Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք, հայրենիքի այս կամ այն մասի կորստի մասին երգեր չենք հորինելու». Դավիթ Գալստյան

Դեկտեմբեր 27,2023 18:17

Հասարակական կազմակերպությունը զբաղվելու է հիմնականում արցախցիներին Հայաստանում պահելու, բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի, կեցության, սոցիալական հարցերը թեթեւացնելով՝ պահել հայրենիքի այս հատվածում. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Արդարություն եւ վերադարձ» ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք, հայրենիքի այս կամ այն մասի կորստի մասին երգեր չենք հորինելու. փորձելու ենք եւ անելու ենք մեզանից կախված ամենը: Արցախը համայն հայության հայրենիքն է, եւ այսօրվա մեր աշխատանքն ուղղված է ոչ թե արցախցիների՝ Արցախ վերադառնալուն, այլ հայը պետք է վերադառնա Արցախ, որպեսզի մենք կարողանանք Արցախ աշխարհը պահել հայկական: Ցավոք, կան խնդիրներ, կան խոչընդոտներ, բայց քայլ առ քայլ, խնդիրները հաղթահարելով, պետք է անել մեզնից կախվածը»,- ասաց Դավիթ Գալստյանը:

Կազմակերպության համահիմնադիրներից Մարիամ Աթայանն էլ ասաց, որ 1988-ին հաղթեցինք եւ հիմնադրեցինք երկու հայկական պետություն, քանզի միակամ եւ միաբան էինք: 2023 թվականի հայրենազրկումն այսպես չի կարող մնալ, բայց պետք է գիտակցենք, որ այլեւս Ղարաբաղյան խնդրի հին բովանդակություն չկա, եւ այս փուլից պետք է սկսել հայկական մեծ վերածնունդը, որի մեջ ներառվում է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, Սփյուռքը, մեր շահերն ու մեր ռեսուրսները. «Դադարեցնել է պետք ողբը, անհրաժեշտ է աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության՝ մշակել համահայկական նոր օրակարգ՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք համաժողովում: Արցախը ողջ հայ ազգի հայրենիքն է, եւ հայկական Արցախ վերադառնալու իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր հայ»:

Պատասխանելով հարցին, որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի սուբյեկտայնությունը պահպանող որեւէ կառույցի գործունեությանը Հայաստանում եւ ներկայիս իրողությունների պարագայում որքանո՞վ է իրական հայկական Արցախի գոյությունը, կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գալստյանը պատասխանեց՝ ասելով՝ 2018 թվականի մայիսին, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները չէին կարող երազել, որ իրենք մի օր Ստեփանակերտում զորահանդես կանեն, բայց տարիներ անց, թե աշխարհաքաղաքական իրողություններից, թե մնացյալ հանգամանքներից ելնելով՝ նրանք տիրացել են հայրենիքի այն մասին, որն իրենց չի պատկանում. «Մենք ունենք հայրենիք կորցնելու դառը փորձ եւ այդ փորձից պետք է դասեր քաղենք, ձեռագիր եւ աշխատաոճ փոխենք, փորձենք միավորել հայանպաստ գործունեություն իրականացնող ուժերին: Ես հույսով լցված եմ եւ համոզված եմ, որ ճիշտ աշխատանքի պարագայում մենք ունենալու ենք Արցախ վերադառնալու հնարավորություն եւ ոչ թե լուռ նստենք եւ սպասենք, թե ո՞վ, որպես նվեր կմատուցի մեզ՝ մեր հայրենիքը: Դա չի լինելու: Ինչ վերաբերվում է օրվա իշխանություններին, որ փորձում են Արցախի թեման փակել՝ ոչ ոք չի կարող հայր, հայրենիքի թեման փակել կամ շրջել այդ էջը: Ով էլ ինչ փորձի անել՝ համոզված եմ, ձախողվելու է: Որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի փակել Արցախի էջը : Սա մեր խաչն է եւ պետք է փորձենք մեր սերունդներին ժառանգել հայկական Արցախ, ոչ թե հույսեր»:

Կազմակերպության համադիմնադիր Մետաքսե Հակոբյանն էլ հավելեց, որ նաեւ Արցախում են խոչընդոտներ եղել, հատկապես շրջափակման ամիսներին, բայց դրանք հնարավոր եղել է շրջանցել:

Արցախի խորհրդարանի պատգամավորները հավաստիացրեցին, որ հիմնելով հասարակական այս հարթակը, իրենք բնավ չեն պատրաստվում անտեսել կամ ստվերել Արցախի խորհրդարանի պատգամավորի իրենց առաքելությունը, պարզապես, հասարակական կազմակերպությունը գործունեության ավելի լայն դաշտ եւ հնարավորություն է ընձեռում՝ հասարակական դաշտում առավել դյուրին է հասարակական միավորում ապահովել, քան քաղաքական: Իսկ Արցախի խորհրդարանի միասնական դիրքորոշմանն ականատես կլինենք այն ժամանակ, երբ դա առկա լինի: Դավիթ Գալստյանը վստահեցրեց՝ դիրքորոշումը հիմնականում նույնն է, դրան հասնելու ճանապարհներն են տարբեր, որոնց ընդհանրացմամբ էլ զբաղվում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031