացված էր» փակ դռների հետևում «դատաքննությունն» իրականացնելու նախարարի հետ ընդունած համատեղ որոշումը: (…)
Դուք լուրջ խնդիրներ ունեք: Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ լուրջ խնդիրներ ունեք օրենքի հետ և հետևանքները վրա են հասնելու ժամանակի ընթացքում: Ձեր խնդիրները նոր չեն սկսվել, և երևույթի նկատմամբ ինձ մոտ միայն կարեկցանքի զգացում է առաջանում: Անկախ ինչ գույնի պատմուճան հանգեք, անկախ նրանից ինչ աթոռի վրա նստեք ու մուրճ բռնեք, Դուք դատավոր չեք դառնա, բայց նույնիսկ այդ պայմաններում ես չեմ ցանկանա, որ Ձեր գործով դատավորը Ձեր նմանը լինի:
(…)
Այսօր ԲԴԽ շենքի դիմաց հորդառատ անձրևի պայմաններում, ըստ ինձ, դատարանների դեմ ապօրինի ոտնձգության անթույլատրելիության գաղափարի շուրջ միավորված, հավաքված անձանց, կազմակերպիչներին` հատկապես Հարություն Հարությունյանին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և կնշեմ, որ իմ կարծիքով, հրաժարական պարտավոր է տալ առաքելությանը մոտ չգտնվող ԲԴԽ անդամներից մի քանիսը, իսկ Կարեն Անդրեասյանը ենթակա է պատասխանատվության:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ամփոփել լեհ դատավոր Իգոր Տուլեյայի խոսքերով.
«Ցավոք ամենը հակառակ ուղղությամբ է ընթանում, դրա համար էլ կարծում եմ, որ դատավորներս, որպես արժեհամակարգերի պաշտպաններ, պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր առաքելությունը: Դատավորները չեն պաշտպանում առանձին մարդկանց և պաշտոններ, պարտավոր ենք հասարակական կյանքում առավել ակտիվ դեր ստանձնել, մենք պետք է մասնակցենք դատարանների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Առաջինը, դա սոլիդարության նշան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավանում, փայփայում են նույն արժեհամակարգը, իսկ երկրորդը դա ապացուցում է, որ մենք ոչ թե պաշտոնի, այլ արժեհամակարգի պաշտպանության կռիվ ենք մղում, իսկ կյանքում առավել կարևոր բաներ կան, քան դատավորի պաշտոնը և պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքներին տուրք տալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31