Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացի դառնալով՝ արցախցին կզրկվի գույքի փոխհատուցման ու Արցախի Հանրապետության հանդեպ պահանջատիրությունից»

Հոկտեմբեր 30,2023 13:30
Մարգարիտա Քարամյան

«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

– Տիկին Քարամյան, կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց  ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը։ Նշվում է, որ ըստ այդմ՝ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը եւ իրավունքների ու պարտականությունների շրջանակը։ Մենք գիտենք, որ վերջին երեք տարիներին դուք պարբերաբար բարձրացրել եք ձեզ փախստականի կարգավիճակ տալու հարցը։ Հիմա այս որոշմամբ կառավարությունն ասում է, որ  «ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական եւ օգտվում են փախստականների համար օրենքով եւ միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից»։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը եւ ի՞նչ կտա այն Արցախից բռնի տեղահանվածներին։

– Իրոք, մենք 3 տարի շարունակ պայքարում էինք փախստականի կարգավիճակ ստանալու համար: Սակայն, երբ դեռեւս կար Արցախի Հանրաետոթյունը, մենք ձգտում էինք ստանալ այդ կարգավիճակը, ինչը մեզ հնարավորություն կտար միջազգային ասպարեզում բարձրացնել Ադրբեջանի կողմից իրականացված խաղաղ բնակչության բռնի տեղահանությունը, օկուպացված տարածքներում խաղաղ բնակիչների դեմ գործած ռազմական հանցագործությունները, մեր կորսված տների, հողատարածքների, բիզնեսների փոխհատուցման խնդիրները: Ինչպես գիտեք, այն ժամանակ ՀՀ կառավարությունը մեզ կարգավիճակ չէր տրամադրում, քանի որ մենք ունենք ՀՀ անձնագիր, հիմնավորում էին, որ չենք հատել այլ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Հիմա, երբ Արցախի «նախագահը» հրամանագիր է ստորագրել, որի հիման վրա 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը համարվելու է լուծարված, եւ ըստ էության մեր նախկին Հանրապետությունն այժմ համարվում է Ադրբեջանի տարածք, որը ճանաչել է ՀՀ վարչապետը, Արցախի բնակչությունը հատել է ՀՀ սահմանը եւ պետք է համարվի փախստական: Սակայն արցախցիների ՀՀ անձնագրի խնդիրը նորից խոչընդոտ է դառնում այդ կարգավիճակն ստանալու համար: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը ինչ-որ անհասկանալի «ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի» կարգավիճակ է սահմանել, որն էլ ավելի է խճճելու մեր վիճակը:

Եթե վերջին երեք տարվա ընթացքում մենք ունեինք ՀՀ անձնագիր, սակայն չունեինք ՀՀ քաղաքացիություն եւ իրավունքներ, ապա հիմա մենք ընդհանրապես կանգնում ենք այլընտրանքի առջեւ՝ կամ մենք ընդունում ենք ՀՀ քաղաքացիություն եւ օգտվում բոլոր իրավունքներից, այդ թվում՝ թոշակներից եւ նպաստներից, կամ ընդունում ենք փախստականի կարգավիճակը եւ օգտվում այդ կարգավիճակով նախատեսված իրավունքներից եւ արտոնություններից:

Առաջին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում մենք պետք է հրաժարվենք մեր նախկին կյանքից, նույնիսկ մեր կենսագրությունից: Մի պահ պատկերացրեք, մարդը ամբողջ կյանքը ծառայել է հայրենիքի պաշտպանությանը, բարգավաճմանը, ու պետք է հրաժարվի այդ ամենից՝ իրեն հասանելիք գումարը ստանալու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացի դառնալով, արցախցին կզրկվի միջազգային դատարաններ, ատյաններ դիմելու եւ իր կորցրած տան, գույքի փախհատուցման պահանջով: Մենք կզրկվենք նաեւ Արցախի Հանրապետության հանդեպ մեր պահանջատիրությունից եւ մի քանի տարի հետո հնարավորություն չենք ունենա ապացուցելու, որ ընդհանրապես ապրել ենք մեր պապերի հողում: Երկրորդ՝ փախստականի կարգավիճակ ստանալու դեպքում մենք կպաշտպանենք փոխհատուցման, պահանջատիրության հնարավորությունները, սակայն կզրկվենք մեզ հասանելիք վաստակած թոշակներից, նույնպես կկորցնենք մեր անցյալը, մեր աշխատանքային ստաժը, փոխարենը կստանանք փախստականի նպաստներ, արտոնություններ եւ այլն:

