Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատուհանների տակ մեր մեքենաները կայանելու համար ինչո՞ւ եք մեզանից 160 հազար դրամ պահանջում»․ ավտոկայանման վճարի բարձրացման նախագիծը՝ ավագանու նիստում

Դեկտեմբեր 26,2023 15:34

«Երեւանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էինք 1 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք։ Վճարի բարձրացումը հաջորդ տարի լրացուցիչ 150 միլիոն դրամ կբերի քաղաքային բյուջե», – այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում տեղական վճարների դրույքաչափը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին ավտոկայանատեղեր՝ կարմիր գծերի վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 միլիոն դրամ, 2023–ին` 960 միլիոն դրամ։

Նիստում այս հարցը բուռն քննարկվեց, առաջարկ եղավ հարցը մեկ տարով հետաձգել, տրանսպորտի վիճակը բարելավել, նոր կայանատեղեր  ստեղծել, հետո անդրադառնալ այս հարցին։

«Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանին նախագիծը շատ է ուրախացրել։ Նա ասաց՝  եթե չբեռնաթափվի կենտրոնը, տրասնպորտը  ճիշտ ժամանակին չի կարող աշխատել․ «Ինձ համար սա քաղաքի համաչափ զարգացման նախագիծ է»։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում՝ «Ա» գոտում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը 160 000 դրամ սահմանել՝ տարեկան։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ասաց՝ զեկուցողն ասում  է ֆինանսական շահ չեն հետապնդում սրանով․«ՔՊ-ն եկել է իշխանության թալանին դեմ լինելու կոչերով, կամերաները հանելու խոստումներով։ Կարմիր գծերն  էլ կամերայի մորքուրի տղեն է, տրամաբանորեն էդտեղ էլ նույն բանը պիտի անեին։ Կարմիր գծերը թանկանում են, կամերաները՝ շատանում»։

Հակոբյանն ասաց, որ օրինակ ինքը կենտրոնում է բնակվում, իր մեքենան որտե՞ղ պետք է կայանի․ «Մեր պատուհանների տակ մեր մեքենաները կայանելու համար ինչո՞ւ եք մեզանից 160 հազար դրամ պահանջում։ Եվրոպական քաղաքների մեծ մասում տարեկան մուծում չկա, մի քանի ամսով է, ու քաղաքացին որտեղ բնակվում է, այդտեղ արտոնություններ են գործում։ Եթե դուք ֆինանսական շահ չեք  հետապնդում, կենտրոնի ժողովրդից էլ նեղացած չեք, որ ձեզ ընդամենը հինգ հազար ձայն է տվել, ոնց է ստացվում, որ մեր մասին մոռացել եք»։

Հակոբյանն ասաց, որ 160 հազար դրամը բավականին թանկ վճար է։

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ Թբիլիսիի հետ էլ համեմատություններ եղան, Երեւանի բյուջեն Թբիլիսիի բյուջեից կրկնակի նվազ է․«Այս տուրքերն այն ծավալների չենք ավելացրել, որ համեմատվենք Թբիլիսիի հետ»։

Ավինյանն ասաց, որ միանվագ տարեկան վճարի վերացումը կարող է դառնալ քննարկման առարկա․«Մեր խնդիր այն չէ, որ ուղղակի անհարմարավետ պայմաններ ստեղծենք, այլ հակառակը, որոշակի սահմանափակումներ մտցնենք եւ եթե օրինակ տարեկան վճարը շատ է որոշ խավի համար, քննարկենք հաջորդ նիստին»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031