Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը, այցելել 82-ամյա Սեդա Յարալյանին

Հունվար 27,2024 21:45

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 26-ին այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ վարչապետի տիկինն այցելել է Սառնաղբյուրի եղբայրական պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին:

Վարչապետի տիկինը հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը:

Հովհաննեսը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է նախ Գյումրիում, ապա Լեռնային Ղարաբաղում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հովհաննեսին 4 ամիս էր մնացել ծառայելու: Մայրը` Անժիկ Խաչատրյանը, վարչապետի տիկնոջը որդու կյանքից դրվագներ է պատմել: Հովհաննեսը մինչև ծառայության անցնելը սովորել է Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայում:

Անժիկ Խաչատրյանը պատմել է, որ տղայի հետ վերջին անգամ խոսել են 2020-ի հոկտեմբերի 1-ին, հետո համածառայակիցներից իմացել են, որ հոկտեմբերի 3-ին Հովհաննեսը շրջափակման մեջ է ընկել և զոհվել: Հովհաննեսի ընտանիքը որդու մարմինը կարողացել է հողին հանձնել 11 ամիս անց:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծնողներից հերոս դաստիարակելու համար և Հովհաննեսի արարքը անգնահատելի է համարել:
Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Աննա Հակոբյանը Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ այցելել է Գյումրիում բնակվող 82-ամյա Սեդա Յարալյանին, որի որդին` Արտյոմ Յարալյանը անմահացել է 44-օրյա պատերազմում: Արտյոմը կամավոր է պատերազմ մեկնել` 38 տարեկանում:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Սեդա Յարալյանի առողջական վիճակով, լսել նրա պատմությունը: Տիկին Սեդան երեք որդի է ունեցել, երկուսը մահացել էին ավելի վաղ, Արտյոմը երրորդ որդին էր:
Վարչապետի տիկինն ու Շիրակի մարզպետն առողջություն և համբերություն են մաղթել Սեդա Յարալյանին:

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031