Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյան. Ես նիկոլական եմ, բայց…

Փետրվար 07,2024 12:49

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մանիֆեստ

«ԵՍ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԵՄ, ԲԱՅՑ»

Տեքստ, որ հավանաբար շատ քիչ մարդու դուր կգա։

Վերջերս հայաստանյան հրապարակախոսության մեջ ծնվեց տեքստերի նոր ժանր «ես նիկոլական չեմ, բայց»։ Ես կփորձեմ շարունակել այդ ժանրը, բայց մի քիչ ձևափոխված։ Առաջին մասում կլինի այն մասին թե ինչու և որ հարցերում եմ աջակցում ՔՊ-ին և Փաշինյանին, երկրորդ մասում կլինի այն թե, որ հարցերում ես նրանց հետ համաձայն չեմ։ Եթե դուք մոլի հակա-նիկոլական եք, խնդրում եմ կարդալ առաջին մասը և ինձ «անֆռենդ» անել։ Հակառակ պարագայում, կարող եք նույնը անել երկրորդ մասը կարդալուց հետո։ Եթե ալարում եք կարդալ, ապա կարճ բովանդակությունը հետևյալն է․ ես մի շարք հարցերում աջակցում եմ Փաշինյանին և ՔՊ-ին, մասնավորապես Ռուսաստանի գաղութային լծից ազատվելու և խաղաղության օրակարգի հարցում։ ԲԱՅՑ, ինձ համար անընդունելի են շատ բաներ, որոնք այսօր տեղի են ունենում, մասնավորապես սոցիալ-տնտեսական նեոլիբերալ քաղաքականությունը, շարունակվող հանքահենությունը, մշակութային ժառանգության ոչնչացումը, իրավապահների կողմից մարդու իրավունքների խախտումները և այլն։ Բայց նաև ես չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը բարձրաձայնի այն խնդիրները, որոնք ինձ են հուզում, և այսօր դաշտում եղած քաղաքական ուժերից որևէ մեկն ինձ ավելի մոտ չէ իր գաղափարներով, քան ՔՊ-ն։ Իհարկե, լավ կլիներ, որ ձևավորվեր մի քաղաքական ուժ, որը կառաջարկեր ոչ թե նեոֆաշիստական-գաղութատիրական, այլ մարդասիրական այլընտրանք, բայց այդպիսի ուժ այսօր կարծես չկա, կամ նրա ձայնը դեռ չի լսվում։ Եվ ուրեմն․․․

1․ Այո, ես մի շարք կարևոր հարցերում աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին, հետևյալ պատճառներով։

1․1 Իմ կարծիքով, այսօր այնպես է ստացվել, որ աջակցել Փաշինյանին և ՔՊ-ին նշանակում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, անկախությանը և ինքնիշխանությանը՝ դրսի բռնապետների դեմ։

1․2 Շատ անարդար է Փաշինյանի և ՔՊ-ի վրա բարդել պատասխանատվությունը այն ռազմավարական սխալների համար, որոնք արվել են դեռ 20-30 տարի առաջ և որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում։

1․3 Փաշինյանն ու ՔՊ-ն այսօր փորձում են քաղաքական դաշտ բերել հայաստանակենտրոն և իրատեսական մտածողություն, ինչը առաջացնում է կեղծ օրակարգերով դաստիարակված հայ մտավորականության զայրույթը։ Ես ինքս նախկինում լինելով կեղծ օրակարգերով դաստիարակված մարդ, հասկանում եմ որքան կարևոր է դա։

1․5 Փաշինյանի քննադատները շատ ագրեսիվ են և փորձում են Փաշինյանին աջակցողների բերանը փակեն, նրանց պիտակավորեն։ Իսկ ինձ դուր է գալիս նման մարդկանց «տռոլինգի» ենթարկել, այնպես, որ այո, հատուկ ձեր շնորհիվ, մոլի հականիկոլականներ, ես մնում եմ նիկոլական։

2․ Մի շարք կարևոր հարցերում ինձ դուր չի գալիս այն ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր, օրինակ

2․1 Բարձրահարկ շենքերը, որոնք սնկի պես աճում են Երևանում, բազմաթիվ պատճառներով, որոնց մասին կարելի է ժամերով խոսել։

2․2 Այգիների և այլ հանրային տարածքների շարունակվող ոչնչացումը՝ օրինակ՝ հայտնի թենիսի կորտերը կամ Բուսաբանական այգում տեղի ունեցող անհասկանալի բետոնապատումը

