Իգոր Յավրյան դաշնակահարի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի անունը քաջածանոթ է մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների շրջանում: Aravot.am-ը ժամանակին քանիցս անդրադարձել է նրա գործունեությանը: Ինը տարի է, ինչ արվեստագետն ապրում է երկնային կյանքով։
Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Իգոր Յավրյանին նվիրված հուշ-երեկո էր: Որդին՝ ավստրիաբնակ հանրահայտ ջութակահար Մարտին Յավրյանը, Իգոր Յավրյանի մասնագիտական դասարանի սաները՝ արտերկրում ակտիվ գործունեություն ծավալող և հայաստանաբնակ երաժիշտներն իրենց խոսքով ու կատարումներով, կարծես զրուցում էին հավերժ ապրող իրենց ուսուցչի հետ: Իսկ բեմի երկայնքով պրոֆեսորի լուսանկարն էր, որը համերգի ընթացքում «հսկում» էր ողջ ընթացքը և կարծես խոսում էր դահլիճում ներկա իր հյուրերից յուրաքանչյուրի հետ, իրեն հատուկ ժպիտով, անկասկած, գոհանալով բեմում ծավալվող ու շատ իրական համերգային այս պատումով:
Կարդացեք նաև
Հուշ-երեկոյից օրեր անց, մեզ հետ զրույցում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Եփրեմյանը հայտնեց հետևյալը. «Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի շքեղ երաժշտական հրավառություն եղավ այդ երեկո: Ես, անկեղծ, ապշած էի, թե ինչ հետևողականորեն էր բոլոր կատարումներում ուրվագծվում յավրյանական «շկոլայի» կոդը: Խոստովանում եմ. չէի կարողանում զսպել արցունքներս այն երջանիկ միստիկ զգացողությունից, որ մոտ երկու ժամ անընդմեջ ոչ մի մեկնաբանի ոչ մի նոտա չի հնչում անազնիվ, հենց այնպես՝ անիմաստ ձևի կամ մակերեսային էֆեկտի համար: Որ երաժշտության հանդեպ ոչ միայն սերը, այլև հարգանքը, մեծարումը կատարողներին ստիպում է վերապրել ամեն հնչյունը, նրա բազմերանգ, բազմաշերտ ու խորը պոլիֆոնիկ էությունը: Հեղինակային երաժշտությունն էր առաջին տեղում, նրա առաջնությունը չվիճարկվեց և ոչ մի մեկնաբանի գերակշիռ ես-ի կողմից: Տեխնիկապես բոլոր հարվածները սանձվում էին ոչ թե իշխող, ագրեսիվ դիրքից, այլ չափազանց նրբազգաց կերպով՝ բարդությունն աննկատելի դարձնելու հմտությամբ: Բեմից հստակ փոխանցվում էր ստեղծագործության ձևի կոնցեպտուալ ձևի ամբողջականությունը, մտքի և գաղափարի եզակիությունն ու փիլիսոփայությունը, նյութի ճարտարապետական համաչափությունը, ամեն մասի, ամեն հնչյունի, հնչյունների հարաբերման՝ գույնի պոետական ինքնատիպությունը: Եվ այդ ամենը կատարողի վառ անհատականության դրոշմով»:
Հետաքրքրությանը՝ մեր երաժշտասերներին ծանո՞թ անուններ են, երաժշտագետը բարձրաձայնեց անունները՝ Էլեն Հարությունյան, Լուսինե Հակոբյան, Հասմիկ Տեր-Անտոնյան, Կարինե Գիլանյան (Գերմանիա), Մարիաննա Շիրինյան (Դանիա), Աննա Սարկիսովա (ԱՄՆ), հետո հավելեց․ «Ահա Յավրյանի երաժշտական ընտանիքի՝ նրա դասարանի այն սաները, որոնք բարձր նշաձող սահմանեցին ուսուցչին արժանապատվորեն մեծարելու բարդ արվեստում»: Թվարկածներից մեր հանդիսատեսին քաջածանոթ է Մարիաննա Շիրինյանը, որի արվեստին քանիցս անդրադարձել ենք մենք:
Զրույցի ընթացքում հատուկ ներկայացնելով կրտսեր Յավրյանին՝ երաժշտագետն ասաց. «Մարտինը, որը ելույթ ունեցավ երեկոյին մասնակից բոլոր դաշնակահարների նվագակցությամբ, ներկաները լսել ու ճանաչել են փոքր տարիքից, դեռևս հայաստանյան «Նոր անուններ» հրաշամանուկների ծրագրից: Այսօր երեք, չորրորդի սպասումով, երեխաների հոր նրբագեղ ու արտահայտիչ տեմբրով ջութակը երգում է հասուն, վստահ ու հաստատուն, իրական ազատության բնական զգացումով, անսահման լիրիզմով, ոչ միայն մտքի, այլև նրբագեղ երաժշտական հումորի կամ երաժշտական ժպիտի դրսևորմամբ: Իսկ երեկոյի նրա կազմած դրամատուրգիական գիծը, մասնակից դաշնակահարներին ջութակի իր կատարումների նվագակցությամբ «գրկել» – միավորել էր, երբ հմտորեն զուգադրվում էին Չայկովսկին և Կրայսլերը, Դվորժակն ու Պիացոլան, Վիլյամսի «Շինդլերի ցուցակ» լեգենդար ֆիլմի սաունդթրեքը: Եվ, իհարկե, համերգի հաջողությանը մեծապես նպաստեց հմուտ վարող՝ երաժշտագետ Նոնա Ոսկանյանի խոսքի վարպետությունը, խորը ապրումակցումը՝ հուշ-երեկոյին ոչ թե բանախոսություն, այլ մտերմիկ զրույց վարելու կարողությունը, դահլիճի հետ անակնկալ հարցազրույցներով երկխոսելու դինամիկ ձևաչափի թարմությունը»:
Լիլիթ Եփրեմյանը խոսքն ավարտեց այսպես. «Իգոր Յավրյանի հոգին փառավորվեց՝ ևս մեկ անգամ հաստատելով «Գործն է անմահ, լա՛վ իմացեք» թումանյանական իմաստալից խոսքը»:
Սամվել Դանիելյան





















































