Լրահոս
Օրվա լրահոսը

100 պատճառ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար. «Միասին»

Մարտ 28,2024 14:25

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 7-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։

Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշված է՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ ռազմավարության վրա»։

Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը, կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող

խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է »։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։

Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։

Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։

Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։

  • Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։
  • Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։
  • Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։
  • «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։

Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, աշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը և դրանից բխող հետևանքները։

Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է ՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը» և, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։

Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, որում համակարգված ներկայացված են նրա գործունեությունը բնորոշող փաստերը, կանդրադառնանք ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի և կարգի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը 2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առաջնահերթությունները։ ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ․ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնելով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։

Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։

Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանո՞ւմ եք ներկայացված պահանջներին թե՞ ոչ։

Գործող վարչապետին անվստահություն հայտնելու մեր պահանջը հիմնավոր է և բխում է մեր պետական և ազգային շահերից։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, օրենքին համապատասխան, պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։

Սույն Պահանջագիրը կներկայացվի մարտի 27-ին ժամը 18։00-ին կայանալիք համահավաքի մասնակիցներին։

Ձեր որոշումն ակնկալում ենք ստանալ մինչև 10․04․2024թ․։

100 պատճառ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին անվստահություն հայտնելու համար

 Այս փաստագրական նյութը հավաքագրել ենք՝ ի հաստատումն պարզ ճշմարտության.երկրի կառավարումը չի կարելի վստահել «պատահական» քաղաքական ճամփորդի, ով բոցավառ, անբովանդակ ելույթներով գրավում է ձեր վստահությունը։

Համադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրական փաստերը լրագրող աշխատած տարիներին իր արտահայտած դիրքորոշումների հետ, ստանում ես հետևյալ պատկերը։

Կարդացե՛ք և ինքներդ համոզվե՛ք, թե ինչ է սպասվում Հայաստանին, մեր ազգին ՆՓաշինյանի և նրա վարչակազմի կառավարումը շարունակվելու դեպքում։

  • Լրագրող Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի վերաբերյալ:

Այս բաժնում վերծանված է Նիկոլ Փաշինյանի ընդամենը 3 տարվա լրագրողական գործունեության բազմաթիվ նմանաբովանդակ հրապարակումներից մի քանիսը, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 1990-ականներից է համարել, որ Արցախը մեզ պետք չէ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ:  

  • 02.1998 «Մոլորակ» թերթ, հոդվածի հեղինակ Ն.Փաշինյան (Ն.Փ.) «Հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» Հեղինակը գրում է, որ ինքը «հոտնկայս հարգել է Բաքվում սովետական տանկերի տակ զոհված բաքվեցիների հիշատակը»:

Հայտնի է, որ 1990թ հունվարին Բաքվում տանկերի տակ զոհվել է հայերի դեմ 7 օր շարունակ ադրբեջանական իշխանությունների ղեկավարած ցեղասպանություն իրականացրած գազազած խուժանը։

  • «Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր, ջարդում թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե Ֆերգանայում, թե Ադանայում, և թե 1915թ.Արևմտյան Հայաստանում»- Ն.Փաշինյան, 11.02.1998.«Մոլորակ» թերթ: Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանին՝ Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի և Ֆերգանայի դեպքերում՝ ի դեմս Սովետական, Ադանայի և Արևմտյան Հայաստանի ցեղասպանության՝ ի դեմս ռուսական բանակի: Հեղինակը խեղաթյուրելով փաստերը, պաշտպանում է հայերի դեմ ցեղասպանություն կազմակերպած Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությանը: 1992թ.Շահումյանի հայաթափման ժամանակ Սովետմիությունը փլուզված է եղել, իսկ Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը հեղինակը փորձ է անում բարդել Ռուսաստանի վրա: (Իրականությունը տես.Հայ ժողովրդի ողբերգությունը.Դեսպան Մորգենթաուի պատմությունը գրքում, էջ.230-240)։
  • «Հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն (Գառնու տաճարը), հա, մի կույտ էլ ռագատկի քարեր (Քարահունջի աստղադիտարանը)» 1999թ.Ա1+, Ն.Փաշինյան:
  • 2001թ.« Հայկական Ժամանակ» Ն.Փ.«Մեր ինչի՞ն է պետք Լեռնային Ղարաբաղը.Իբր մեր հողերին շատ ենք տիրություն անում, որ մի հատ էլ Ղարաբաղն ենք ուզում մեզանով անել»:
  • 2001թ.«Հայկական Ժամանակ» Ն.Փաշինյան- «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն եթե կուզեք՝ գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ:… Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:

