Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահը

Սեպտեմբեր 09,2023 22:47 Share

2023թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հատուկ նիստում 22 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրել է Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահին՝ Սամվել Շահրամանյանին:

Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ ցանկանում եմ, որ նա առնվազն կարողանա լիարժեքորեն և ամբողջական ծավալով կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հանրապետության նախագահին վերապահված լիազորություններն ու գործառույթները:

Արցախի Հանրապետության արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումն Ազգային Ժողովին ներկայացրել էր սույն թվականի սեպտեմբերի 1-ին:

Մինչև բուն թեմային անցնելը, անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ նախքան Արայիկ Հարությունյանի հրաժարականը, բազմաթիվ քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ հայտարարում էին, որ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի, ապա դա կարող է վտանգել Արցախի պետական կառավարման համակարգի ամբողջականությունը, Ադրբեջանը կարող է թույլ չտալ ընտրել նոր նախագահ և այլն:

Ժամանակը ցույց տվեց, որ նման հայտարարությունները հիմնազուրկ էին և անհեռատես:

Ավելին` բառացիորեն երկու օր առաջ Արցախում իրենք իրենց քաղաքական գործիչ համարող որոշ մարդիկ հայտարարում էին, որ հանրապետության նախագահի ընտրության օրը բախումներ են լինելու, ավելին՝ բանը հասնելու է քաղաքացիական պատերազմի:

Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները պետք է բացարձակապես ուշադրություն չդարձնեն նման պատահականություններին: Քանզի նման մարդիկ իրենք բանուգործը թողած զբաղվում են այնպիսի հարցերով, որտեղ ոչ միայն ասելիք ու անելիք չունեն, այլև իրենց դիլետանտությամբ Արցախի Հանրապետությունում և նրա շուրջը ստեղծված լարված մթնոլորտն է՛լ ավելի են շիկացնում՝ ցանկանալով հասնել իրենց նեղ անձնական կամ խմբային նպատակներին և ոչ ավելին:

Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահի ընտրության հարցով հրավիրված Ազգային Ժողովի հատուկ նիստում ծրագրային ելույթով հանդես է եկել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, որտեղ, մասնավորապես, հայտարարել է.

  • Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին,
  • Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ ստանալու մասին:

Հարկ եմ համարում հնարավորինս համառոտ անդրադառնալ նշված հայտարարություններին:

Արցախի Հանրապետության քաղաքացիները միազգային և ԽՍՀՄ իրավական ակտերով սահմանված ինքնորոշման իրավունքն իրացրել են 1991թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով: Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչները պետք է պնդեն ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության մասին, այլև ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչման մասին, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով անկախ հռչակված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակ ստանալու մասին հայտարարությանը, ապա այս առնչությամբ էլ հարկ է նշել հետևյալը.

Եթե հայտարարությամբ նկատի է առնվել Արցախի պետական-իրավական կարգավիճակը, ապա Արցախը 1991թ. դեկտեմբերից սկսած ունի դե ֆակտո անկախ հանրապետության կարգավիճակ: Դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» 1933թ. դեկտեմբերի 26-ի Մոնտեվիդիոյի կոնվենցիայով պետությանը ներկայացվող բոլոր պայմաններին:

Եթե հայտարարությամբ նկատի է առնվել ադրբեջանաարցախյան հակամարտության համատեքստում Արցախի կարգավիճակը, ապա Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հակամարտության կողմ: Համաձայն 1994թ. դեկտեմբերի 5-6-ը Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովի ընդունած որոշման՝ հակամարտության կողմեր են հանդիսանում նրանք, որոնք հաստատել են 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի մասին պայմանավորվածությունները:

«Կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագիրը 1994թ. մայիսի 9-ին Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին Ստեփանակերտում՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Այսպիսով, հարկ է հետևել և մշտապես պնդել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման պատմության ընթացքում ընդունված փաստաթղթերում ամրագրված Արցախի Հանրապետության համար շահեկան ձևակերպումներն ու արձանագրումները:

Իսկ թե ինչպիսի՞ նախագահ կլինի Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը, ցույց կտա ժամանակը:

 

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930