Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնկարանի հիմնմամբ՝ ուզում եմ նպաստել նաև աղտոտված օդի մաքրմանը․ համայնքին կից աղբավայր է գործում»․ Արջուտ համայնքի բնակիչ

Հունվար 26,2024 11:00

ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի բնակիչ Արտակ Կարապետյանը ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից մեկի՝ «Լոռվա ձոր» Տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) միջոցով տրամադրված դրամաշնորհով կկարողանա իրականություն դարձնել իր՝ տնկարան հիմնելու գաղափարը։ Ստեղծելու է դեկորատիվ ծառերի բազմաֆունկցիոնալ տնկարան, կառուցելու է ջերմոց, ներդնելու կաթիլային ոռոգման համակարգ։ Նա զբաղվում է դեկորատիվ տնկիների, ծառերի աճեցմամբ։ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ ընդգրկվելով «Լոռվա ձոր» ՏԱԽ-ում, մասնակցել է կարողությունների բարելավմանն ուղղված վերապատրաստումների, ՏԱԽ տարածքում համայնքների զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումների։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Արտակ Կարապետյանն ասաց, որ դրամաշնորհի շրջանակներում իրեն հատկացվել է 3 միլիոն 900 հազար դրամ գումար․ «Ես ծրագրում գրել եմ, որ ցանկանում եմ հիմնել մեկ հեկտար տարածքով տնկարան՝ մոտ 200 քառակուսի մետր ջերմոցով, կաթիլային ոռոգմամբ, բայց ապագայում պետք է զարգացնենք ու ավելացնենք։ Ինքս ևս ներդրումներ եմ արել, որպեսզի կարողանանք կառուցել մեր մտածած տնկարանը»։

Արջուտ համայնքի բնակիչն այս ծրագրով փորձում է իր ուժերի չափով մեղմել նաև իր հարազատ համայնքում գոյություն ունեցող բնապահպանական խնդիրները․ «Մեր բնակավայրի կլիման այնպիսին է, որ մեզ մոտ շատ ավազոտ հողեր են, ինչը նպաստում է մշտադալար բույսերի աճին։ Դա էլ է մեր տնկարանի համար նպաստող հանգամանք։ Շատ եմ ուզում, որ մեր երկիրը, մեր տարածաշրջանը ծաղկի, կանաչի, որովհետև 90-ականների ծառեր շատ են հատվել, հիմա էլ շարունակվում է, ուստի տնկարան եմ հիմնում, որ զարգացնեմ բնությունը, քանի որ բոլորս կախված ենք բնությունից»։

Նա ցավով նշեց, որ Արջուտ բնակավայրին կից կա աղբավայր, որը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում բնակավայրի համար։ Ուստի իր՝ տնկարանի հիմնմամբ ինչ-որ կերպ ուզում է նպաստել այդ աղտոտված օդի մաքրմանը։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է արդյունավետ LEADER մեթոդաբանությունը, տեղական ակտիվ խմբերի գործունեությունը որքանո՞վ է նպաստում ավելի ժողովրդավար համայնքի ձևավորմանը, Արտակ Կարապետյանը պատասխանեց․ «Մեր՝ «Լոռվա ձոր» տեղական ակտիվ խմբում 50 և ավելի անձինք կան ներգրավված, ՏԱԽ-ի անդամների միջոցով ընտրվել են մեր համայնքների զարգացման համար առաջնահերթությունները։ ՏԱԽ-ի անդամները բնակավայրերի ներկայացուցիչներն են, որոնք ամեն մեկն իր ձայնով փորձում է ինչ-որ կերպ իր բնակավայրի խնդիրները ներկայացնել ՏԱԽ տարածքում, ինչը արդյունավետ մոտեցում է։ Քննարկումների ընթացքում նաև որոշվել են մեր ապագա ծրագրերը, ինչ ուղիներով ենք առաջ գնալու, որպեսզի կարողանանք զարգացնել մեր համայնքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031