44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները Շենգավիթի դատարանի շենքի մոտ սպասում էին իրենց բախտակից Գարիկ Գալեյանի խափանման միջոցի քննարկման լուրին, երբ դատարանի առջեւ հայտնվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը եկել էր Կոմիտասի անվան պանթեոնում օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար Ալբերտ Ազարյանի հուղարկավորությանը մասնակցելու։
Նախարարի՝ դատարանի շենքի առաջ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա կանգնելը վրդովվեցրեց ծնողներին, որոնք չկարողացան զսպել իրենց վերաբերմունքը տիկին նախարարի նկատմամբ։ Բարեբախտաբար, միջադեպը շուտ հանգուցալուծվեց։ Ժաննա Անդրեասյանը հրաժարվեց պատասխանել ծնողների եւ լրագրողների՝ իրեն ուղղված հարցերին, իսկ երբ նրան ասացին, որ ինքը պաշտոնյա է ու իրեն մոտեցել են զոհված հերոսների ծնողները, հակադարձեց, որ ինքն այդտեղ ծնողների հետ հանդիպման համար չի գտնվում, որ սա այն տեղը չէ եւ թաղման արարողության ժամանակ հարկ չի համարում շփվել մամուլի հետ։
Ծնողները եւ հարազատները նախարարի հայտնվելու մեջ միտում տեսան։ Նրանք այնուհետեւ լրատվամիջոցներին ասացին, որ Ալբերտ Ազարյանի հուղարկավորությունը պետք է կատարվեր Պանթեոնում, հետեւաբար, նա օլիմպիական չեմպիոնի աճյունին կարող էր սպասել հենց այնտեղ կամ նման միջադեպերից խուսափելու համար Պանթեոն գնար այգու գլխավոր մուտքով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