Այս հրապարակման վերաբերյալ 01.05.2018թ.ԱԺ–ում հարց է տրվել Ն.Փաշինյանին, ինչին ինքը պատասխանել է, որ դա հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը: Այնինչ դա իրականություն է, թերթը կա բոլոր գրադարաններում: Փաստորեն իր վարչապետ ընտրվելու գործընթացը Ն.Փ.սկսել է ԱԺ բարձրագույն ամբիոնը պղծելով ՝ ստախոսությամբ:

  • Ն.Փ մեկ այլ արտահայտություն՝ «ՀԱՊԿ-ի հետ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»:

II.Ն.Փ.խոստումները «հեղափոխության» ընթացքում և գործունեությունը իբրև վարչապետ մինչև 2020թ.սեպտեմբեր։

Այս բաժնում ներկայացված են նաև Նիկոլ Փաշինյանի խոստումները իշխանություն ստանալուց հետո, 2,5 տարիների պետական քաղաքականությունը, որը բնորոշվում է բացարձակ անհետևողականությամբ, փոխբացառող արժեքներով, զուտ իրադրայնությամբ։ Ինքներդ դատեք, թե ինչպես է նա դիտավորյալ երկիրը տարել պատերազմի:  

  • 2018թ.Ն.Փ.«և ինչպես 1988-ի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի դե-յուրե միջազգային ճանաչումը»
  • Ն.Փաշինյան 01.05.2018թ.«Ես կլինեմ Հայաստանի վարչապետ կամ այս երկիրը վարչապետ չի ունենա»: Սա հակապետական հայտարարություն է և կարող է լինել նախօրոք մշակված ծրագիր իրականացնելու պարտավորություն ստանձնած մարդու ինքնախոստովանություն:
  • 05.2018-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Ն.Փ.հայտարարել է, որ եթե որևէ լուծում գտնվի Արցախի հարցում, ինքը առաջինը այս հրապարակում կխորհրդակցի ժողովրդի հետ և կընդունի ժողովրդի նախընտրած որոշումը: Սակայն երկու տարի հետո ոչ միայն դրժեց իր խոստումը, այլև թուլացնելով բանակի կառավարումը, ապիկար, վախվորած քաղաքականությամբ հանձնեց Արցախը:
  • Ն.Փ վարչապետ ընտրվելուց հետո պառակտեց ազգը, հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սպիտակների ու սևերի, հասարակության մեջ լայն տարածում գտավ հայհոյանքը, լկտի ու ատելությամբ լի խոսքը, անհարգալից ու անհանդուրժողական վերաբերմունքն այլակարծության նկատմամբ, սոց.հարթակներում ստեղծեց ֆեյքերի ֆաբրիկա:
  • Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Ն.Փ.պարտավոր էր առաջինը տեղեկանալ մեր երկրի անվտանգության համակարգի վիճակին և, եթե մտածում էր, թե այն պատշաճ մակարդակի չէ, պարտավոր էր համապատասխան զինատեսակներ ձեռք բերել, բանակը ուժեղացնել, դրան զուգահեռ՝ զինվորներին «շապիկ-վարտիք ու ելակով» ապահովել։
  • 2018թ.իշխանության գալով, իր առաջին գործերից մեկն է եղել՝ չեղարկել նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը, որով Հայաստանին պիտի մատակարարվեր ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ զինատեսակները՝ «Կռասուխա» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և «Պանցիր» տեսակի, (որը խոցում է) զինամթերք, որը Ուկրաինայում ցույց տվեց, որ թուրքական բայրաքթարները դրանց դեմ անզոր են:
  • Ն.Փ.իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից նպատակադրված սրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ: 2008թ.մարտի 1-ի գործով ձերբակալված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յու.Խաչատուրովի վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարությունը հորդորում էր Յու.Խաչատուրովին դատել որպես ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ազատելով նրան պաշտոնից, տեղը ներկայացնելով այլ մասնագետի: Ն.Փ.արել է հակառակը: Հետագայում պարզվել է, որ Յու.Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը հակասահմանադրական է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 1.5 տարի մնացել էր թափուր և խաթարված էին ՀԱՊԿ աշխատանքները:
  • Կադրային քաղաքականությունը հակապետական ու անտրամաբանական է՝ միտված դաշնակից երկրի և ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ.Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանից պահանջելով, ՀՀ առանցքային պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր Ռուսաստանի դրոշը այրել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև:
  • 2015թ.Սահմանադրությունը ամենաշատը քննադատած, վարչապետի պաշտոնը սուպերվարչապետ անվանած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով, ոչ միայն չձեռնարկեց սահմանադրական փոփոխություններ այդ համակարգից ազատվելու համար, այլև ամեն ինչ կենտրոնացրեց իր ձեռքերում, ոտնահարելով ժողովրդավարության սկզբունքները:
  • 2018-2020թթ.Արցախի բանակցային գործընթացը տապալեց.սկզբում հայտարարեց, որ Արցախը իրեն չի ընտրել, ինքը մանդատ ու լիազորություն չունի արցախահայության անունից բանակցելու, ապա հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից:
  • 2018-2020թթ.ՀՀ ԱԱԾ-ի միջոցով տեղի են ունեցել փակ ծրարների փոխանակում, օպերատիվ կապ է տեղադրվել Փաշինյան–Ալիև գաղտնի բանակցությունների համար, հայտնի վերելակային պայմանավորվածություն է տեղի ունեցել, ինչի վկան՝ Գ.Հարությունյանը կարճ ժամանակ հետո մահացել է:
  • Ն.Փ.26 նոյեմբերի 2018թ.ասել է՝ «Ասում եմ պատերազմական իրավիճակում որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար.հանկարծ որևէ մեկը չկասկածի իմ հրամանատարական ունակությունների վրա, որևէ մեկդ, հասկացաք» Ն.Փ․ ՖԲ էջ: Հետագայում 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Ն.Փ.հայտարարեց՝ «Վարչապետը գլխավոր հրամանատար է, վարչապետը մարտ վարո՞ղ է»։
  • 05.2019թ.իրադարձությունը վկայում է, որ Ն.Փ.չի հասկացել իր ստանձնած պաշտոնի լրջությունը և չի լքել ընդդիմադիրի իր կեցվածքը: Նրա կոչով ու անմիջական ղեկավարությամբ այդ օրը կաթվածահար է արվում մեր երկրի իշխանական թևերից մեկի՝ դատական համակարգի աշխատանքը՝ դատարանները շրջափակելու միջոցով: Այդ օրվանից սկսած դատավորներից շատերը դարձան քաղաքական պատվեր կատարողներ։
  • 2019թ.օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Արցախ մեկնած Ն.Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ…»: Չնայած սա իրավական ամուր հիմքեր ունեցող հայտարարություն էր, սակայն նախապատրաստված չէր։ Պետական օղակները պարտավոր էին թե Ադրբեջանին, թե միջազգային հանրությանը ներկայացնել այս հայտարարության իրավական փաստարկները։ Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, և Ադրբեջանն ընկալեց սա որպես բանավոր պայմանավորվածությունների խախտում և ռազմական ագրեսիայի հիմնավորում:
  • 2020թ.փետրվարի 15-ին Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով Արևմտյան առաջատար լրատվամիջոցների հետ կազմակերպված հանդիպման հարթակում Փաշինյանը չի ներկայացրել ԼՂՀ հարցի իրավական փաթեթը, ըստ որի ԼՂՀ-ի դուրսբերումը Ադրբեջանի կազմից և նրա կայացումը անթերի է: Այդ հարթակում նա նման էր դասը չսովորած աշակերտի՝ մի կերպ էր մտքերը արտահայտում, խոսում էր շատ վատ անգլերենով:
  • Ադրբեջանի ժողովրդի հետ խոսել երազող Ն.Փ.չի օգտագործել 15.02.2020թ.մյունխենյան հարթակի պատեհ առիթը Ալիևին ու ադրբեջանցիներին հիշեցնելու այն փաստը, որ թե Արցախը, թե Նախիջևանը 1921թ.են տրվել սովետական Ադրբեջանին, որը Սովետմիության փլուզման ընթացքում՝ 1991թ.օգոստոսի 30-ի իր անկախության հռչակագրով չեղարկել է սովետական Ադրբեջանի գոյության պատմությունը, ընդունել է 1918-1920թ.թ․ Ադրբեջանի իրավահաջորդությունը, որի կազմում չի եղել ոչ Արցախը, ոչ Նախիջևանը, և, որը, որպես պետություն, չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից։
  • 2020թ.սկզբին՝ «քովիդ19» պայմաններում, Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, որոնց նպատակը այն ժամանակ գործող Սահմանադրական դատավորներին փոխելն էր, մարտի 12-ին հրավիրված հանրահավաքում Ն.Փ.հայտարարել է՝ «Եթե նախկինում մեզ Ադրբեջանն էր պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն է վախեցնում, ասում է Նիկոլը ճիշտ քաղաքականություն չի վարում ու դա կբերի պատերազմի: Բա եթե դուք ճիշտ էիք, այնպես անեիք 2016-ի պատերազմը չլիներ, այ կոշիկ լիզողներ: Ինչքան արտասահմանցի էիք տեսնում կոշիկները լիզում էիք:» 6 ամիս հետո սկսվեց պատերազմը:
  • 03.2020թ.նույն հանրահավաքի ընթացքում Ն.Փ.հայտարարել է՝ «Հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք տեր չփնտրեք, Հայաստանի միակ տերը ՀՀ հպարտ քաղաքացին է»: Հիմա Ն.Փ.ՀՀ անվտանգության դիվերսիֆիկացման անվան տակ տերեր է փնտրում արևմուտքում, իր իսկ բնորոշմամբ «արտասահմանցիների կոշիկները լիզելով»:
  • 2020թ.հուլիսին Տավուշում ադրբեջանցիների նախկինում լքված դիրքը հայկական զինված ուժերի կողմից՝ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարությամբ գրավելու կապակցությամբ Սարդարապատում ցուցադրական զինվորական շքերթ կազմակերպվեց, զինվորականներ պարգևատրվեցին ու ոմանք գեներալների կոչումներ ստացան: Պարզ էր, որ Ալիևը սա անպատասխան չի թողնելու: Ադրբեջանին կարծես քարտ բլանշ տրվեց՝ ուժի միջոցով հակամարտությունը լուծելու։
  • Ն.Փ.տիկնոջ հայտարարությունը այն մասին, թե «ղարաբաղյան պատերազմի զոհերը հանուն ոչինչի էին», նրա հրավերը Մեհրիբան Ալիևային մուղամ լսելու և թեյ խմելու Շուշիում ավարտվեց նոր զոհերով, անառիկ Շուշիի հանձնումով:

          III.2020թ.44-օրյա պատերազմի կառավարումը

Սույն բաժնում ներկայացված են հատվածներ Ն.Փ.ելույթներից, նրա գործողությունները պատերազմի ընթացքում, որոնք վկայում են, որ վարչապետը չի կարողացել կառավարել պատերազմին դիմագրավելու պատրաստ երկիրը և դիտավորությամբ տարել է պարտության: 

1․ Ն.Փաշինյանը ԱԺ-ում 27.09.2020թ.՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, իր ելույթում ասել է՝ «Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է ամուր ու միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների, և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում»…..Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀ-ի ժողովուրդը կանգնեց Արցախի ժողովրդի կողքին: Բայց իշխանությունը ոչ միայն անհրաժեշտ միջոցներով չպաշտպանեց ԱՀ-ն, այլև տապալեց զորահավաքը և կամավորական շարժումը:

2.Ն.Փաշինյան, 27.09.2020թ.ԱԺ-ի նիստում՝ «Ինչի եմ պատրաստ ես.Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր Հայրենիքի»: Այդ նույն ելույթի ժամանակ նա ասել է, «կարող է հենց այս պահին կանգնեցնել պատերազմը, սակայն դա գին ունի ու դուք գիտեք այդ գինը,…..և ինչ էլ լինի մենք մեզ պարտված չպիտի համարենք»: Սա նշանակում է, որ Ն.Փ.ի սկզբանե ունեցել է պայմանավորվածություններ և Հայաստանը տանում էր պարտության:

3.Սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանում էին գալ և մասնակցել Արցախի պաշտպանությանը, սակայն ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ և 2020թ.հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի կողմից «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայի վավերացման մասին ՀՀ օրենքի ընդունումով իշխանությունը տապալեց բավականին մեծ թվով կամավորականների պատերազմին ներգրավելու գործընթացը:

4․ Արձանագրենք 2020թ․ պատերազմի առաջին օրերի զայրույթ առաջացնող փաստերից մեկը.2020թ․ հոկտեմբերի 4-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան իր տարածքով Սիրիայում հավաքագրված 2000 ահաբեկիչ գրոհայիններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղին կից տարածքներ։ Ամենաանգրագետ անձն անգամ կհասկանար, որ նշված տարածքում հակաահաբեկչական օպերացիա իրականացնելու առաջարկ է ուղղվում, որով և վերջ կդրվեր պատերազմական գործողություններին։ Երևանից՝ քար լռություն։ Ահազանգերը շարունակեցին հնչեցնել այլ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ նախարար Ս․Լավրովը։ Չնայած կոնկրետ միջամտության առաջարկին, Ն․Փաշինյանը որևէ գործնական քայլ չկատարեց, չդիմեց ՌԴ նախագահին՝ կասեցնելու պատերազմի շարունակությունը։ Եթե սա միտումնավոր քայլ չէ, այլ սխալ, ապա այն ավելին է, քան հանցագործությունը, որովհետև արդյունքում հազարավոր կյանքեր կործանվեցին։

