Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլկովի տեղակալը եկել է Արցախի КГБ, ասել է՝ զենքերը հանձնեք մեզ, դուք արդեն ենթարկվում եք Ռուսաստանին, որ կարողանանք ձեզ պաշտպանել ու խաբել են. Ռազմիկ Պետրոսյան

Նոյեմբեր 06,2023 23:13

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանը, որը 1990-95թթ. Արցախից ընտրված տասնյակ պատգամավորներից մեկն էր, կապույտ անձնագրով, որն այսօր կառավարությունը համարում է ճամփորդական, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, մասնակցել է ՀՀ օրենքների ընդունմանը, ՀՀ-ում սահմանադրականության տարբեր դրսեւորումների հաստատմանը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այդ ինչպես է ՀՀ քաղաքացիություն չունենալով հանդերձ, ճամփորդական անձնագրով պատգամավորական գործունեություն իրականացրել ՀՀ-ում:

«Իմ անձնագիրը էդ կապույտ անձնագիրն է եղել, այս հոկտեմբերի 27-ին ես նորից անձնագիր եմ ստացել, էլի նույն անձնագրից են տվել: Ես փոխգնդապետի կոչում եմ ստացել այդ տարիներին, որը ՀՀ Գերագույն խորհուրդն է ուղարկել, Հայաստանի բանակը, հիմա ես ՀՀ քաղաքացի չե՞մ: Չեմ իմանում՝ ինչ են ուզում, բայց ես չեմ ընդունում այս ամենը: Էս ամեն ինչը գալիս է ամենամեծ սխալից, դա այն է եղել, որ անկախություն են հռչակել, դրա համար ենք պարտվել: Եթե Ղարաբաղն ու ՀՀ-ն վերամիավորած լինեին, թուրքը մեզ չէր հաղթի, սրա համար ՀՀ նախկին բոլոր ղեկավարներն էլ են մեղավոր, մենք վերամիավորման համար ենք պայքարել: Ի՞նչ անկախություն, շարժումը եղավ, որ վերամիավորվենք Հայաստանի հետ: Դեկտեմբերի որոշումն ինչու ենք ընդունել, որ իսկապես միանանք եւ միացել ենք, 16 պատգամավոր են ընտրել Արցախից, բա որ քաղաքացի չենք եղել, ո՞նց են ընտրել: Ես 1989-ից հաշվում եմ, որ Ղարաբաղը ՀՀ հետ է միավորված, հիմա չեմ հասկանում՝ էս ինչ որոշում է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնել »,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Նախկին պատգամավորը վստահեցնում է, որ Արցախը ռուսներն են ծախել . «Ղարաբաղը ռուսն է ծախել: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, էդ հարձակման ժամանակ, ռուսն է կանգնեցրել կռիվը: Վոլկովի (խմբ. Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի) տեղակալը եկել է Արցախի КГБ, որտեղ բոլոր փաստաթղթերն այրում էին, ասել է՝ զենքերը հանձնեք մեզ, դուք արդեն ենթարկվում եք Ռուսաստանին, որ կարողանանք ձեզ պաշտպանել: Այդպիսի բան է եղել, գիտե՞ք: Խաբել են, դրա համար մեր ղեկավարներին էլ են բռնել, հազիվ ենք կարողացել դուրս պրծնել:

Ինձ էլ էին ուզում բռնել, չկարողացան, ես ուրիշ անձնագրով եմ եկել: Ռուսներն են սաղ կազմակերպել ու հանձնել Արցախը, թե ինչ նպատակ են ունեցել, չեմ իմանում: Թե չէ այդքան զենքը կարե՞լի էր հանձնել: 1988-ից պայքարում էինք, զենք էինք հայթայթում, պահում էինք Ղարաբաղը, թուրքերը չէին կարողանում մտնել, էս ոնց եղավ, որ սաղ զենքը հանձնեցին: 100 տանկ կհանձնե՞ն, 160 արկ կհանձնե՞ն: Էս սաղ դավաճանություն է:

Շահրամանյանը շատ թույլ մարդ է, նա ոչ մի բան չի կարող անել, նրան ասել են սենց, սենց: Նա ի՞նչ իրավունք ունի Ղարաբաղը լուծարի, նա այդքան խելք ունի՞ Ղարաբաղը լուծարի: Հայաստանի իշխանություններն էլ են մեղավոր, Ղարաբաղի իշխանություններն էլ: Մի երկու տարուց հետո, որ Փաշինյանը չլինի, մենք էլի մտնելու ենք Ղարաբաղ: Փաշինյանը ժամանակավոր մարդ է, մի անգամ մի բան է ասում, հետո երկու անգամ խոսքը փոխում, ես նրան չեմ հավատում, ինքը չլինի, Ղարաբաղ ենք մտնելու նորից, ես դա մենակ գիտեմ: Այս փուլում շատ սխալներ է անում շատ, ամեն անգամ մի բան է ասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930