Ձեր դեմ սեւ PR-ի գործիքներ են կիրառվում, մեկը ձեզ անվանում է Փաշինյանի գործակալ, մյուսը՝ Քոչարյանի գործակալ, մեկ ուրիշը՝ բրիտանական մի 5 ծառայության գործակալ, բայց ավելի հաճախ ձեզ մեղադրում են Մոսկվայի հետ կապերի մեջ, որովհետեւ դուք առիթ եք տալիս դրա համար՝ քննադատելով բոլորին, բացի ՌԴ-ից, արդյոք գնահատական չտալով Մոսկվայի քաղաքականությանը Արցախի հարցում՝ չե՞ք զինում ձեր ընդդիմախոսներին փաստարկներով. այսօր կազմակերպված «Ստեփանակերտ-Երեւան. ճակատագրական հանգրվան» թեմայով տեսակամրջի ժամանակ այս հարցն ուղղվեց «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանին: Նա պատասխանեց. «Դա այդպես չի, ես չեմ քննադատել ոչ մեկին՝ ոչ Արեւմուտքին, ոչ Արեւելքին, ոչ մեր հարեւան Պարսկաստանին: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ: Ամեն անգամ ինչ-որ բանի մասին խոսելուց պետք է մտածել՝ դա օգնո՞ւմ է, թե՞ չի օգնում: Ես շատ անգամ ասել եմ՝ մենք ՌԴ-ի հետ կապված ունենք շատ հարցեր, շատ բաներ Ռուսաստանը չի կատարել, բայց մենք ամեն ինչ մեր կողմից արե՞լ ենք, թե՞ ոչ: Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան անենք, ուզում ենք, որ Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը, ի՞նչ ձեւով պետք է դա անենք, որ օգուտ բերի մեր համար»:
Նա ասաց, որ պետք է այնպես անեն, որ ՌԴ-ն օգնի մեզ, ոչ թե ատի ու թողնի, դուրս գա. «Ես ռացիոնալ եմ իմ մոտեցման մեջ: Բոլոր կողմերից ինձ փորձում են տարբեր յառլիկներ կպցնել՝ Կրեմլի ագենտ, բրիտանական ագենտ, Փաշինյան-Սարգսյան-Քոչարյան, ուրեմն մենք անում ենք ինչ-որ բաներ, որ անհանգստացնում է ինչ-որ փոքրամասնության, որովհետեւ մենք խոսում ենք, որ հայրենիքն ավելի կարեւոր է ու առաջին հերթին պետք է գործես հայրենիքի շահերից: Դուք պետք է ամեն ինչ անեք, որ դաշնակիցները ոչ թե քեզ վնասեն, այլ օգուտ տան ու կարողանաս քո նպատակներին հասնես: Ես այդ գաղափարն եմ տանում: Դա միակ նորմալ մոտեցումն է այս իրավիճակում, որովհետեւ շատ ծանր վիճակ է Հայաստանում եւ Արցախում: Առաջին հերթին պետք է հենվես քո ուժերի վրա, ասես՝ ես ի՞նչ եմ անում, անես այնպես, որ իրենց նպատակները չխանգարեն քո նպատակներին, ՀՀ-ն ու Արցախը մնան հայկական»:
Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ամենածանր բանն այն է, որ կենացներից անդին իրականացնես կոնկրետ գործ, իսկ իրենք հենց այդպես էլ անում են, իրականացնում են հարյուրավոր ծրագրեր. «Ես զերծ եմ տարբեր ձեւերի մանիպուլյացիաներից, դա այդ մարդկանց թուլությունն է, իրենք ոնց մտածում են իրենց մասին, այդպես էլ փորձում են խոսել ուրիշների մասին: Իրենք փորձում են պոպուլիստական ձեւով աչոկներ հավաքել մարդկանց մոտ, բայց մարդիկ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում շատ լավ գիտեն ով ով է»:
Հարցին՝ ձեզ ասում են, որ Վարդանյանը օգտագործում է Արցախը՝ որպես հարթակ՝ Հայաստանում իշխանության հասնելու համար, դուք ձգտո՞ւմ եք իշխանության ՀՀ-ում՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, որ մենք փրկենք ՀՀ-ի եւ Արցախի պետականությունը: Ամեն ինչ անելու եմ, որ այս իրավիճակից մենք դուրս գանք, ունենանք ուժեղ Հայաստան ու Արցախ: Ես ձգտում եմ, որ մենք արթնանանք ու անտարբեր չլինենք, թե ինչ է կատարվում Արցախում: Ես վստահ տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող է բերել կործանման ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը ու այն մարդիկ, որոնք այսօր իշխում են ու ղեկավարում են երկիրը, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն էլ ուզում սովորեն: Ամենատխուրը դա է: Այնպես չի, որ մենք ամեն ինչ գիտենք, բայց մարդիկ ինչը չգիտեն, պետք է սովորեն: Իրենք չեն սովորում, չեն ներգրավում մեր ամենամեծ ուժը՝ սփյուռքը, բարձր մակարդակի մասնագետների հետ խնդիրների լուծման ձեւաչափ չեն գտնում: Ես արդեն վստահ ուզում եմ ասել՝ ես տեսնում եմ, որ այս իշխանությունը ոչ միայն չգիտի ինչ անել, այլեւ չունի ունակություն անելու եւ չի կարողանում սովորի: Վերջին 5 տարին արդեն բավարար ժամանակ էր, իրենք ոչ մի իրենց խոստում չկատարեցին, ո՛չ սահմանադրությունը փոխեցին, ո՛չ սփյուռքին ներգրավեցին, ո՛չ կարողացան մեր անվտանգությունը պահպանեն: Պարզ է, որ այսօրվա իշխանությունը ունակություն չունի եւ չի կարողանում կատարել այն, ինչ այսօր իր վրա պարտականություն որպես դրված է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