5.Հանրության կասկածները փարատելու համար Ն․Փ․ պարտավոր էր բացատրել, թե որ տրամաբանությամբ է նա Սամվել Բաբայանի ուղեկցությամբ իր կնոջը՝ Ա.Հակոբյանին և այլ ոչ իրավասու պաշտոնատար անձանց ուղարկել Արցախ և թույլ տվել նրանց ներկայությունը Արցախի հրամանատարական կետում, ինչը բացարձակ հակասում էր գաղտնիության ռեժիմի ապահովմանը և կամայական ուղղորդում էր ռազմական գործողությունները:

6.Չնայած հրամանատարական կազմի բացասական կարծիքի, Ն.Փ.պնդմամբ և հաստատումով 2020թ.հոկտեմբերի 8-ին սկսվել է Ս.Բաբայանի պլանավորած Հադրութի շրջանի Վարազաթումբի (Լելե Թեփե) հետգրավման օպերացիան, որը ամենաշատ զոհեր տված ռազմագործողությունն է եղել: Հայկական կողմից եղել է ավելի քան 700 զոհ, մարտի դաշտում է թողնվել 44 տանկից 42-ը: Ռազմական փորձագետների կարծիքով այս օպերացիայի տապալումը կործանարար է դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը:

7.Հաստատված համարելով Ն․Փ․-ի մանիպուլյացիաներ օգտագործելու «վարպետությունը», առաջիկայում, հավանաբար, կբացահայտվի, թե ում հանձնարարությամբ պատերազմի 15-20-րդ օրից սկսած ռազմի դաշտում հայտնվել են մարդիկ՝ կեղծ լուրեր տարածելով, թե իբր «նախկինները հանձնել են Արցախը», հորդորել են զինվորներին չդիմադրել, լքել դիրքերը և, այո, սկսվել է դասալքություն: Սա ապացուցվում է նրանով, որ վերջին 2-3 տարի շարունակ Ն.Փ ու իր թիմակիցները բոլոր հարթակներում առաջ են տանում այն թեզը, թե իբր Արցախը հանձնել են նախկինները: Հետագայում՝ 2023թ.Աննա Հակոբյանը կրկնել է Ալիևի խոսքերը, թե ՀՀ բանակում 11 հազ.դասալիքներ են եղել:

8.Պատերազմի առաջին իսկ օրերից «հաղթելու ենք» հուսադրող կոչի ներքո ՀՀ հանրության համար միտումնավոր սարսափազդու, անելանելի վիճակի տպավորության ձևավորման գործընթաց էր տեղի ունենում: Բոլոր հեռուստաալիքներով ժողովրդավարության քողի տակ, ժողովրդի վրա հոգեբանական ծանր ճնշումներ գործադրելով, հայտարարվում էին զոհվածների անունները, որոնցից մեծամասնությունը 18-20 տարեկան (2000-2002թ.ծնված) ժամկետային զինծառայողներն էին.ՀՀ հանրությունը միտումնավոր դրվում էր ընկճախտի մեջ, որպեսզի նա համակերպվի պատերազմի ցանկացած ելքի, միայն թե այն կանգ առնի:

9.2020թ.հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը չի համաձայնվել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հրադադարի առաջարկին, երբ դեռ կորցված չէր մեծ տարածք Արցախի հարավում, լավ իմանալով, որ պատերազմի շարունակությունը կործանարար է լինելու Արցախի համար:

10.Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա՝ թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը:

11.Փաշինյանի իր ՖԲ էջով ու հանրային հեռուստատեսությամբ 2020թ.հոկտեմբերին Արցախը պաշտպանելու ցանկություն ունեցող մարդկանց՝ իրենց տներում եղած զինվորական զգեստները հագնելու ու զինմասեր ներկայանալու վերաբերյալ դիմումը ոչ այլ ինչ էր, քան տեղեկության տրամադրում թշնամուն, որ Հայաստանը անկարող է: Մինչդեռ, որոշակի աղբյուրներից հայտնի էր, որ Ալիևը երկու անգամ ՝ 2020թ.հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին դիմել է Էրդողանին, ասելով, որ երկիրը հյուծված է և չի կարող շարունակել պատերազմը: Հենց հոկտեմբերի 18-ից հետո ռազմական բնույթի բեռնափոխադրումները Թուրքիայից Ադրբեջան էապես մեծացել են

