Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ անչափ երիտասարդ կատարողներ, հագնված իրենց երկրի գորգերի մեջ օգտագործված գույներով, հիացրին մեզ՝ տրիբունաներում նստածներիս». միջազգային մամուլի արձագանք

Ապրիլ 20,2026 13:30 Share

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի աջակցությամբ և հրավերով բեմադրված Ռիմա Պիպոյանի «Խալի» բալետը նվաճում է միջազգային բեմեր և մեծ ընդունելության արժանանում։ Այն ժամանակակից պարի, ավանդական երաժշտության՝ «Խազեր» երգչախմբի կատարմամբ, և երաժիշտ Հայկ Կարոյի հայկական շնչով ժամանակակից երաժշտության միաձուլում է, որը հետաքրքրում և գրավում է օտարերկրյա հանդիսատեսին։

Մեծ ոգևորությամբ են ընդունվում Rima Pipoyan Dance Company-ի երիտասարդ կատարողների պարային հմտությունը, նրանց մեծ ներուժը, կատարողականությունն ու նվիրումը։ Ի դեպ, երիտասարդ պարուհիները Ռիմա Պիպոյանի Երևանի Պարարվեստի պետական քոլեջում հիմնած «Մոդեռն պար» բաժնի առաջին շրջանավարտներն են՝ Միլենա Ղազարյան, Գրետա Ալավերդյան, Թամարա Ղևոնդյան, Միլենա Բարսեղյան և Նաթելլա Բաղրամյան, որոնք հանդիսանում են այս պարախմբի արտիստները։

Ռիմա Պիպոյանի ձեռագիրը և պարային մտածելակերպն արդեն իսկ աչքի է ընկնում այս արտիստների կատարմամբ և բարձր արձագանքի է արժանանում պրոֆեսիոնալ միջազգային դաշտում։ Ասվածի վկայությունն է վերջերս Ռիմա Պիպոյանի «Խալի» («KHALI») ժամանակակից բալետային ներկայացումը Rima Pipoyan Dance Company-ի կատարմամբ, որը ցուցադրվեց Իսպանիայի FETEN 2026 միջազգային փառատոնի շրջանակներում։

Ներկայացնում ենք իսպանական հեղինակավոր DESDE MI BUTACA պարբերականի արձագանքը. «Հինգ անչափ երիտասարդ կատարողներ, հագնված իրենց երկրի գորգերի մեջ օգտագործված գույներով, հիացրին մեզ՝ տրիբունաներում նստածներիս։ Գեղագիտական առումով այն Սոֆիա Կոպպոլայի «Ինքնասպան կույսերը», Մարգարետ Ատվուդի «Աղախնի պատմությունը» և հռոմեական վեստալ կույսերի միաձուլում էր։ Նրանց ներկայությունը բեմում միաժամանակ և՛ փխրուն էր, և՛ հզոր՝ շարժումների այնպիսի գեղեցիկ փոխազդեցություն, որը փնտրում էր անհատականություն ու ներդաշնակություն, նրբություն ու լուսարձակ թելերի միահյուսում։ Այստեղ նստարանը գործող անձ էր, որը ծառայում էր որպես կենտրոնական առանցք։ Կարմիր, ինդիգո, հողային երանգներ, օխրա… դրանք կանացի ձեռքերն էին, բնական ներկանյութերը, ավանդույթը և արմատները։ Իրենց երիտասարդական հայացքներով պարուհիները մեզ տարան դեպի հին ավանդույթը, որը դարձել է իրենց երկրի ինքնության խորհրդանիշ»։

«Խալի» ներկայացումը ցուցադրվել է նաև Ֆրանսիայում և Գերմանիայում։ Վերջինում ցուցադրված ներկայացմանը ևս արձագանքել են մի քանի պարբերականներ, որոնք ամենայն մանրամասնությամբ գրում են բեմադրող-խորեոգրաֆի և ներկայացման մասին։

