Հարցազրույց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Աննա Մայիլյանի հետ
– Մեր իշխանությունների վարած քաղաքականությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մեզ տանելու են դավանափոխության, հրաժարվելու են մեսրոպատառ այբուբենից` անցնելով լատինատառի, եւ այն ամենից, ինչը մերն է, ազգային է:
– Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր, պարզ է դառնում, որ թելադրված է, այսինքն՝ Հայաստանը չպետք է լինի միատարր մարմին, պետք է ձուլվի, որովհետեւ այդպես հարմար է թելադրողին: Բայց ինչո՞ւ մեր «հարեւանները» չպետք է ունենան նույն խնդիրը, հենց մենք պետք է ունենանք, դա ինձ համար մի քիչ տարօրինակ է: Ինչո՞ւ չպետք է բարձրաձայնվի Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի հարցը, ինչո՞ւ չպետք է առաջ քաշվի պահանջատիրությունը, չէ՞ որ իմ` Մայիլյանների ընտանիքը մազապուրծ եղած է: Ժամանակին Փառանձեմ տատը փախավ այնտեղից, որպեսզի կարողանա իմ պապիկին ծննդաբերի Իջեւանում: Մենք կարող էինք ապրել Շուշիում, ինչպես պետք է լիներ, որովհետեւ մեծ հայրս արմատներով շուշեցի էր: Դա չեղավ: Մորս կողմն էլ` Վան եւ Կարին, այսինքն` ես ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգ եմ: Հիմա ինձ պետք է ասեն` ինչո՞ւ պապդ չծնվեց այնտեղ, ինչո՞ւ Փառանձեմ տատը չմահացավ, պիտի զոհվե՞ր անպայման, ինչպես արցախցիներին են ասում: Եթե կային ընտանիքներ, որոնք զինված չէին, եւ փրկվելու տարբերակ կար, ինչ է, պիտի գնային եւ իրենց վիզը տային, որ կտրվե՞ր անպայման: Եկեք հարց տանք, թե ինչու է այդ «հարեւանն» այդքան ագրեսիվ, ինչու ինքը չի կարողանում իր համակեցությունը դասավորել այնպես, որ համերաշխ ապրի հարեւանների հետ, ինչու պետք է ոչնչացներ բազմադարյա հայկական քրիստոնեական մշակույթը, ինչու պետք է անպայման սպանվի հայ ժողովուրդն այսօր: Այստեղ արդեն խորը գնացող հարցեր կան՝ մեր ինքնության հետ կապված, որ ձեռք չեն տալիս նրան:
– Ասացիք՝ Բաքու եւ Սումգայիթ, բայց Արցախի ցեղասպանության մասին ենք լռում, Արցախ տեղանվան վրա է տաբու դրված:
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ մենք գտնվում ենք այն վիճակում, երբ վերքը բացված է, եւ էլ ցավ չես զգում: Այսինքն, այդ վերքի վրա այնքան են աղ լցրել, որ դու արդեն էլ ցավ չես զգում, ասում ենք` լցրեք: Մենք ակնհայտ ունենք թարմ վերք, որը շարունակվում է եւ չի փակվում: Եթե այդ անկլավների հարցն առաջ քաշվի, մենք անմիջապես վտանգի տակ ենք լինելու: Դրա մասին խոսում են քարտեզագետները, քաղաքագետները: Բայց պատմաբանները չեն բարձրաձայնում, չեն խոսում, չենք լսում, ամեն դեպքում: Միայն քաղաքագետներին ենք լսում, ոչ մի պատմաբան ակնհայտ մեջտեղ չի գալիս, չենք տեսնում, համենայնդեպս, գուցե պետք է առա՞ջ գան, իսկ ինչի՞ համար են իրենք:
– Կարո՞ղ ենք ասել՝ եթե հունիսի 7-ին պարտվեն ազգային ուժերը, համարենք, որ պարտվել ենք 1918-ին Սարդարապատում:
– Ամեն դեպքում, եկեք տրամադրվենք դրական: Որ պետք է փոփոխություններ լինեն մեր երկրում, դա միանշանակ է եւ կարեւոր, որովհետեւ այսպես այլեւս ապրել չի կարելի. Արարատ լեռ չունենալով, անճաշակ երաժշտություն լսելով, «անկլավներ» հանձնելով, թշնամուն մեր երկիր հրավիրելով, որպեսզի մեզ խեղդի, վերջացնի, գնանք: Այս անվերջանալի զիջումներով մենք այլեւս չենք կարող ազգ լինել, կվերանանք: Մաշտոցին դասագրքերից հանելով եւ այլն, եւ այլն: Անվերջանալի է այս ամենը: Այսպես չի կարելի, անպայման պետք է կանգառ լինի, մենք այսպես հասնելու ենք հատակին: Մեր ժողովուրդը պետք է սթափ գնահատի ամեն ինչ, ոչ թե կուրորեն գնա ինչ-որ մարդկանց հետեւից, այլ սթափ պետք է գնահատի իրավիճակը: Մեր երկրի վիճակն այսօր միայն ասֆալտ փռելով եւ ինչ-որ մի տեղ դպրոց կառուցելով չէ, դրանք ժամանակավոր բաներ են, բայց մենք ունենք գլոբալ կարեւոր հարցեր, ամբողջ երկրի մասին է խոսքը, այլ ոչ թե ասֆալտի կամ դպրոցի: Ամեն դեպքում, Մաշտոցին դասագրքից հանելը կապիտուլյացիա է, վերջն է, էլ չեմ կարող խոսել ոչ մի բանից: Մենք կանգնած ենք շատ-շատ վտանգավոր մի մարտահրավերի առջեւ եւ պետք է սթափվենք, ուշքի գանք, հասկանանք` ինչ է կատարվում: Հենց մենք, որպես քաղաքացի, ոչ թե ինչ-որ լիդերներ, որոնք լավ կամ վատ են, այլ մենք, որ մեր երկրի տերն ենք, եթե ժողովուրդը տեր չկանգնի, ո՞վ է տեր լինելու:
– Ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս դիրքավորվենք, որ հունիսի 7-ին չպարտվենք:
– Պետք է գնանք ընտրություն, անպայման: Բոլորս պետք է առանց տրտնջալու, Քրիստոսի ձեռքը բռնած՝ գնանք ընտրության: Ով ում ուզում է՝ թող ընտրի, բայց պետք է գնանք, որ հետո չփոշմանենք: Իսկ ովքեր նստեցին տանը եւ ասացին` ինչ ուզում է լինի, դա տանելու է կործանման: Պետք է, ի վերջո, բազմոցներից պոկվենք, երկու քայլ անենք, գնանք եւ ընտրենք, գոնե հանգիստ լինենք, որ քաղաքացու մեր պարտքը կատարել ենք: Առանց մտահոգվելու, կասկածելու, առանց տրտնջալու, որ միշտ է եղել, թե` գնացինք, բայց ի՞նչ եղավ: Ոչինչ, մենք պայքարող ժողովուրդ ենք, միշտ էլ պետք է ուժ գտնենք, վեր կենանք եւ քայլենք:
Հուսիկ ԱՐԱ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































