Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանճար, իսկական երեւանցի, ազգի սերուցք». Ռուբեն Հախվերդյանին փոխարինեց Խզմալյանը. Ովքեր են Խզմալյանի ընտրացուցակում

Օգոստոս 11,2023 19:39

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջին հայտը ներկայացրել էր Հայաստանի Եվրոպական կուսակցությունը:

Այսօր հրապարակվել է կուսակցության նախընտրական ցուցակը, որն ուշագրավ փոփոխություններ է կրել վերջին շրջանում:

Բանն այն է, որ դեռեւս 2022-ի սեպտեմբերից կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ էր անում այն մասին, որ «Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը»: Ավելին՝ գրառման մեջ Ռուբեն Հախվերդյանին ու նրան քաղաքապետի թեկնածու առաջադրելը բացատրում էր հետեւյալ կերպ. «Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երեւանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»:

Հետո Տիգրան Խզմալյանը մամուլում հայտարարեց, որ ընտրություններին մենակ չեն գնա, դաշինք կկազմեն Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ եւ իրենց միասնական թեկնածուն կլինի սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Նա ArmLur.am-ին երեկ ասել էր․ «Մենք մինչև վերջերս աշխատում էինք դաշինք ստեղծելու ուղղությամբ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» հետ, սակայն, ցավոք սրտի նրանք չհասցրեցին վավերացնել կանոնադրությունը և դաշինք կազմել չստացվեց: Մենք մնում ենք միայնակ մեր առանձին ցուցակով»։ Տիգրան Խզմալյանն անգամ նշել էր, թե դեռ հստակ որոշված չէ, թե ով է գլխավորելու ցուցակը․ «Կարեն Սարգսյանը մեր դաշինքի ներկայացուցիչն էր, և քանի որ դաշինք չկայացավ, դեռ չունենք հստակ որոշված ներկայացուցիչ»։

Բայց ԿԸՀ ներկայացվեց ցուցակ, ըստ որի Խզմալյանն ինքն է կուսակցության քաղաքապետի թեկնածուն:

Հաջորդ նորությունն այն է, որ այս ցուցակով է առաջադրվել դերասան Հովհաննես Ազոյանը, որը ոչ վաղ անցյալում սատարում էր ՔՊ-ին: Նա հանգրվանել է Եվրոպական կուսակցության ցուցակի 4-րդ տեղում:

Aysor.am-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշել է, որ Հովհաննես Ազոյանը ցանկություն է հայտնել իրենց կուսակցությունով մասնակցել ընտրություններին. «Ցուցակի 30 տոկոսը կարող են լինել անկուսակցականներ, և նա նրանցից մեկն է: Մենք ծանոթ էինք իրար, և այդպես պայմանավորվեցինք»։

Երկրորդ տեղում է Արամ Գեւորգյանը, 3-րդում՝ Գեղեցիկ Նավասարդյանը, 5-րդ տեղում՝ Լեւոն Հունանյանը, 6-ում՝ Անահիտ Մկրտչյանը, 7-ում՝ Արսեն Զաքարյանը, 8-ում՝ Ռուբեն Շուխյանը, 9-ում՝ Մարիամ Մինասյանը եւ 10-րդ տեղում՝ Զոհրաբ Մենեդյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031