Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․բողոքի ցույց

Սեպտեմբեր 26,2023 17:25

Մի խումբ բուժաշխատողներ այսօր բողոքի ցույց էին անում առողջապահության նախարարության շենքի մոտ։

Նրանք նախարարությունից պահանջում են համակարգված աշխատել Արցախից բռնի տեղահանվածների հետ։

Ցույցի կազմակերպիչներից «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն իր ելույթում հայտարարեց՝ պահանջում ենք միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար․ «Առողջապահության նախարարության պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնողներ, այս ողբերգական իրավիճակում պարտավոր եք առցանց տեղեկատվական շտեմարան ունենալ։ Դուք ձեզ գովում եք, թե էլեկտրոնային առողջապահություն ունեք, բարի եղեք այնպես արեք, որ տեղեկատվությունը մարդկանց համար լինի ամփոփ, չգնան այս ու այն կողմ։ Մեզ բազմաթիվ մարդիկ են դիմում։ Դուք պետք է թեժ գիծ ծառայությունը հզորացնեք եւ բուժօգնություն ստացողների վերաբերյալ հարազատներին տալ պատշաճ տեղեկատվություն։ Պահանջում ենք գնահատել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական բեռը եւ կազմակերպել խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, թերսնումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը։ Չմոռանանք, որ 9 ամիս այս երեխաները չգիտես ինչով են սնվել, չի կարելի քաոտիկ աշխատել»։

Նրանք պահանջում են կազմակերպել Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների էլեկտրոնային հաշվագրում եւ սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը․ «Արցախից գալիս են բժիշկներ, բուժաշխատողներ, պետք է այս ռեսուրսն օգտագործվի, պետք է այս ամենը արվի համակարգված։ Ցույցի մասնակիցները կոչ արեցին դեղագործական եւ բժշկական կազմակերպություններին սատար կանգնել արցախցիներին։

Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։

«Հանկարծ չստացվի այնպես, որ այս մարդիկ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնեն, հերթագրվեն, թղթեր ուզեն։ Դիմում ենք սոցապ նախարարությանը՝ տվեք նրանց կարգավիճակ, Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին տվեք սոցիալական երաշխիքներ, որը կներառի ֆինանսական, հոգեբանական, եւ իրավական մի ամբողջ փաթեթ»։

Ապա դիմեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը․ «Ձեր ենթակառուցվածքները անգործության են մատնված։ Այսօր Գորիսում այլեւս չեն կարողանում ընդունել այդ մարդկանց, դուք մեր արցախցիներին ուղարկում եք այս քաղաքից այն քաղաք, ձեր հանցավոր անգործության պատճառով բռնի տեղահանվածները փողոցում են գիշերում։ Դադարեցրեք հանցավոր անգործությունը։ Արցախցիները պետք է ստանան բոլոր աջակցությունները՝ պատշաճ կերպով։ Ձեր անգործությունը բերում է կյանքերի աղավաղմանը»։

Ցույցի մասնակից մեկ այլ բուժաշխատող կոչով դիմեց առողջապահական մասնագիտական կառույցներին, որոնք բժշկական եւ հոգեբանական ծառայություններ են մատուցում․ «Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, դեպրեսիաներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, նրանցից շատերը խրոնիկ սթրեսի վրա սուիցիդներ են ունենալու կամ առողջության ավելի վատ հանգրվանի են հասնելու։ Եկեք մտածենք, կազմակերպենք նրանց բժշկական հոգեբանական աջակցության կազմակերպումը։ Եթե առողջապահության նախարարությունը դա կենտրոնացված կանի, ինչի հույսը չունեմ, թող անի, եթե ոչ, ապա մասնագիտական կառույցները թող ինքնակազմակերպվեն, ստեղծեն շրջիկ ջոկատներ։ Այսօր նման մի 10-15 խումբ պիտի լիներ Գորիսում, ցավոք նման տեղեկատվություն չունենք, որ այնտեղ առաջնային հոգեբանական աջակցությունն է ցուցաբերում»։

Ցույցի մասնակիցներն իրենց պահանջը ներկայացնելուց հետո իրազեկման կարճ երթ կազմակերպեցին ու ավարտեցին այսօրվա ցույցը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930