Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը պետք է հայտարարեն, որ դուրս են գալիս աշխատանքից եւ ուսումից». Արամ Թալալյանը՝ կոնսերվատորիան միավորելու, փակելու լուրերի մասին

Մարտ 11,2024 16:02

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միավորման, փակվելու մասին լուրերը բուռն դժգոհությունների տեղիք են տվել, կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում տեղադրված է ծանուցում՝ մարտի 12-ին կայանալիք համակոնսերվատորիական ժողովի մասին: Ավելի վաղ բուհի ռեկտորատը տեղեկացրել էր, որ կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի բուհերի միավորման մասին իր դիրքորոշումը դեռեւս անցած տարի ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին:

Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի դասախոս Արամ Թալալյանը, որի շնորհիվ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 2018 թ. ներդրվել է ERASMUS PLUS ծրագիրը, ասաց, որ չի պատրաստվում մասնակցել որեւէ քննարկման. «Ես դեմ եմ ցանկացած քննարկման, որովհետեւ եթե քննարկում ես, նշանակում է 90 տոկոսով կողմ ես: Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողությունը պետք է հայտարարեն, որ ամբողջովին դուրս են գալիս աշխատանքից եւ ուսումից: Անհամաձայնություն հայտնելու միակ տարբերակը սա է: Ես դուրս եմ գալիս ու չեմ մասնակցում այդ կրկեսին, ուրիշ տարբերակ չեմ տեսնում:

Թեմայի վերաբերյալ բոլոր տեսակի քննարկումները լեգիտիմացնում են այն ու դարձնում են շոու՝ տեսա՞ք, քննարկեցինք, բայց մեկ է՝ իրենք ինչքան հզոր են, որ հաղթեցին: Պարզ է, որ բոլորն անհամաձայնություն ունեն, բայց միակ գործողությունը անհամաձայնություն հայտնելու, սա եմ համարում, ոչ թե աշխատանքի չեմ գալիս եւ աշխատավարձ եմ ստանում, այլ դիմում եմ գրում ու դուրս եմ գալիս, ես ձեր շոուներին չեմ մասնակցում»:

Պարոն Թալալյանը նաեւ չի հավատում, թե քննարկումների արդյունքում կարող է ինչ-որ բան փոխվել, որովհետեւ աչքի առաջ ունի Հայոց պատմության՝ աղմուկ հանած դասագրքի օրինակը. թեեւ բոլոր մասնագիտական կառույցները, բուհերի համապատասխան ամբիոնները, ԳԱԱ պատմության ինստիտուտը, առանձին մասնագետներ խոտանեցին այն, սակայն ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ դասագիրքը մտնելու է դպրոց, ինչին պետք է հարմարվել: «Այդ մեթոդաբանությունը ծանոթ է ինձ, բազմիցս տեսել ենք, թե ինչպես են վարվում նման պարագաներում»,-ասաց Արամ Թալալյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոս Մագդա Մկրտչյանը տարակուսանք է հայտնում՝ կոնսերվատորիան չի կարող ինչ-որ բուհի հետ միանալ, տեղափոխվել, առանձնանալ այն համալիրից, որի հետ ներդաշնակ է: Նրա ձեւակերպմամբ. «Կոնսերվատորիան պետք է մնա իր տեղում, այն օպերայի, ֆիլհարմոնիայի, պարարվեստի համալիր մեծ մշակույթ է, հետեւաբար չի կարող դառնալ ինչ-որ մաս: Մի՞թե Կոմիտասի անվան կոնսերվատորիա չպետք է ունենանք, Կոմիտասին էլ շատ համարեցի՞նք: Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք ավարտել են կոնսերվատորիան, դրսում լավ աշխատանք ունեն, կանգնել կոնսերվատորիայի կողքին: Կոնսերվատորիան չի կարող առանձնանալ օպերայից, պարարվեստից, ֆիլհարմոնիայից, դա նույնն է, որ մի մատը պոկեն: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է ԿԳՄՍ նախարարությունը լինի կենտրոնում, իսկ կոնսերվատորիան՝ չգիտեմ որ չոլերում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031