12.Հայկական զորքերը հետ նահանջելիս, թշնամու առաջխաղացմանը խոչընդոտելու համար չեն պայթեցրել կամուրջները, ճանապարհները, զորամասերի շինությունները: Թշնամուն թողնվել է մեծ քանակությամբ հայկական զինտեխնիկա:

IV.2020թ.44-օրյա պատերազմի արդյունքները և Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան գործունեությունը

Սույն բաժնում վկայություններ են, թե ինչպես Արցախի հարցում «միացումից», «անջատում` հանուն փրկության» սկզբունքներով «առաջնորդվող» Նիկոլ Փաշինյանն, ազգի հետ անհաղորդ, հայտարարեց՝ «Արցախը Ադրբեջանի մաս է կազմում» Նման քաղաքական գործիչը, որը վճռորոշ խնդիրներում իր սկզբունքները փոխում է օգտագործված ձեռնոցների պես, վտանգում պետության անվտանգությունը, չի կարող հանրային վստահություն ունենալ և լինել սուվերեն պետության ղեկավար։

 

  • 2020թ.Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումով Ն.Փ.առանց որևէ իրավունքի հանձնեց ոչ միայն ազատագրված 7 շրջանները, Շուշին, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջանի բազմաթիվ գյուղեր, այլև, որն ավելի ողբերգական է, մահվան դատապարտեց պաշտոնական տվյալներով ավելի քան 3800 հայորդու:
  • Իր «հրամանատարական» ունակությունները գովերգող Ն.Փ.չկարողացավ ղեկավարել պատերազմի պատրաստ պետական կառավարման համակարգը, ինչը հաստատվել էր ռազմավարական հրամանատարաշտաբային «Շանթ-2018» և «Շանթ 2015» պլանային զորավարժությունների արդյունքով:
  • «Զոհվելու պատրաստ» Ն.Փաշինյանը այսպիսի պարտությունից հետո օր առաջ պարտավոր էր գոնե հրաժարական ներկայացնել, (որը պահանջում էին ՀՀ Նախագահը, Ամենայն հայոց Կաթողիկոսը, ԳԱԱ, ՀՀ բարձրաստիճան զինվորականները) ընդմիշտ լքել քաղաքական դաշտը, որպեսզի չնվաստացնի, չծանրաբեռնի հայ ժողովրդին պարտության պիտակով և թշնամուն տված իր գրավոր ու բանավոր խոստումներով:
  • «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» կոչով Ն.Փաշինյանը փորձել է առերևույթ քաղաքացիական բախումներ հրահրել՝ դիրքերից իջնող զինվորներին դրդելով ընդդիմանալ բողոքող հասարակությանը՝ երկիրը կործանելու և պատասխանատվությունից խուսափելու համար։
  • Իրեն արդարացնելու համար Ն.Փ հրադադարի երրորդ օրը սկսել է Արցախի հիասքանչ քաղաքների արժեզրկումը՝ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր, ձեզ պե՞տք էր Շուշին»:
  • Պատերազմից հետո Ն.Փ.չի էլ թաքցնում իր բռնած ադրբեջանամետ ուղին.իր առաջին մամուլի ասուլիսում բացահայտ պաշտպանում է ադրբեջանական տեսակետը հայտարարելով՝ «Լեռնային Ղարաբաղում ապրում էին նաև ադրբեջանցիներ, բա որ նրանք էլ անկախություն պահանջեն», այսպիսով ստորադասելով 96% հայերի իրավունքները 4% փոքրամասնության շահին և առոչինչ դարձնելով իրավական գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախորդ 30 տարիների ընթացքում:
  • Ն.Փ.պատերազմից հետո իր ասուլիսներում կեղծում է Հայոց պատմությունը, ասելով, որ «Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ», փոխանակ հակադարձի Ալիևին, որն առիթը բաց չի թողնում Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան անվանելու, ապացույցներ ներկայացնի, որ Հայաստանը այնքան է բզկտվել, որ նրանից մի ոսկոր է մնացել թուրք-ադրբեջանական կոկորդում: Այս մասին վկայում են անգամ Ադրբեջանի պատմության 7-8 դասարանի դասագրքերը։
  • 44-օրյայից հետո մամուլի իր ասուլիսներում (մասնավորապես 24.12.2021թ.) պաշտպանել է ադրբեջանական տեսակետը, վկայակոչելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, ինչը տարիներ շարունակ արել է Ադրբեջանը:
