Լրահոս
Օրվա լրահոսը

2 մլն դոլար ամանորյա ճոխ զարդարանքի ծախսն ասում եք երեխաներին ուրախացնելու համար է․ այդ նույն երեխաների մասի՞ն եք խոսում, որոնց հանրային դպրոցներում զուգարանի թուղթ չեք տալիս․Պեդրո Զարոկյան

Նոյեմբեր 21,2023 12:35

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց օրակարգի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող:

«Կառավարության որդեգրած չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երեւանի քաղաքապետարան: «Քաղաքացիական պայմանագրի» մոտեցումը, որ այս անգամ ընդառաջում ենք, հետո կտեսնենք՝ ոնց կլինի, ընդունելի չէ: Պետք է ֆիքսենք, որ բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել: Եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը պետք է ավտոմատ համարվեն ընդունված: Էլ հավաքվում ենք, ի՞նչ անենք»,-ասաց Մանուկյանը։

City Council session took place at the Municipality of Yerevan

«Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Գալջյանն ասաց, որ խմբակցությունն այս անգամ կողմ կքվեարկի առաջարկին, որպեսզի ավագանու ընդդիմադիր անդամները, որոնք նոր են ավագանու կազմում, տեսնեն, որ դրանք այն հարցերն են, որոնք քննարկելու կարիք չունեն, հանձնաժողովներում բոլորը միաձայն քվեարկվել են:

«Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է այդ առաջարկին․ «Մենք էլ խնդիր չենք տեսնում, որ հարցերը զեկուցվեն, բայց այսօր կա նաեւ հարցուպատասխան, որը երկար է տեւում: Առհասարակ, ավագանին ունի կանոնակարգ, ունի օրենք, որը կարելի է կարդալ, նոր գալ դահլիճ։ Կան հանձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են ունենալ անդամ եւ թող բարի լինեն, գան հանձնաժողովների նիստերին եւ ծանոթանան նախագծերին»:

Հարցերից մեկի՝ բանաստեղծ-մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի եւ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Լենինգրադյան փողոցի հ.52 հասցեում փակցնելու վերաբերյալ զեկուցվող դարձած հարցի շուրջ ելույթների ժամանակ «Ազգային առաջընթացից» Պեդրո Զարոկյանն ասաց՝ ճիշտ է արվում, որ հարցերը զեկուցվող են դարձնում, դա ժողովրդավարության մի մաս է, բայց ավելի կարեւոր է առանց մրցույթների ծախսերի համար էլ ավագանու անդամների քվեարկություն լինի․ «Օրինակ 2 միլիոն դոլար ամանորյա ճոխ զարդարանքի համար ծախսում եք, հետո ասում՝ դա երեխաներին ուրախացնելու համար է։ Դուք այդ նույն երեխաների մասին եք խոսում, որոնց հանրային դպրոցներում զուգարանի թուղթ չեք տալիս, օճառ չեք տալիս ձեռքերը լվանալու համար, էլ չեմ ասում՝ տաք ջուր։ Նույն երեխաների մասին եք խոսում, որոնցից 5-ից 1-ը թերսնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում։ Նույն երեխաների մասին եք խոսում, որոնց հանրային մարզադահլիճները փակել եք, ամառը՝ շոգ, ձմեռը՝ ցուրտ, մեկ հատ բաց մարզասրահ չկա, որ երեխաները սպորտով զբաղվեն։ Մարզադահլիճների հատակը փտած է, դուք միլիոնավոր դոլարներ եք ծախսում նորմալ մայթերի վրա սալիկներ դնելու համար։ Մի հատ մտեք Արաբկիրի մարզադահլիճը նայեք՝ ոտքիս կեսի չափ փոսեր կան։ Էս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կորցնեք, թե՞ իրականում այսքան անհասկացող եք»։

City Council session took place at the Municipality of Yerevan

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան այս ելույթի ասաց՝ կառաջարկեի ձեւակերպումների մեջ մի փոքր զգուշավոր լինել։

«Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն էլ ասաց՝ երբ 7-10 հարց բերվում է չզեկուցվողների մեջ, ավագանու անդամը չի կարող մեկին կողմ լինել, մյուսին՝ դեմ․ «Ստիպված է լինում ընդհանուր կամ կողմ լինել, կամ դեմ։ Չզեկուցվող հարցերի հետ բերում եք եւ հուշատախտակի հարց, եւ հողի նշանակային փոփոխության հարց։ Ես կարող է մեկին կողմ լինեի, մյուսին՝ դեմ։ Այս գործընթացը պետք է վերանայվի»։

Գրիգորյանն ասաց, որ հողի նշանակության փոփոխության հարցը չի կարող լինել չզեկուցվող, նույնիսկ եթե հանձնաժողովը 150%-ով կողմ է դրան․ «Բնակիչները նիստերը նայելիս պետք է հասկանան, որ օրինակ Տիչինայի եւ Սեբաստիայի խաչմերուկում առաջարկում եք 1,5 հեկտար հող դարձնել բնակելի կառուցապատման։ Տեղի բնակիչների եթե չդիտեին զեկուցվող հարցերը՝ չէին իմանա, թե ինչ է իրենց սպասվում մի քանի ամիս հետո։ Իսկ եթե հարցը լիներ զեկուցվող՝ բնակիչները տեղյակ կլինեին ու ամիսներ հետո նամակ-բողոքներ չէին գրի այս հարցի վերաբերյալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930