Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տեսքը փչացնող ապօրինի կառույց՝ քաղաքի կենտրոնում․ ինչո՞ւ է քաղաքապետարանը զլացել դիմել դատախազին

Նոյեմբեր 21,2023 22:30

Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Գարեգին Նժդեհ փողոցում, վերջերս վեր է հառնել տնակային մի անճոռնի կառույց՝ փչացնելով քաղաքի այդ հատվածի տեսքը։

Իսկ քաղաքային իշխանությունը՝ դեռ Սամվել Բալասանյանի կառավարման տարիներից ձգտում էր Գյումրու այդ հատվածը վերածել զբոսաշրջային ուղղության։

Այդ նպատակով վերականգնում են Բարեկամության այգին, որը, ըստ Ռուբեն Վարդանյանի, իր մոդելով տարածաշրջանում լինելու է եզակի՝ աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկների է հյուրընկալելու․ նրանք հատուկ գալու են Գյումրի՝ այգում շրջելու համար։

Այդ նպատակով տնակները հեռացրեցին՝ բնակիչներից շատերի համար «Շառլ Ազնավուր» հիմնադրամի միջոցներով տներ գնելով ու տարածքն ազատելով, վերականգնվեց նաև «Շիրակ» հյուրանոցի շենքը՝ առևտրային օբյեկտի վերածվելով։

Ինչևէ, նորակառույց հսկայական տնակը Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում է՝ Գյումրու էլիտար հյուրանոցներից մեկի մոտ։ Այստեղ գնվում են նաև «Գյումրի բժշկական կենտրոնն» ու «Ավստրիական մանկական» հիվանդանոցները։ Եվ մինչ քաղաքային իշխանությունները երազում են այս տարածքը վերածել զբոսաշրջային գոտու, բոլորի աչքից հեռու կառուցվել է մի տնակ, որը պարզվում է՝ ապօրինի է։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գնորդը հողամասը ձեռք է բերել մոտակա հյուրանոցի սեփականատիրոջից ու առանց շինթույլտվության՝ կառուցել է օբյեկտ՝ մոտ 3 հազար քառակուսի մետր տարածության վրա։ Այնտեղ նախատեսված է եղել կառուցել հյուրանոցի այգին։ Նոր սեփականատերը, ըստ Գյումրու գլխավոր ճարտարապետի, ձևափոխել է նաև մայթերը։

Ըստ ճարտարապետի, այսօր վարույթ են հարուցել ու երեք հոդվածներով տուգանել են տվյալ անձին։

Իսկ թե ինչպես եղավ, որ Գյումրու քաղաքային իշխանությունները չկանխեցին այդ ապօրինությունն, այս թեմայով զրույց ծավալվել էր մի քանի օր առաջ՝ ամսի 14-ին կայացած ավագանու նիստում։

Նորակառույց օբյեկտի հարցը բարձրաձայնեցին «Զարթոնք» խմբակցության անդամները՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս պետք է լուծվի մոտակա կանգառի հարցը․ կանգառը հայտնվել է տվյալ օբյեկտ տանող երկու մուտքերի մեջտեղում, և եթե ավտոմեքենաները ելումուտ անեն տվյալ օբյեկտ, դա անվտանգ չի լինի կանգառում սպասող մարդկանց համար։

Հարցը բարձրաձայնող «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանին նախ պարզաբանեցին, որ սեփականատերը համայնքապատկան մայթերն ապօրինի է քանդել, ավելին՝ կառույցն էլ ապօրինի է։

Սա անակնկալ էր ավագանու անդամների համար․ նրանք հետաքրքրվեցին, թե այսքան ամիս կենտրոնում քաղաքի ճարտարապետական տեսքը փչացնող «ժեշտից» մի հսկայական կառույց է ապօրինի սարքվում ու ձայն հանող, արձագանքող չկա՞։

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամները հիշեցրեցին, որ սա երկրորդ դեպքն է, երբ նմանատիպ, «չգիտես ինչ ոճով» շինություն է կառուցվում քաղաքի կենտրոնում, իսկ այս դեպքում՝ ապօրինի։ Հիշեցնենք, որ «Դոմուսի» կառուցման ժամանակ ևս մեծ աղմուկ բարձրացավ։

Հարցը պարզաբանեցին Գյումրու համայնքապետարանի իրավաբանական, ինչպես նաև ապօրինի շինության բաժնի պատասխանատուները․ «Արձագանքելն ի՞նչ ձևի եք պատկերացնում, սեփական հող է, քաղաքապետարանը իրավունք չունի ուղղակի գնա, կոմունալ ծառայությունը հասնի ու քանդի, դատարանի որոշում պետք է լինի, իսկ եթե համայնքի հողը լինի, համայնքն իրավունք ունի։

