Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո խաղուպար չէ. մտքով անցավ նախագահ դառնալ, դարձավ, հետո էլ խելքին փչեց պաշտոնը թողնել, դիմում գրեց ու գնաց»

Սեպտեմբեր 04,2023 15:00

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

-Սոթքում լարված իրավիճակ է, հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավոր։ Ի՞նչ եք կարծում՝ սա ադրբեջանական հերթական սադրա՞նքն է, թե՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ եք տեսնում։

-44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանների երկայնքով ադրբեջանական ռազմական սադրանքների ու առանձին տարածքներ օկուպացնելու մարտավարության փոփոխության նախանշանները բացակայում են, ու ես չեմ կարծում, որ հենց այժմ Բաքուն կգնա նոր լայնածավալ պատերազմի։ Ճակատային գծում բախումներ հրահրելը Հայաստանի, Արցախի ներքին կյանքի, նրանց փոխհարաբերությունների վրա բացասական աղդեցություն գործելու, հասարակություններն ընկճելու փորձված միջոց է, որը պարբերաբար գործի է դրվում։

-ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ ԱԺ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախում կատարվողը եւ հետագա զարգացումները: Արայիկ Հարությունյանի քայլը շատերը պետական դավաճանությանը հավասարազոր են համարում։ Այս հրաժարականի պատճառը Արցախում քաղաքական ուժերի ճնշո՞ւմն է, թե՝ այլ հարց կա։

-Արայիկ Հարությունյանն ինքը պարտավոր է հոդաբաշխ, հիմնավոր բացատրությունը հրապարակավ տալ իրեն ընտրած համաքաղաքացիներին, թե ինչու է լքում երեք տարի առաջ իր համար ցանկալի եղած պաշտոնը։ Հո խաղուպար չէ՝ մտքով անցավ նախագահ դառնալ՝ դարձավ, հետո էլ խելքին փչեց պաշտոնը թողնել՝ դիմում գրեց ու գնաց։ Դա անձնապես իր պատասխանատվության տիրույթն է եւ իր իսկ պարտականությունն է պարզաբանել հեռանալու պատճառները, մանավանդ, որ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում տեղի են ունեցել աննախադեպ ռազմական ու քաղաքական ձախողումներ, որոնց ինքն, առնվազն, անմասն չի եղել։

-Վտանգ տեսնո՞ւմ եք, որ Արցախում կառավարման համակարգում քաոս կառաջանա նախագահի հրաժարականով։

-Չեմ կարծում, որ կառավարման համակարգն ավելի վատը դառնա, քան մինչ այժմ էր։ Այլ հարց է, որ զարգացումներն, ամենայն հավանականությամբ, խորացնելու են խզումը պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ, դրանց իշխանական ու իշխանամերձ քաղաքական վերնախավերի միջեւ։

-Ադրբեջանի նպատակն ըստ էության Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումն է։ Շատերն ասում են, որ դա կդառնա Արցախի ինքնասպանության ճանապարհ։ Սակայն կարծես թե օղակը սեղմվում է։ Ի՞նչ ելքեր եք տեսնում ստեղծված իրավիճակից։

-Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումն առանձին վերցված դիտարկելը ճիշտ չէ, թեեւ արդեն մի քանի անգամ հրապարակավ ասել եմ, որ եթե այդ ճանապարհին, Արցախից դուրս եկող այլ ճանապարհներին էլ տեղակայվեն պետական սահմանապահ հսկիչ անցակետեր, մաքսային սպասարկման գրասենյակներ, իսկ ելումուտ անողների անձնագրերում էլ դրվեն համապատասխան կնիքներ, ապա դա կնշանակի, որ Արցախի ժողովուրդն իրոք իր պետականության տերն է ու դրա հետ հաշվի են նստելու նաեւ Բաքվում։ Բայց դրա համար հենց Արցախի պետական կառավարման համակարգը պետք է տեղից շարժվի։ Սա առկա խնդրին քաղաքական լուծում տալու ընդամենը մեկ օրինակ է, բայց հնարավորությունները շատ ավելին են։

-Մոսկվան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստում հստակ դիրքորոշում արտահայտեց`Աղդամը կարելի է դիտարկել որպես այլընտրանքային ճանապարհ, մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը պիտի մնար ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Ինչո՞ւ այսպես փոխվեց ՌԴ-ի դիրքորոշումը։

-Սա Մոսկվայի կողմից իրականացվող աշխարհաքաղաքական նախագծի պահանջներից բխող պահվածք է, որը եւս ուղղված է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության տարանջատմանը։ Այս ուղղությամբ հետեւողական աշխատանքները վաղուց են սկսվել եւ հետեւողականորեն իրականացվել առնվազն վերջին տասնամյակի ընթացքում։ Ցավոք սրտի Երեւանի ու Արցախի կառավարիչներն այս ընթացքում անտեսել են դրա հետ կապված բոլոր նախազգուշացումներն ու գործը հանգեցրել համազգային աղետի։

-Հայաստանում եւս քաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Առաջիկա օրերին ի՞նչ քաղաքական զարգացումներ սպասենք Հայաստանում եւ Արցախում։

-Պատկերը դեռեւս ամբողջական չէ՝ սպասենք, թե Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանի հրաժարականն ինչպիսի վերադասավորումների կհանգեցնի։Այդուհանդերձ, կարծում եմ, որ համաժամանակյա ջանքեր են գործադրվելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Դրա համար Երեւանի քաղաքապետի ընտրությունները կարող են համապատասխան մթնոլորտ ու գործողությունների տիրույթ ձեւավորելու միջավայրն ապահովել։ Իշխանափոխության իրականացման հավանականությունն այս պահին իմ գնահատմամբ մոտավորապես 30% է կազմում։ Ձախողվելու դեպքում Արցախի ու Հայաստանի տարանջատումը կարագանա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930