Ռիմա Պիպոյան

Հոդվածներից ծաղկաքաղ ենք արել, որն էլ ներկայացնում ենք. «Հայ ժամանակակից խորեոգրաֆի, պարուհու և արվեստագետի այս բացառիկ բեմադրությունը միավորեց պարը, գույնը և պատմությունը՝ ստեղծելով հմայիչ սիմֆոնիա, որն ամբողջովին գերեց հանդիսատեսին։ Պիպոյանը, վաղուց ճանաչված որպես ժամանակակից պարի առաջամարտիկ, հնագույն հայկական գորգագործության արվեստը վերածեց շարժման և պատմության լեզվի՝ բացահայտելով ժամանակակից պարարվեստի նոր հորիզոններ։ Ներկայացման առանցքում են հինգ տաղանդաշատ պարուհիները, որոնք մարմնավորում են հայկական գորգի հինգ հիմնական գույները։ Յուրաքանչյուր գույն ունի իր խորհրդանշական և զգացմունքային հնչողությունը, սակայն միասին նրանք հյուսում են մեկ ամբողջական պատկեր՝ տոկունության, հիշողության և վերածննդի պատմությամբ։ Պիպոյանի խորեոգրաֆիան իսկական վարպետության դաս է․ գորգահյուսության հնչյունային և շարժական ռիթմը վերածվում է պարի։ Պարուհիների հոսուն ու ճշգրիտ շարժումները հիշեցնում են թելի անցկացման ու հանգուցման ընթացքը՝ ստեղծելով կենդանի, շնչող պատկերներ։ Դիզայներ Քնքուշ Մալխասյանի նրբաճաշակ զգեստները ընդգծում են յուրաքանչյուր գույնի խորհրդաբանությունը, իսկ Հայկ Կարոյի մեղեդային ու երբեմն խորհրդավոր երաժշտությունը՝ «Խազեր» երգչախմբի կատարմամբ, պարուրում է բեմը հուզական ու ռիթմիկ լարումով։ «Խալի»-ն առանձնանում է իր ունակությամբ միավորելու անձնականն ու համամարդկայինը։ Պարուհիների փոխազդեցությունը՝ երբեմն ներդաշնակ, երբեմն ինքնուրույն, հիշեցնում է գորգագործների համատեղ, սակայն յուրահատուկ ձեռագրերով աշխատանքը։ Նրանց շարժումներում զգացվում է մշակութային ժառանգության կշիռը։ Հուզիչ պահերից մեկն այն է, երբ պարուհիները դադարում են շարժվել՝ ձեռքերով միայն գծելով անտեսանելի թելեր, կարծես նոր պատմություններ են հյուսում ժամանակի ու հիշողության հյուսքից»։

Ռիմա Պիպոյան

Մինչ ներկայացումը ցուցադրվել է երկու կարճամետրաժ պարային ֆիլմ, որոնք պատմում են Ռիմա Պիպոյանի բազմաշերտ տաղանդի մասին։ «Reek» ֆիլմը՝ «Environmental Dance Project»-ի շրջանակում, մարդու և բնության խաթարված հարաբերության փիլիսոփայական վերլուծություն է։ Պիպոյանը, հանդես գալով որպես գլխավոր դերակատար, շարժվում է աղբավայրի փոշու ու մնացորդների մեջ, ապա գտնում ազատություն անապատի, ծովի և անտառի անսահման տարածքներում։ Արթուր Ղարայանի օպերատորական աշխատանքը հմտորեն հակադրում է խեղդող փակությունը և ազատ շնչառությունը՝ հնչեցնելով հրատապ հարց՝ կարո՞ղ ենք վերագտնել ներդաշնակությունը մեր մոլորակի հետ։ Ֆիլմը միավորում է պարը և բնապահպանական մտահոգությունը՝ ընդգծելով Պիպոյանի հավատը արվեստին՝ որպես փոփոխության շարժիչ ուժի։

Երկրորդ ֆիլմը՝ «Ել», հիմնված է Կոմիտասի մշակած «ԵԼ» ժողովրդական երգի վրա՝ գյուղացու աղաչանքը իր եզին՝ ընտանիքի գոյության հենարանին։ Այն նկարահանվել է հնագույն Էրեբունի բերդում և միավորում է պարը, ձայնը և Հայաստանի ճարտարապետությունը՝ վերածվելով ներքին պայքարի և տոկունության պոետիկ պատկերացման։ Բեմադրող-խորեոգրաֆը ամրակուռ բերդի քարերի ֆոնին արտահայտում է կնոջ անցումը վախից ու կասկածից դեպի ինքնահաղթահարում։ «Ել» բացականչությունը (վեր կաց) դառնում է համամարդկային դիմադրության ու հույսի կոչ, որն իր ամբողջ ուժով հնչում է Պիպոյանի և Հայաստանի Պետական Կամերային երգչախմբի կատարմամբ։

Երկու ֆիլմերն էլ իրենց գեղարվեստական կատարելությամբ ստեղծում են մի շրջանակ, որի ներսում «Խալի»-ն դառնում է ավանդույթի և արդիության ստեղծագործ միաձուլման հզոր արտահայտություն։ Իսկ Պիպոյանը՝ RP Dance Company-ի և «Մոդեռն պար» կրթական համակարգի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, բեմ է բերում յուրահատուկ ձայն և պատկեր ժամանակակից համաշխարհային արվեստի մեջ։ Նրա ստեղծագործությունները միավորում են բալետի դասականությունը, ժամանակակից շարժման արտահայտչականությունը, մարտարվեստների դինամիկան և հայկական ժեստերի խորհրդավորությունը՝ ձևավորելով մի նոր ոճ՝ միաժամանակ խիզախ և պոետիկ։ «Խալի»-ում նա հայկական գորգագործության յուրահատկությունը վերածում է համամարդկային ստեղծագործականության և շարունակականության օրհներգի։ Պարուհիների տեխնիկական փայլը և հուզական խորությունը՝ համադրված Պիպոյանի ներշնչող բեմադրության հետ, ստեղծեցին բացառիկ ուժով լի մի երեկո։ Դահլիճի երկարատև ծափահարությունները ոչ միայն շնորհակալություն էին, այլև համատեղ վկայություն, որ արվեստը կարող է հաղթահարել սահմաններն ու ժամանակը։

«Խալի»-ի հաջորդ կանգառներն են Բուլղարիան, Լեհաստանը և Հունաստանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Խալի» ներկայացումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930