Սակայն այստեղ էլ կասկածներ կան, որ «ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի» կարգավիճակը իր մեջ թաքնված սպառնալիքներ է պարունակում: Ինչո՞ւ ժամանակավոր։ 2021 թվականին ՀՀ եւ ԱՀ կառավարություններն իրար մեջ պայմանավորվել են, որ արցախցիների համար ՀՀ տարածքում ոչ մի ծրագիր չի իրականացվելու, եւ բոլոր բռնի տեղահանվածները պետք է վերադառնան Արցախ: Այն ժամանակ հիմնավորում էին, որ ռուս խաղաղապահները երաշխավորում են վերադարձողների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը: Ինչո՞վ դա վերջացավ, տեսանք բոլորս 2023 թվականի սեպտեմբերին՝ 3 օրվա ընթացքում:

Հնարավո՞ր է արդյոք, որ վաղն էլ ՀՀ կառավարությունը պնդի, որ Ադրբեջանը երաշխավորում է Արցախի հայերի վերադարձը, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ժամանակավոր փախստականի կարգավիճակ, պետք է վերադառնան Արցախ, որը գտնվում է արդեն Ադրբեջանի կազմում։ Անկասկած, ներկայիս ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության պարագայում ոչինչ բացառել չի կարելի:

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության վարած քաղաքականությունը բռնի տեղահանվածների հարցում։ Նրանք շեշտում են, որ սոցիալական աջակցություն է տրամադրում գումարի տեսքով, այդքանը բավարա՞ր է արցախցիների խնդրի լուծման համար, ի՞նչ պետք է անի կառավարությունը։

– Չգնահատել Հայաստանի աջակցությունն արցախցիներին, նամանավանդ ՀՀ հասարակության ջերմ ընդունելությունը, կամավորականների աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր եղավ համեմատաբար կարճ ժամանակահատվածում տեղավորել մարդկանց եւ ապահովել գոնե ինչ-որ կացարաններով, անշնորհակալ կլինի մեր կողմից: Այլ հարց է կառավարության վերաբերմունքը: Սկզբից հայտարարվեց, որ Արցախի սոցաշխատողների աշխատավարձերը կպահպանվեն մինչեւ դեկտեմբերի վերջ, հետո այդ ամենը կասեցվեց՝ առանց բացատրությունների: Եթե Արցախի հիմնարկ-ձեռնարկությունները լուծարվել են, ուրեմն մարդիկ պետք է ստանան վերջնահաշվարկ եւ արձակման վճարներ: Սակայն աշխատակիցները ստացել են ընդամենը սեպտեմբեր ամսվա աշխատավարձերը, այն էլ՝ 85%-ով: Մինչ այսօր ոչ մի հստակություն չկա թոշակառուների, պահեստազորի թոշակառուների թոշակների պահով: Չեն ստանում նաեւ անչափահաս երեխաների նպաստները, հաշմանդամության թոշակները: Հիմա էլ մեջտեղ եկավ փախստականի ու քաղաքացիության խնդիրը, ինչն էլ ավելի է խճճելու իրավիճակը, քանի որ մինչեւ մարդիկ հասկանան, թե որ կարգավիճակն է իրենց ձեռնտու, մինչեւ ձեւակերպեն համապատասխան փաստաթղթերը, տարին կվերջանա:

Առանձին խնդիր է դառնում 2020-ից հետո Հայաստանում մնացած բռնի տեղահանվածների հարցը: Այս մարդիկ ընդհանրապես չգիտեն՝ օգտվելո՞ւ են բնակվարձի փոխհատուցումից, թե՞ վերջնական դուրս են մնալու բոլոր տեսակի աջակցություններից:  Կառավարության անկայուն, անհեթեթ որոշումները վերջ ի վերջո հասցնելու են արտագաղթի ահռելի ծավալների: Դրա մասին է խոսում 90-ականների փախստականների փորձը: Բացի այդ, բռնի տեղահանվածների խնդիրները միայն սոցիալական տեսանկյունից դիտարկելը վնասակար է նաեւ հենց Հայաստանի ինքնիշխանության համար: Մենք արդեն 3 տարի շարունակ ասում ենք, որ փախստականների խնդիրները պետք է դառնան պետական ռազմավարության հիմնական հարցերից մեկը, որով ՀՀ-ն կամրապնդի իր անվտանգությունը՝ մեղադրելով Ադրբեջանին հայաթափման, պարբերաբար ցեղասպանությունների, բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ: Ցավոք, մեր երկրում 35 տարի շարունակ չեղավ ու չկա այդ հասկացությունը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031