Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամենակարեւոր արժեքներին՝ դավանանքին, մեր մշակութային կարեւոր սյուներին հարվածում են». Աննա Մայիլյան

Փետրվար 01,2024 15:35

«Քանի որ առիթ է ընձեռվել, ուզում եմ շնորհավորել մեր բանակի 32-րդ տարեդարձը: Բանակն ամենակարեւոր ինստիտուտն է, որ հուսամ, պիտի պահպանենք: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր մեջ երբեք այդ գիտակցությունը չմեռնի, որ բանակն ամենակարեւորն է, միշտ պետք է լինենք բանակի կողքին: Խոնարհվում եմ մեր կողքին ապրող բոլոր կռված մարդկանց առաջ եւ փառք մեր հերոսներին»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:

«Ես ամեն օր անցնում եմ գետնանցումով, որտեղ վերջերս տղաները նկարում էին մեր հերոսներից մեկին: Անցնելիս ես պարտադիր խոնարհվում եմ այդ նկարի առջեւ: Ի դեպ, կռված տղաներ էին նկարողները, նաեւ իրենց եմ շնորհակալ: Անընդհատ պետք է հիշել, փառաբանել մեր հերոսներին, մեր հողը, մեր հողի համար կռվող մարդկանց»,-հավելեց երգչուհին:

Նրա խոսքով, ամեն օր միտումնավոր որեւէ սթրեսային թեմա է նետվում քննարկման ու զբաղեցնելու համար. «Միգուցե դա նրա համար է, որ ավելի մեծ արհավիրքը թմրած վիճակով ընդունենք, բայց ես կարծում եմ՝ մեր ժողովուրդն այսպես հանգիստ չպետք է ապրի, պետք է ո՛չ ասվի այն ամենին, ինչ տեղի է ունենում հիմա: Մեր ամենակարեւոր արժեքներին՝ դավանանքին, մեր մշակութային կարեւոր սյուներին հարվածում են…Ինչի համար է սա արվում: Կարծում եմ, որ համապատասխան մասնագետների կողմից ոչ թե պետք է ուշացած արձագանքներ լինեն, այլ կոնկրետ ու հարկ եղած պահին»:

Անդրադառնալով ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի արձագանքին՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծի վերաբերյալ՝ երգչուհին ասաց. «Դրա համար շնորհակալ եմ, բայց կարծում եմ, որ դա պետք է անմիջապես լիներ: Հարազատ եկեղեցուն են ամեն օր թիրախավորում…Կարծում եմ, որ եկեղեցին որպես կարեւորագույն ազգային ինստիտուտ հատուկ է թիրախավորվում, եւ ինչու է արձագանքը շատ ուշ լինում, ինչու պետք է հենց մեր երկրի ներսում հակաեկեղեցական շարժումների հանդիպենք ու հենց այդ պահին չպայքարենք այս ամենի դեմ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829