Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ, երբ մտնում եք ճոխ սուպերմարկետ՝ առեւտուր անելու, հիշեք, որ Արցախում նույն պահին ձեր հայրենակիցը հերթում է՝ երեխայի համար փոքր խմորի գունդ ստանալու հույսով». Աղաբալյան

Սեպտեմբեր 09,2023 13:12 Share

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումն արդեն 100 օր է՝ գործում է: Այդ առիթով այսօր կազմակերպված «Ստեփանակերտ-Երեւան. ճակատագրական հանգրվան» թեմայով տեսակամրջի քննարկման ժամանակ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը կոչ ուղղեց ոչ միայն Երեւանում ապրող արցախցիներին, այլ նաեւ բոլոր երեւանցիներին. «Ամեն անգամ, երբ դուք մտնում եք ճոխ սուպերմարկետներ կամ շուկաներ՝ առեւտուր անելու, երբ անհոգ նստում եք ձեր ավտոմեքենան, զբաղվում եք ձեր առօրյա գործերով, հիշեք, որ Արցախում այդ նույն պահին ձեր հայրենակիցը ժամերով կանգնած է հերթերում եւ սպասում է իր երեխայի համար 200 գրամ հաց ստանալու կամ գոնե մի փոքրիկ խմորի գունդ ստանալու հույսով ու տառապում է անզորությունից, որ այդ մի կտոր հացից բացի, ոչինչ չունի իր երեխային տալու: Հիշեք, որ ձեր հայրենակիցը իր այդ բաժին տառապանքը կրում է անտրտունջ, պատրաստ ինքնազոհողության՝ միայն թե պատական Արցախից մնացած այս մի կտոր հողը հայկական պահի եւ տիրություն անի իր եկեղեցիներին ու գերեզմաններին, միայն թե պահի հայի պատիվն ու արժանապատվությունը: Ես սա չեմ ասում, որպեսզի դուք էլ տառապեք: Ասում եմ, որ զգաք պահի լրջությունը եւ հետեւություն անեք, որպեսզի գործեք եւ յուրաքանչյուրդ ձեր ընտրությամբ, ձեր վճռական քայլով ժամ առաջ կասեցնեք Հայաստանի գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը, ազգակործան ընթացքը: Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ նախագահի ընտրությունը ԱԺ-ի կողմից, ինձ հիշեցնում, է 91-ի դեկտեմբերի 10-ի իրադարձությունները, երբ որ հրետակոծության տակ մարդիկ հանրաքվե էին անում՝ Արցախի ժողովրդի կամքը վերահաստատելու համար: Այսօր նույնպես այս ընտրությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը նորից թշնամուն չի թողնում կործանել պետական ինստիտուտները Արցախում եւ կազմալուծել Արցախի պետությունը, իր այս քայլով ընդդիմանում է դրան»:

Տիկին Աղաբալյանն ասաց, որ այսօր շատ մեծ շռայլություն կլինի ներքին ցնցումները, դրա համար կա ընտրությունների հնարավորություն նաեւ Երեւանում. «Ես հույս ունեմ, որ մեր հայրենակիցների ողջամտությունը այնուամենայնիվ կհաղթի եւ կկատարեն ճիշտ ընտրություն, որի արդյունքում մենք չենք կորցնի Արցախը, այսօրվա սպառնալիքները կչեզոքացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930