Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչից առավել իրար հանդեպ լցվեք սիրով և եղբայրության զգացումներով․ Արցախի թեմի առաջնորդի միասնության կոչը արցախցիներին

Սեպտեմբեր 09,2023 14:46 Share

Սիրելի հայրենակիցներ,

Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։

Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա մեղավորների փնտրտուքը, որը, ցավոք սրտի, մարդկանց «ամենասիրելի զբաղմունքն» է, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս մեր տեղում և մեր չափով։

Հարափոփոխ այս օրերին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ընտրի նոր նախագահ, մենք պետք է կարողանանք իմաստությամբ և խոհեմությամբ արձագանքել ամեն իրավիճակի։ Բնական է, որ Արցախի ապագայի հանդեպ կլինեն տարբեր մոտեցումներ և ճանապարհային տարբեր քարտեզներ, բայց անբնական կլինի, եթե այդ մոտեցումներն առիթ դառնան ներքին երկպառակությունների և լարվածության մթնոլորտի ձևավորման։

Ամենայն հարգանքով ու սիրով Արցախում կարևոր դերակատարություն ունեցող բոլոր անձանց և քաղաքական ուժերի հանդեպ, որպես Արցախի թեմի առաջնորդ, խնդրում և կոչ ենք անում բոլորին, որպեսզի այս փխրուն իրավիճակում գործեն կատարյալ իմաստությամբ և առանց ավելորդ հուզականության, որպեսզի թույլ չտրվեն նոր բաժանումներ և բևեռացումներ բազմաչարչար մեր ժողովրդի մեջ։ Սուրբ Ներսես Շնորհալին լավագույն կերպով տալիս է համերաշխության բանաձևը. «Միություն կարևոր հարցերում, ազատություն երկրորդական հարցերում, Սեր ամեն ինչում»։

Ուստի սիրելի Արցախցիներ, ամեն ինչից առավել, իրար հանդեպ լցվեք սիրով և եղբայրության զգացումներով, որովհետև ամենաարդյունավետ «ճանապարհային քարտեզը» Աստծո առաջ մաքուր խիղճ, իսկ մեր հայրենակիցների հանդեպ սեր և հոգատարություն ունենալու մեջ է թաքնված։

Աղոթքով և օրհնությամբ՝

Արցախի թեմի առաջնորդ
Տեր Վրթանես եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930