Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա». Հայկ Մարության

Հոկտեմբեր 10,2023 23:03

Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը գրում է.

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։

Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝  ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաեւ բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երեւանում։

Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն։

Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով եւ չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։

Հետո պարզվեց նաեւ, որ Հանրային Ձայնն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետեւ նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից եւ տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու, չարեցին այդ։ Հետեւաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց  մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։

Բայց դա տեղի չունեցավ։

Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։

Ինչեւէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երեւանցիների տված ձայների, ինչպես նաեւ՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։

Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ ՔՊ-ի, ո՛չ նախկին  ռեժիմի ներկայացուցիչների  հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։

Շնորհակալ եմ երեւանցիներին, որոնք  սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը  այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ։

Իսկ ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031