Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված 41 երեխա հատուկ ընդունելությամբ դարձել է «Այբ» դպրոցի աշակերտ

Հոկտեմբեր 11,2023 17:06

Տեղեկացնում ենք, որ Արցախից բռնի տեղահանված 41 երեխա հատուկ ընդունելությամբ դարձել է «Այբ» դպրոցի աշակերտ:

Այս օրհասական ժամանակներում մեր բարոյական պարտքն է ապահովել Արցախից բռնի տեղահանված երեխաների կրթության շարունակականությունը և մեր աջակցությունը ցուցաբերել մեր հայրենակիցներին: Հաշվի առնելով մեր հայրենիքում տեղի ունեցող վերջին զարգացումները և գիտակցելով բռնի տեղահանված ընտանիքների դժվարությունները՝ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել արցախցի աշակերտների համար հատուկ ընդունելության մասին։

Այս նախաձեռնությամբ մենք հիմնական դպրոցի 1-9-րդ դասարաններից յուրաքանչյուրում ավելացրել ենք երկուական հատուկ տեղ՝ դասարանում աշակերտների առավելագույն հնարավոր թիվը 18-ից դարձնելով 18+2: Դա թույլ տվեց մեզ ընդունել 40 արցախցի աշակերտ: ՀԽ որոշմամբ ևս մեկ արցախցի աշակերտ ընդունվել է 10-րդ դասարան: Արցախցի 41 նոր աշակերտները միացել են «Այբ» համայնքին և արդեն մասնակցում են դասերին:

Նկատի ունենալով երեխաների ներկայիս ստրեսային վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում նրանց կրթության իրավունքը խախտված էր և դասերը բնականոն չէին իրականացվում` քննությունների և մրցույթի կազմակերպումը աննպատակահարմար էր:

Արցախից բռնի տեղահանված աշակերտների ընդունելությունը «Այբ» դպրոց կատարվել է հետևյալ առաջնահերթությամբ.

• «Այբ» դպրոցում սովորող աշակերտների հարազատ քույր-եղբայրներ,

• արցախցի դիմորդներ, ովքեր 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում սովորել են «Այբ»-ում,

• ըստ գրանցման ցուցակի հաջորդականության (եթե նույն ընտանիքից մեկ դիմորդ ըստ գրանցման հաջորդականության հրավիրվում է դպրոց, ապա հարազատ քույր-եղբայրները ևս հրավիրվում են` տեղերի առկայության դեպքում):

Արցախցի աշակերտների համար հատկացված տեղերում թափուր տեղ առաջանալու դեպքում այն կարող է լրացվել միայն նույն նպատակով՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդունելությամբ:

«Այբ» դպրոցի բարերարներն արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց վրա վերցնել հատուկ ընդունելության առաջացրած ծախսերի մի մասը, որի արդյունքում այս երեխաների ծնողների՝ դպրոցի հետ կնքվող ուսումնառության պայմանագրերը կնքվել են խորհրդանշական 1000 դրամով:

«Այբ» դպրոցի հանձնառությունն է կրթության միջոցով նոր սերունդների ու երկրի ապագայի բարելավումը: Հավատացած ենք, որ արցախցի աշակերտներին հնարավորություն տալով շարունակել իրենց կրթությունը՝ մենք ոչ միայն օգնում ենք նրանց հաղթահարելու անմիջական մարտահրավերները, այլև հզորացնում ենք նրանց՝ ստեղծելու նոր հնարավորություններ իրենց ու երկրի համար:

«Այբ» դպրոց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031