Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած արցախցիները դուրս են գրվել․ մեկ հիվանդ՝ ծանր վիճակում շարունակում է բուժումը․ Անահիտ Ավանեսյան

Հունվար 12,2024 12:05

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած աղետալի պայթյունից տուժած արցախցիները դուրս են գրվել Երեւանի այրվածքաբանության ազգային կենտրոնից։ Այս բուժկենտրոնում բուժում է ստանում մեկ քաղաքացի, որի վիճակը ծանր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ արտերկրում բուժում ստացող պայթյունից տուժած մեր հայրենակիցներն արդեն վերադառնում են, նրանց մոտ բավականին լավ արդյունքներ են գրանցվել, նրանք բուժումը շարունակելու են ստանալ Հայաստանի բուժկենտրոններում;

ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին Հայաստանում տրամադրվում է անվճար բուժօգնություն՝ պետպատվերի շրջանակներում հասանելի հիվանդությունների դեպքում։

Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդանոցներում արցախցիներից գումար են գանձում․ արդյոք նախարարությունը նման ահազանգեր ստանո՞ւմ է, եւ ինչպե՞ս է վերահսկում, որ նման դեպքեր չլինեն։ Այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց՝ պետպատվերի ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա, քաղաքացին պետք է կցագրվի որեւէ ամբուլատորիայում կամ պոլիկլինիկայում։

«ԼՂ-ից բռնի տեղահանված 67 հազար քաղաքացի կա, որոնք գրանցվել են պոլիկլինիկաներում, որտեղ պետք է ստանան առաջնային բուժօգնությունը, կարիքի դեպքում՝ բժշկի ուղեգրումով հիվանդանոց։ Այս ընթացքում 5796 հիվանդանոցային բժշկական օգնություն է նրանց տրամադրվել։ Սա փաստում է, որ պետական պատվերի շրջանակում նրանց տրամադրվող ծառայություններն անվճար են»,-ասաց նախարարը։

Ավանեսյանի ներկայացմամբ՝ պետական պատվերը առողջապահական բոլոր ծառայությունները չի փակում․ «Պետք է ծավալները հստակեցնենք, որպեսզի ակնկալիքն էլ քաղաքացիների ճիշտ լինի»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031