Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ինքնաբացարկ հայտնելը դատարանի կողմից օբյեկտիվորեն ճիշտ եւ հիմնավոր որոշում է եղել». Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորը ԲԴԽ-ին

Նոյեմբեր 16,2026 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարարությունը, ի դեմս Սրբուհի Գալյանի, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի դեմ եւ այն ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։

ԲԴԽ-ում նախարար Սրբուհի Գալյանի հանձնարարությամբ նախարարությունը ներկայացնում եւ լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականություններն իրականացնում էր նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը։

Կարգապահական պատասխանատվության կանչելու պահանջներ են ներկայացվել այն բանից հետո, երբ դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականներին առնչվող աղմկահարույց գործը։

Դատավոր Հակոբ Մանուկյանն իր ինքնաբացարկը հիմնավորել էր նրանով, որ ինքը նախկինում եղել է փաստաբան եւ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որը դատարանում ներկայացնում է հոգեւորականների շահերը։ Այս փաստի մեջ դատավորը տեսել էր շահերի բախում։

Այսօր ԲԴԽ-ում միջնորդությունը ներկայացրեց ԱՆ վերահսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Շուքուրյանը։ Վարույթի հիմքում դրվել է այն, որ դատավոր Հակոբ Մանուկյանի կայացրած ինքնաբացարկ հայտնելու որոշումը քր. օր. մի քանի հոդվածներով դատավորի վարքագծի կանոնների խախտում է։

«Լիազոր մարմնի գնահատմամբ՝ դատավորը, հիմնվելով գործով իրավակարգավորումներից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչը անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել որպես դատավորի կողմից արդարադատության իրականացումից խուսափում, եւ դա օբյեկտիվորեն նվազեցրել է դատական իշխանության անկախության եւ անաչառության նկատմամբ հանրության վստահությունը»,- ընթերցեց նախարարության ներկայացուցիչը եւ, հիմք ընդունելով վերագրյալը, խնդրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։

Դատավոր Հակոբ Մանուկյանը իր իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու նպատակով լիազոր մարմնի ներկայացուցչին ուղղեց հարցեր։ Օրինակ՝ որ ԲԴԽ-ին ներկայացված տեղեկատվությունը հիմնված է սոսկ ենթադրության վրա, եւ այն, ըստ էության, սխալ տեղեկատվություն է։ Խոսքը փաստաբանի վկայականն Արա Զոհրաբյանից ստանալու եւ նրա հետ լուսանկարի մասին է, որտեղ Հակոբ Մանուկյանը ավարտական համազգեստով է, ինչը լիազոր մարմնի ենթադրությամբ կարող էր արարողակարգային բնույթ ունենալ։

Միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելիս դատավոր Հակոբ Մանուկյանն առանձին-առանձին անդրադարձավ միջնորդությամբ ներկայացված հանգամանքներից յուրաքանչյուրին, նշեց, որ դրանք անհիմն են եւ ենթակա են մերժման։ Նրա համոզմամբ՝ իր կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխան, մասնավորապես՝ որ տվյալ որոշումը կայացվել է բավարար իրավական հիմքով, մասնավորապես՝ քրդատ. օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով։

Հակոբ Մանուկյանը ներկայացրեց օրենքի պահանջներից բխող ինքնաբացարկ հայտնելու իր որոշումը հիմնավորող այլ հանգամանքներ եւս։ «Օբյեկտիվորեն եղել է ոչ միայն ինքնաբացարկ հայտնելու իմ կողմից 07.08.2026 թվականի որոշմամբ նշված հիմքը, այլ նաեւ մի շարք հանգամանքներ եւս, որոնք, կարծում եմ, նույնպես անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել իմ անաչառության մեջ։

Այսպիսով, օբյեկտիվորեն եղել է ոչ միայն ինքնաբացարկ հայտնելու իմ կողմից 07.08.2026 թվականի որոշմամբ նշված հիմքը, այլ նաեւ մի շարք հանգամանքներ եւս, որոնք, կարծում եմ, նույնպես ինքնաբացարկ հայտնելու հիմքեր են։ Նման պայմաններում սույն գործով իմ ինքնաբացարկ հայտնելը դատարանի կողմից օբյեկտիվորեն ճիշտ եւ հիմնավոր որոշում է եղել։ Իմ կողմից կայացված որոշմամբ է երաշխավորվել դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը եւ անկողմնակալությունը։ Հետեւաբար, նշված հիմնավորումների եւ պատճառաբանությունների լույսի ներքո ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց դատավորը։

Հակոբ Մանուկյանն իր հերթին պատասխանեց ԱՆ լիազոր ներկայացուցիչների եւ ԲԴԽ դատավորների հարցերին։

ԲԴ խորհուրդը հարցերն սպառվելուց հետո կողմերի համաձայնությամբ ապացույցները համարեց հետազոտված, քննությունը՝ ավարտված եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին, ժամը 11։00-ին, նույն վայրում։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել