Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետհամալսարանի խորհրդի նոր նախագահին՝ Սյունիքի մարզպետին մեկ հոգի դեմ քվեարկեց (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2023 20:04

Գորիսի պետական համալսարանի խորհրդի արտահերթ նիստին 20 անդամներից 15-ն էին ներկա։ Խորհրդի բացակա անդամները երեւանաբնակ են ու տարբեր պատճառներով ներկա չէին, չնայած օրակարգային հարցը կարեւոր էր՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրություն։

Երեւանից Գորիս էր հասել միայն խորհրդի նոր անդամներից մեկը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական վարչության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը։ Նա նշանակվել է հիմնադրի կողմից եւ փոխարինել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անիտա Բաբայանին։

Երկրորդ նորեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն է, որը նշանակվել է լիազոր մարմնի կողմից՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանի փոխարեն։

Վերջինս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Վահան Դումանյանի մտերիմ ընկերն է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Արտուշ Ղուկասյանին առաջարկվել էր դիմում գրել՝ հրաժարվել խորհրդի նախագահի պարտականությունից, քանի որ դժգոհություններ կային, սակայն նա հրաժարվում էր դիմում գրել։ Արդյունքում, նրան փոխարինեցին նոր անդամով, ու փաստացի, խորհուրդը հուլիսից նախագահ չուներ։

Հաշվի առնելով մի քանի հանգամանք՝ խորհրդի նախագահի թեկնածու առաջարկեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Այլ առաջադրումներ չեղան։ Փակ (գաղտնի) քվեարկությամբ՝ 14 կողմով, 1 դեմով Գորիսի պետհամալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետը։

Ռոբերտ Ղուկասյանը խորհրդի նախագահ ընտրվելու պահը շատ պատասխանատու համարեց, շնորհակալություն ասաց վստահելու համար եւ խոստացավ  հաճախ լինել կրթօջախում։ «Մեծ պարտավորվածություն կա այս ամենում եւ վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի Գորիսի պետական համալսարանի համբավն ու պատիվը բարձր պահվեն ե՛ւ առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու, ե՛ւ բուհի սահուն զարգացման մեջ իմ ներդրումն ունենալու գործում։ Գիտեմ, որ բուհի առջեւ ծառացած են նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնց դեռ ծանոթ չեմ, բայց կծանոթանամ ու ամեն ինչ կանեմ, որ դրանք օր առաջ լուծվեն, եւ կարողանանք ԳՊՀ-ի համար ապահովել այնպիսի ընթացք, որի մասին մեր տարբեր զրույցներում եւ քննարկումներում միշտ նշել ենք։ Հատկապես այս դժվարին օրերին, երբ մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական ծանր փուլում է, մեզ արագ զարգացում է պետք, իսկ դա անհնար է առանց կրթական ոլորտի զարգացման»,-մասնավորապես նշեց խորհրդի նորընտիր նախագահը։

Գորիսի պետական համալսարանում չնայած կատակում էին, որ խորհրդի նախկին նախագահ Ղուկասյանին փոխարինեց նոր նախագահ Ղուկասյանը, սակայն համոզված են, որ արդյունքն այլ կլինի։ Ռոբերտ Ղուկասյանին իսկապես կհաջողվի պաշտպանել Գորիսի պետական համալսարանի շահերը։

Ի դեպ, Սյունիքի մարզպետի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է մարզի ղեկավարին՝ մաղթելով բարեբեր ու արդյունավետ գործունեություն «այս պարտականություններն իրականացնելիս՝ ի շահ մարզի կրթական համակարգի զարգացման ու երիտասարդների բարձրագույն կրթության հնարավորությունների ընդլայնման»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930