Եթե սեփականատերն առանց շինթույլտվության կատարում է սեփական հողի վրա ապօրինի շինարարական աշխատանքներ, համայնք ուղղակի իրավունք չունի գնալու ու ապամոնտաժելու։ Համայնքը պարտավոր է արձանագրություն կազմելու, վարույթ կատարելու, որից հետո ժամկետ է տրվում հետևանքները վերացնելու, եթե ժամկետում չի կատարում, պիտի տրվի դատարան»։

Նաև պարզաբանեցին, որ տվյալ դեպքում առանց շինթույլտվության շինարարություն սկսելու համար սեփականատերը ենթարկվում է վարչական պատասխանատվության, գումարը պիտի վճարի, հետևանքները վերացնի։

Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, տվյալ դեպքում սեփականատերը ենթարկվել է վարչական պատասխանատվության, տուգանվել է 500 հազար դրամով, գումարը վճարել է, հետևանքները վերացրել է, որից հետո շարունակել է շինաշխատանքերը։ Իսկ համայնքի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ, որի լսումը կատարվել է հենց ավագանու նիստի օրը։

«Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանը դարձյալ հետաքրքրվեց, թե հետևանքները վերացնելը ո՞րն է, երբ նախագիծը հաստատված չէ, շինթույլտվություն չունի, շարունակել է շինարարություն կատարել, ծանր տեխնիկա կիրառել ամիսներ շարունակ։

«Գյումրին ճարտարապետական-մշակութային քաղաք է․ տուֆաշեն շենքերի կողքին մի «ժեշտից» չգիտեմ ինչ կառույց է բարձրացել, ցելաֆոնները բացվում են, նոր պարզվում է ընդհանրապես ո՛չ շինթույլտվություն ունի, ո՛չ նախագիծ ունի, համապատասխան մարմինները որտե՞ղ են՝ և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունը»,- հարցրեց «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամը։

«Զարթոնք» խմբակցության անդամին պարզաբանեցին, որ համայնքը նախ իրավասու է անձին ենթարկելու վարչական պատասխանատվության, որից հետո պարտավոր են դիմել դատախազությանը, որպեսզի նախաձեռնվի քրեական վարույթ։

Տվյալ դեպքում անձը վարչական պատասխանատվության երկրորդ անգամ դեռ չի ենթարկվել։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հարցրեց՝ ինչո՞ւ համայնքը ժամանակին չի արձագանքել, եթե վարչական իրավախախտում կար, ժամկետներ կան, ինչո՞ւ չի կազմվել արձանագրություն, ինչո՞ւ համայնքը չի դիմել դատախազություն կամ եթե քաղիրավական հարաբերություններ էին, պիտի դիմեր դատարան, ինչո՞ւ չի դիմել դատարան՝ կասեցնելով շինարարությունը մինչև որ դատարանը որոշում կայացներ։

Նա նկատեց․ «Բանը բանից անցել է, նոր վարույթ եք նախաձեռնո՞ւմ, քննարկում»։

Սա, ըստ նրա, շատ վատ օրինակ է Գյումրի քաղաքի համար, գցում է ճարտարապետական տեսքը ու խիստ մոտեցում պիտի ցուցաբերվի։

Ըստ Կարեն Մալխասյանի, պիտի խոստովանել, որ համայնքը թերացել է այս հարցում, եթե վարչական իրավախախտում կար, ժամկետներում պիտի կազմվեր արձանագրություն, իսկ արձանագրություն կազմելը չի ազատում համայնքին պարտականություններից։
«Ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում կա՞ նման այլ տեղ, թե՞ չկա․ կա օրենքի գերակայություն, իրավունքի գերակայություն, չի կարող մասնավոր անձն ասել՝ դա իմ տարածքն է , ինչ ուզեմ, կկառուցեմ այնտեղ»,-ասաց Կարեն Մալխասյանը։

«Բոլոր դեպքերում օրինականացման ենթակա կառույց չէ, երբեք չի օրինական», -հայտարարեցին քաղաքապետարանից։

Նաև պարզաբանեցին՝ եթե պիտի քանդվի, դա պիտի արվի դատարանի միջոցով։

Ավագանու նիստը ստորև․ տվյալ կառույցի մասին քննարկումը՝ 2․21․33 րոպեից՝

Aravot.am-ն այս հարցի շուրջ պատրաստ է լսելու նաև սեփականատեր Սևակ Գոմցյանին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930