Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 29 800 քկմ տարածքային ամբողջականություն, ինքը շատ լավ գիտի, որ այդ 29 800-ն չկա այս պահին»․ Արթուր Մարտիրոսյան

Հոկտեմբեր 09,2023 20:07

«Թուրքիան ու Ադրբեջանն ունեն հստակ ծրագիր, իրենք չեն հրաժարվում այդ ծրագրից։ Այդ ծրագրում չկա Հայաստանը, պետք է լինի տարածք, որը կլինի իրենց վիլայեթը»,- այս մասին «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ համար պատմական հնարավորություն է ստեղծվել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։ Եվ իրենք ամեն ինչ անում են դրա համար։ «Իրենք հիմա ասում են՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը տապալվեց, այն խոստումները, որոնք ձեզ տվել էին, հայեր, չեն աշխատում, եւ հույսեր մի ունեցեք, որ նույնիսկ Հայաստանի անվտանգության հարցում նրանք ձեզ օգնելու են։ Դրա համար եկեք մեր վրա հույսներդ դրեք, մենք ենք դա անելու։

Ռուսներն ասում են՝ ոչ, մենք այստեղ հողի վրա ենք, Փաշինյանն ասում է՝ սա ադրբեջանական տարածք է, դրա համար մենք Բաքվի հետ պետք է պայմանավորվենք, թե ինչ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի հայերն սկսեն վերադառնալ Արցախ։

Փաստորեն նույնն ասում է Արեւմուտքը, ի՞նչ է ասում ԱՄՆ ներկայացուցիչը, ասում է՝ հիմա մենք պետք է բանակցենք Ադրբեջանի հետ, որպեսզի պայմաններ ստեղծվեն։ Իրենք շարունակում են մրցել, բայց մեր շահերն իրենց ընդհանրապես հետաքրքիր չէ, իրենք իրենց շահերն ունեն։ Փաստորեն մեր հաշվին իրենք փորձեցին իրենց շահերը բավարարել, եւ մեր իշխանությունները թույլ տվեցին, որ դա տեղի ունենա»,- ասաց նա։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պետք էր այնպիսի քաղաքականություն վարել, որ խոշոր խաղացողներն իրենց շահերի մասին մտածելիս չվնասեն մեզ։ Բայց Հայաստանի իշխանություններն արեցին ամեն ինչ, որ Ռուսաստանը վնաս հասցնի մեր շահերին, Արեւմուտքն էլ մի կողմ քաշվի։ «Երբ ռուսներն են ասում, որ Արցախում պայմաններ են ստեղծում, մենք հասկանում ենք, որ դա կեղծ է, ուրիշ բան չենք սպասում նրանցից։ Բայց երբ եվրոպացիներն ասում են, որ իրենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագով են, հարց է ծագում, թե ինչպե՞ս են պատկերացնում, որ ավտորիտար Ադրբեջանը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի հայերը կարողանան վերադառնալ։ Դա կարող է ստեղծվել միայն այն ժամանակ, երբ դուք մոնիտորինգ ապահովեք, ձեր մոնիտորինգի շնորհիվ պետք է լինի դա, բայց դուք հիմա հրաժարվում եք նաեւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»,- հավելեց Արթուր Մարտիրոսյանը։

Անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հարցին՝ Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ Ադրբեջանը թիվ չի նշել, թե քանի քառակուսի կմ տարածքով է ճանաչում Հայաստանը։ Ալիեւը հայտարարում է, որ «անկլավներ» կոչվածն Ադրբեջանի մաս է։ «Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 29 800 քկմ, ինքը շատ լավ գիտի, որ այդ 29 800-ն էլ չկա այս պահին։ Բայց ինչո՞ւ է դա պնդում, իրեն թվում է, որ ադրբեջանական կողմը պետք է այնպիսի ճնշման տակ հայտնվի եվրոպացիների կողմից, որ իր զորքերը դո՞ւրս կբերի օկուպացված տարածքներից։

Ոչ, Ադրբեջանը մտադրություն էլ չունի զորքերը դուրս բերելու։ Նիկոլ Փաշինյանին խոստումներ են տալիս, բայց հարց է ծագում՝ դու ինչո՞ւ ես հավատում այդ խոստումներին։ Արեւմուտքն իրեն ասում էր՝ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնեք, այդ դեպքում հարցին հայանպաստ լուծում կլինի, բայց չեղավ։ Նշաձողը բերին հասցրին զրոյի, հետո ասացին՝ պետք է անվտանգության պայմաններ ստեղծվեն, մարդու իրավունքներից էին խոսում, դա էլ չեղավ։ Ինչո՞ւ ես դու հավատում, որ մի կամ մյուս կողմն անելու է այն, ինչ խոստանում է, եթե դա իրենց շահերից չի բխում»,- ընդգծեց մասնագետը։

Անդրադառնալով Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչների առեւանգմանը եւ նրանց առաջադրված մեղադրանքներին՝ Արթուր Մարտիրոսյանն ասաց․ «Ես հարց ունեմ՝ ո՞վ է այդ մարդկանցով զբաղվելու, դա խնդիր է։ Իրենք Հայաստանի քաղաքացի են, թե՞ Արցախի քաղաքացի են, բացի Ռուբեն Վարդանյանից։ Հիմա կարող են այդ խաղն էլ խաղալ, ասել՝ իրենք Հայաստանի քաղաքացի չեն, Արցախի քաղաքացի էին։ Ես իրոք չգիտեմ՝ ո՞վ է զբաղվելու նրանց գործերով, որովհետեւ այս իշխանությունները հաստատ դա չեն անի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031