Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. «Մենք պարտավոր ենք գալիք տարին և տարիներն օգտագործել արդյունավետ կերպով՝ վերականգնելու մեր արժանապատվությունն ու անդորրը, փայփայելու Հայոց Հայրենիքի մնացյալ մասը»

Հունվար 01,2024 12:20

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Այս տարին ամփոփելիս բոլորս մտաբերում ենք առաջնահերթորեն արյուն, կորուստ, արտասուք, ազգային մեծագույն ողբերգություն, խարան, քանի որ կորցրել ենք մեր հինավուրց և սրբազան Հայրենիքը, մեր արժանապատվությունն ու արժեհամակարգի հենասյունը: Իրականում անհնար է բառերով նկարագրել այն ցավը, որն ապրել ու ապրում են արցախահայությունը և Արցախի բացառիկ արժեքը գիտակցող հայերը:

Մյուս կողմից, սա մեր պատմության ավարտը չէ, և կյանքը շարունակվում է՝ իր մարտահրավերներով ու հնարավորություններով հանդերձ: Ուստի, մենք պարտավոր ենք գալիք տարին և տարիներն օգտագործել արդյունավետ կերպով՝ վերականգնելու մեր արժանապատվությունն ու անդորրը, փայփայելու Հայոց Հայրենիքի մնացյալ մասը և արժանապատիվ կերպով վերադառնալու Արցախ: Այդ նպատակը ենթադրում է ազգային գաղափարախոսություն ու համախմբում, արդյունավետ կառավարում ու հզոր Հայոց Պետականություն:

Թո՛ղ 2024 թվականը բերի արժեհամակարգային հարություն և երկարաժամկետ պայքարի ոգի մեր ժողովրդի համար, իսկ յուրաքանչյուր հայի օջախին՝ երջանկություն, ներդաշնակություն ու խաղաղություն: Թո՛ղ կորչեն անցնող տարվա մեղքերը, զրկանքներն ու դժբախտությունները:

Շնորհակալություն Հայրենիքի ու մեր բոլորիս արժանապատվության պաշտպանության գործում այս տարի ևս ներդրում ունեցած անձանց՝ զոհված թե ողջ: Հատուկ խոնարհումս բոլոր ժամանակների զոհվածների հարազատներին և այժմ Հայոց Հայրենիքի սահմանները հսկող պաշտպաններին: Ներողություն բոլոր հայրենակիցներիս իմ բաժին բացթողումների համար:

Սրտանց ու ամուր գրկում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են Արցախի արժեքը, խորապես ցավում են մեր կորուստների համար և զգում են պատասխանատվություն Մայր Հայաստանը փայփայելու և Արցախը վերադարձնելու ապագա պայքարի մեջ: Իսկ Արցախի էջը փակելու ցանկություն ունեցող անձինք կա՛մ դարձի կգան, կա՛մ մեկ օր կառերեսվեն Ժողովրդի ու Աստծո արդար դատաստանին:

Անկախ բոլոր հանգամանքներից՝ շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ:

Բոլորիս միահամուռ հավատքով ու ջանքով՝ մենք մեկ օր անվտանգ ու արժանապատիվ կերպով տոնելու ենք այս տոները կրկին Արցախում, վերագտնելու ենք մեր սրտերն ու հոգիներն այնտեղ:

 

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031