Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին երբ «տրոյական ձին» մտցվեց Հայաստան, ինքն այդ «տրոյական ձիու» մեջ էր». Մարգարիտ Եսայանը՝ Սամվել Բաբայանի մասին

Սեպտեմբեր 27,2023 17:51

«Զարմացած չեմ. Բաբայան Սամվելին ես ճանաչում եմ դեռ նախորդ դարից՝ 1990-ական թվականներից, նրա գործունեության որոշ դրվագների ծանոթ եմ որպես լրագրող: Անգամ չէի կասկածում, որ նման լարված եւ կրիտիկական իրավիճակում ինքը պատրաստ է գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, որովհետեւ պետության, պետականության, հայրենիքի, հայրենի հողի զգացողություններն ու զգացումներն այդ մարդու մոտ աղավաղված են»,- այսօր դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի արած մի շարք աղմկահարույց հայտարարություններին:

«Եվ երբ ինքը դեմքի ցինիկ արտահայտությամբ ասում է, որ իջել է, ադրբեջանցիներին բարեւել է եւ նստել է մեքենան, անցել է, եկել է այս կողմ, ես բոլորովին չզարմացա. դա այդպես էլ պիտի լիներ»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ այո, Սամվել Բաբայանի հայտարարությունները տեսականորեն ընդդեմ ՀՀԿ-ի էին, բայց իրականում, դրանք ընդդեմ ՀՀ-ի էին, որովհետեւ 2018 թվականին, երբ «տրոյական ձին» մտցվեց Հայաստան, «ինքն այդ «տրոյական ձիու» մեջ էր» եւ «մինչեւ վերջ պաշտպանում է իր դավաճանական, թշնամական գործունեությունը»:

Իսկ Ռուբեն Վարդանյանի գերեվարման, միաժամանակ Սամվել Բաբայանի՝ անարգել անցակետը հատելու մասին էլ ասաց, որ հետագայում կպարզվի, թե ո՞վ ո՞ւմ հետ եւ ի՞նչ «քիրվայության մեջ է», բայց Ռուբեն Վարդանյանի գերեվարումը նշանակում է, որ ադրբեջանական կողմը ունի հստակ ցուցակներ եւ դա նրանց տրամադրել է ՀՀ իշխանությունը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, Սամվել Բաբայանը հայտարարեց՝ Արցախի ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաեւ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն: Ըստ նրա, Արցախի գործող ու նախկին ղեկավարները եւ պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ. «Ես գիտեմ՝ այդ տեքստն ով է գրել։ Ռուսական կողմն է գրել, որ Հայաստանին կրկին մտցնի խաղի մեջ»։

Նրա խոսքով՝ վերոնշյալ անձինք մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, միևնույն ժամանակ իրեն էլ փորձել են իրենց հանցակից դարձնել.

«Այս հանցագործները պետք է պատասխան տան։ Համարեք սա հաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Այն մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»։

Պետրոս Ղազարյանի հարցին՝ եղե՞լ է այլընտրանք, տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Սամվել Բաբայանը դրական պատասխան է տվել. «Մենք կարող էինք 4400 քառակուսի կմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»: Իր բանակցությունների մասին, սակայն, նա որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ ոչ մեկն այդ մասին իրեն չի հարցրել, որևէ հավաքի չեն հրավիրել. «Իրենք պետական հանցագործ են, ժողովուրդն արել է հանրաքվե, ընտրել է անկախություն, իրենք եկան, անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են համարել, որի իրավունքը չունեին, և Ղարաբաղն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին»

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930