  • Փաշինյանը պատերազմից հետո, համոզված լինելով, որ «Արցախը Ադրբեջան է», վատնել է ՀՀ բյուջեի տասնյակ միլիարդավոր գումարներ՝ միջոցներ տրամադրելով Արցախում նոր բնակարանաշինության համար:
  • Պատերազմից հետո պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած Սփյուռքի մեր հայրենակիցների՝ հայոց բանակի հզորացմանն ուղղված գումարները վատնվել են, չեն ծառայել նպատակին, ինչը մեծ հիասթափություն և աղճատում է առաջացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
  • Այն դեպքում, երբ Ալիևը չէր կատարում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները՝ գերիների վերադարձ, Բերձորի (Լաչինի) միջանցքի 5 կմ.լայնության պահպանում, Ն.Փ.գերակատարել է այդ փաստաթղթի դրույթները՝ զորքերը զբաղեցրած դիրքերից հետ է քաշել մոտ 10 կմ, հանձնել է Ակնայի դաշտերի ականապատման քարտեզները, Ադրբեջանին է վերադարձրել ոչ միայն բոլոր գերիներին, այլև Արցախում դատապարտված 2 մարդասպանների:
  • Ն.Փ.միակողմանի հանցավոր համաձայնությամբ Ադրբեջանին զիջեց ՀՀ-ի համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, Կապան-Ճակատեն ճանապարհը, որոնք երբևէ չեն եղել Ադրբեջանի տարածքում և կառուցված են Հայկական ԽՍՀ-ի միջոցներով:
  • Որպես հետևանք, 2020-2022թթ.շրջափակված են մնացել այդ շրջանի մի քանի գյուղեր, ինչը վտանգել է բնակիչների առողջապահական, պարենային և այլ անվտանգությունը: Ավելին, ՀՀ բյուջեից հսկայական միջոցներ են վատնում Գորիս-Կապան կարճ ճանապարհի փոխարեն նոր՝ այլընտրանքային, ավելի երկար ճանապարհ կառուցելու համար:
  • Ն.Փ.Կառավարությունը չի ապահովում ՀՀ անվտանգությունը: Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և գրավել բազմաթիվ ռազմավարական նշանակության գերիշխող բարձունքներ՝ 2021թ.մայիսին Իշխանասարի հատվածներում, 2021թ.նոյեմբերին՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատված, 2022թ.սեպտեմբերին՝ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի մատույցներում: Արդյունքում 200ք.կմ, իսկ որոշ տվյալներով, անհամեմատ շատ տարածք զավթված է մնում թշնամու կողմից:
  • ՀՀ վարչապետը Սահմանադրությամբ ՀՀ ինքնիշխան տարածքի անվտանգության երաշխավորն է: Որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար ադրբեջանական զորքի Հայաստանի տարածք ներխուժելու փաստի վերաբերյալ Ն.Փ 28.05.2021թ.ասել է՝ «Սենք Սև լճի 30%-ի համար հո չենք կռվելու, այնտեղ տարվա կեսը ձմեռ է»:
  • 2022թ.ապրիլին Ն.Փ.սկսում է խոսել Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ և նույն թվականի նոյեմբերի 26-ին Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:
  • Ն.Փ.ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում խախտել է 1990թ օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ.հուլիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին ».Հ.Ն -0663-1 որոշման պահանջները,:
  • Իր հերթական մամուլի ասուլիսում Ն.Փ.ասել է՝ «Ձեզ կարող ա թվա, թե նոյեմբերի 9-ից հետո ա եղել ամենածանր հարվածն իմ համար, … Ոչ, իմ համար ամենածանր օրը եղել ա, երբ ես ՊԵԿ –ում տեսել եմ ՀՀ դրոշը գետնին և նրան աշխատանքից ազատելու իմ հրահանգին շատերը ընդդիմացել են»: Փաստորեն Ն.Փ.համար 2020թ.հազարավոր կիլոմետր հայրենի տարածքների հանձնումը, որը հարցականի տակ դրեց ՀՀ անվտանգությունը, խեղեց ու ոչնչացրեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, ինչը ծանր հարված հասցրեց մեր գենոֆոնդին, առ ոչինչ են:
