Ադրբեջանը միացել է Չինաստանի առաջնորդած «Լուսնային հետազոտությունների միջազգային կայան» ծրագրին, Aravot.am-ին փոխանցել է ամերիկյան NASA-ի նախկին ավագ գիտաշխատող Բրեդ Գըրսին՝ հղում անելով Space News-ի հրապարակած հոդվածին:
Մասնագետի կարծիքով՝ սա պետք է մտահոգության առիթ լինի Հայաստանի համար: Նա առաջիկայում պատրաստվում է Aravot.am-ին տրամադրել իր վերլուծությունը Բաքվի համար այս իրադարձության կարևորության և Հայաստանի համար հնարավոր հետևանքների հետ կապված:
Ըստ Space News-ի հոդվածի՝ Չինաստանի ազգային տիեզերական վարչակազմի ավագ ինժեներ Լի Գուոպինգն ու Ազերկոսմոսի կոլեգիայի նախագահ Սամադին Ասադովը Լուսնային հետազոտությունների միջազգային կայանի (ԼՀՄԿ) շուրջ համագործակցության հուշագիր են ստորագրել Բաքվում անցկացված Տիեզերագիտական 74-րդ միջազգային կոնգրեսի շրջանակներում:
Հուշագրում ընդգծվում է, որ չինական և ադրբեջանական տիեզերական ազգային կազմակերպություններն ընդարձակ կերպով կհամագործակցեն ԼՀՄԿ-ի տարածման, շահագործման, ծրագրերի իրականացման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման ուղղություններով:
Կարդացեք նաև
Ազերկոսմոը հիմնադրվել է 2010-ին և ներկայումս շահագործում է հեռահաղորդակցության երկու արբանյակ: 2014-ին գործարկված «Azersky» արբանյակի հետ կապն ընդհատվել է այս տարվա ապրիլին:
Ի դեպ, չինական «Էմպոսատ» առևտրային հեռաչափության, հսկման և կառավարման ընկերությունը Ադրբեջանում երկու վերգետնյա կայան է շահագործում:
ԼՀՄԿ-ի նպատակներից է՝ լուսնային մշտական կայանի կառուցումը 2030-ականների ընթացքում: Վերլուծաբաններն այն համարում են NASA-ի կողմից առաջնորդվող «Արտեմիս» ծրագրի ապագա հնարավոր մրցակից:
Թեև ԼՀՄԿ անդամների պաշտոնական ցանկ չի հրապարակվում՝ «Deep Space Exploration Laboratory» ընկերության տվյալներով՝ ծրագրին միացել է մոտ 15 սուբյեկտ, որը ներառում է կազմակերպություններ, հաստատություններ և երկրներ:
Ծրագրին իրենց մասնակցությունը հաստատել են Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Վենեսուելան և Ադրբեջանը: Արծարծվում է նաև Պակիստանի անունը:
2021-ին Չինաստանը և Ռուսաստանը ներկայացրին ԼՀՄԿ-ի գործունեության տեսլականը, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր՝ Մոսկվայի ներգրավվածությունը ծրագրին նվազել է՝ հզորացնելով Պեկինի դերը:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարում՝ չինական ԼՀՄԿ ծրագրի հայեցակարգը

















































