Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական նիստի ժամին կանչում են շտապօգնություն, որպեսզի արձանագրեն, որ հենց այդ պահին բուժօգնություն են ցույց տալիս Գագիկ Խաչատրյանին». Դատախազ

Փետրվար 14,2024 17:49

Այսօր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին նա չէր եկել: Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ Խաչատրյանն ի վիճակի չի եղել ներկայանալ նիստին, հենց այդ ժամանակ էլ շտապօգնություն է հրավիրվել. «Անկախ դատական նիստից, խնդրել էին, որ շտապօգնություն գա, որ տեղափոխի դատարան, բայց այնպիսի իրավիճակ է, որ չի կարող ներկայանալ»:

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորվում, նման քաղաքականություն է վարում պաշտպանական կողմը. «Արձանագրենք, որ նախորդ դատական նիստին նույնպես հենց կոնկրետ դատական նիստի ժամին հրավիրվել է շտապօգնության մեքենա։ Այսօրվա դատական նիստում պաշտպանը նշեց, որ հենց այս պահին շտապօգնությունն այնտեղ է ու բժշկական օգնություն է ցույց տալիս: Այսինքն, արձանագրենք, որ դատական նիստի ժամին կանչում են շտապօգնություն, որպեսզի արձանագրեն, որ հենց այդ պահին բուժօգնություն են ցույց տալիս: Թե այդ բուժօգնության կարիքը կա-չկա, դա արդեն…Դատական նիստերի անհարկի ձգձգումը շարունակվում է, ինչը ցավոք հնարավոր է դարձել նաեւ ձեր գործողությունների հետեւանքով, հարգելի դատարան: Բազմաթիվ անգամներ միջնորդություն եմ ներկայացրել, որը ձեր կողմից մերժվել է, հետագայում նաեւ ձեր գործողությունների արդյունքում թույլատրվեց, որ ոչ թե առաջնահերթ հարցաքննվի Սեդրակ Առուստամյանը, այլ կրկին միջնորդություն ներկայացվի, որի արդյունքում տեսաք, որ արդեն երկու դատական նիստին Գագիկ Խաչատրյանը չներկայացավ: Ես կարծում եմ, որ այստեղ դատարանի գործողությունները նույնպես գտնվում են այս չներկայանալու հետ պատճառահետեւանքային կապի մեջ: Հետեւաբար, այս պայմաններում ենք գտնվում, որ որեւէ պատշաճ փաստաթուղթ, որեւէ հիմնավորում չի ներկայացվում, որ իրականում այսօր Գագիկ Խաչատրյանը ի վիճակի չէ գալ»:

Դատավորը հորդորեց դիրքորոշում հայտնել՝ շարունակե՞լ դատական նիստը Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, թե՞ հետաձգել: Դատախազը պատասխանեց. «Մի՛ ընդհատեք, թույլ տվեք իմ դիրքորոշումն արտահայտեմ: Ու պաշտպանության կողմից երբ որ շատ երկար դիրքորոշումներ են ներկայացվում, նույն վրդովմունքով չեք արձագանքում: Խնդրում եմ նույն համբերատարությունը դրսեւորել նաեւ այս դեպքում, կողմերի հավասարություն գոյություն ունի»: Դատավորը վիճեց՝ ասելով, որ դատարանին պետք չի ասել, թե կողմերն ինչ իրավունքներ ունեն: Դատախազն արձագանքեց. «Հարկ եղած դեպքում կարող եմ հիշեցնել, որովհետեւ ստացվում է, որ մեկ-մեկ կողմնակալ վերաբերմունք է լինում ձեր կողմից»:

Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը, հաջորդ նիստը կլինի փետրվարի 23-ին:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829