2․3 տրանսպորտի հարցում քաղաքականությունը։ Իհարկե, առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ կա որոշակի առաջընթաց, բայց ինձ դուր չի գալիս, որ առաջարկվող նոր համակարգը էլի կառուցվում ա նեոլիբերալ սկզբունքով։ Այո, տրանսպորտը պետք է սուբսիդավորվի, բոլոր զարգացած երկրներում այդպես է, ավտոբուսով երթևեկողները պետք է քիչ վճարեն, Բենթլիներով երթևկողների հարկերի հաշվին և դա նորմալ է։ Էլ չեմ խոսում, որ Երևանից դուրս հանրային տրանսպորտ հասկացություն գոյություն չունի։

2․4 Ինձ դուր չի գալիս, որ իրավապահները, կարծես, սկսել են նորից իրենց շատ ազատ զգալ, և մարդու իրավունքների խախտումները ստացել են համակարգային բնույթ, հատկապես երբ խոսքը խոցելի խմբերի մասին է (միգրանտներ, ԼԳԲՏ համայնք, թմրանյութ օգտագործող մարդիկ, և այլն)։

2․5 Ինձ դուր չի գալիս, որ ամեն քայլին խախտվում են մարդկանց աշխատանքային իրավունքները, իսկ պետական մարմինները ոչինչ չեն անում այդ առումով։

2․6․ Ինձ դուր չի գալիս, որ համարյա ոչինչ չի արվում Հայաստանի պետության աշխարհիկ բնույթը ապահովելու և բոլոր կրոնական համայնքների հավասար իրավունքներն ապահովելու համար։ Իհարկե, Փառք Աստծո, եկեղեցու պատմությունը հանվեց դպրոցներից, բայց դա շատ քիչ է։

2․7 Ինձ դուր չի գալիս, որ շատ քիչ բան է արվում միգրանտներին ինտեգրելու համար։

2․8 Ինձ դուր չի գալիս, որ շարունակում է ոչնչացվել մեր մշակութային ժառանգությունը (նույն թենիսի կորտերը, Սպարտակի համալիրը, Փոստի շենքը և այլն)

2․9 Դե բնապահպանության և հանքերի մասին էլ չեմ խոսում, Ամուլսարը և մնացած ամեն ինչը։

Բայց, ինչպես ասացի, այսօր քաղաքական ուժերից գրեթե ոչ մեկը չի բարձրաձայնում այս հարցերը։ ՔՊ-ին հիմնականում քննադատում են լավագույն դեպքում էթնո-ազգայնականության, վատագույն դեպքում նեոֆաշզիմի դիրքերից։ Բայց, ամենացավալին այն է, որ այդ «պսեվդո-ազգայնականության» տակ թաքնված է Կրեմլի գաղութատիրական օրակարգը։ Եվ ստացվել է այնպես, որ այսօր այդ գաղութատիրական օրակարգի դեմ հիմնական պայքարողը Փաշինյանն ու ՔՊ-ն են։ Այնպես որ, ես շարունակելու եմ նրանց աջակցել։ Բայց նաև քննադատելու եմ այն հարցերում, որոնցում, իմ կարծիքով, պետք է քննադատել։ Եվ եթե լինեն մարդիկ, ում ևս հուզում են այն հարցերը, որոնց մասին ես ասացի, եկեք միասին մտածենք, ինչ անենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Հարգելի պարոն Միքայել Զոլյան, հետաքրքրությամբ և զարմանքով կարդացի Ձեր հոդվածը։ Բավական զարմանալի է, որ Ձեր դժգոհությունների մեջ չեն մտնում օրինակ այլ պետությունների ղեկավարների կողմից պետականության սիմվոլների փոփոխության պահանջների բավարարումը, բանակում խաղաղ պայմաններում զոհերը ավելացումը, ակնհայտ քաղաքական պատճառներով կալանքները, որոշ պաշտոնյաների անհամաչափ հարստացումը։ Բայց այս ամենի փոխարեն Ձեզ անչափ մտահոգում է հայկական եկեղեցու ոչ բավարար տեմպով ոչնչացումը, ԼԳԲՏ համայնքի իրավունքները, հանքերի շահագործմումը և այլն։
    Հ.գ Հարգելի պարոն Սուրեն Զոլյան Դուք մեղավոր եք այպիսի տեսակետներ արտահայտող քաղաքացու դաստիարակության համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829