  • Ն.Փ.շինծու գաղափարների ներքո հետևողական պայքար է մղում ՀՀ խորհրդանիշների՝ դրոշի, օրհներգի, զինանշանի դեմ: Սա ներողություն-զիջում է էրդողանյան Թուրքիային, Արարատ բիբլիական սրբազան լեռան շուրջ Փաշինյանի ծավալած խոսույթը, թե Արարատը Թուրքիա է, և դա է իրականությունը, իրենը Արագած լեռն է։ Նույն ծիրում են ՀՀ զինանշանի, օրհներգի վերանայման կեղծ բանավեճերը, որոնց միակ նպատակը ՀՀ ինքնիշխանության նշաձողի իջեցումն է, ինքնության տարրալուծումը՝ «զոհի հին կտակը»-ից Փաշինյանն անցնում է «հպատակի նոր կտակի միկրոհեղափոխություններին»՝ մենք այլևս զինվոր չենք, տեր չենք, դժգույն, դժբախտ հպատակ ենք։
  • 2023թ.մայիսին Ն.Փ.կրկին ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, կատարելով Ադրբեջանի նախագահ Ալիևի 2023թ.ապրիլին արտահայտած ցանկությունը, որը պահանջել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ» արտասանած Նիկոլը հայտարարի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»: Սա Հայաստանի հերթական նվաստացումն էր:
  • Իրականացնելով թուրք-ադրբեջանամետ քաղաքականություն, Ն.Փ 15.11.2021թ.աշխատանքից ազատում է 2021թ.ընթացքում մի քանի ամիս որպես ՀՀ Պնախարար աշխատած Արշակ Կարապետյանին, քանի որ նա համարձակվել էր Արցախ այցելել որպես ՀՀ Պնախարար և խոստացել թշնամու ամեն հարվածին տալ արժանի հակահարված:
  • Ն.Փ.ԱԺ ամբիոնից 14.04.2022թ.ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ հայտարարելով, թե իր արածը ավելին է, քան հանցագործությունը, ավելին է, քան դավաճանությունը, թե ինքը մեղավոր է, «որ ողջ իրավիճակը չի ներկայացրել ժողովրդին, ..որ իմացել է, բայց չի ասել…հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, բայց չհանձնելով դարձել է հազարավոր կյանքերի զոհերի որոշումների հեղինակ»: Սույն հայտարարությունը իրավական պետության մեջ անմիջապես կդառնար քրեական գործի հարուցման հիմք:
  • Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Ն.Փ.հայտարարությունը հիմք հանդիսացավ 2022թ.դեկտեմբերի 12-ից Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված բնապահպանական քողի տակ Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման վերածելու՝ 23.04.2023թ.վերահսկիչ անցագրային կետի տեղադրմամբ, որտեղից բազում անմեղ մարդիկ տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, վախի մթնոլորտ ստեղծվեց արցախահայության շրջանում, իսկ Արցախի լիակատար հայաթափման օրերին ահաբեկչության անվան ներքո Ալիևի ցեղասպան վարչախմբի կողմից Արցախի քաղաքական և պետական գործիչների կալանավորման:
  • Ն.Փ կառավարության օրոք Հայաստանում իրար են խառնվել սգո, հիշատակի և տոնական օրերը: Oրինակ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, փոխանակ տոնական միջոցառումներ և զինվորական շքերթներ կազմակերպվեն, իշխանությունը բավարարվում է զինվորական պանթեոն այցելությամբ, ինչը հիշատակի օրին բնորոշ միջոցառում է: Սա պետության հիմքերի խարխլման, տոնական և հիշատակի օրացույցում խառնաշփոթ առաջացնելու միտումնավոր քայլ է:
  • Ն.Փ.համառ փորձերը Եռաբլուր հերոսների պանթեոնը օգտագործելու իր քարոզչական նպատակներով՝ 21.09.2022թ հանգեցրեց հերոսների մայրերի դեմ ոստիկանական կոպիտ բռնության կիրառման։ Վարչապետի հրամանով, ի խախտումն ՀՀ օրենսդրության և բարոյական բոլոր գրված ու չգրված օրենքների՝ ոստիկանի համազգեստով օրինախախտները հերոսների մայրերին բիրտ ուժի կիրառմամբ հեռացրին Եռաբլուրի մուտքից, որպեսզի «հազարավոր կյանքերի զոհերի որոշումների հեղինակ» Փաշինյանը գա և իր զոհերի շիրիմների առջև բեմական ծնկադրում իրականացնի: Առ այսօր ոչ մի ոստիկան չի պատժվել:
  • Ն.Փ քանիցս, այդ թվում նաև 2022թ.Պրահայում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «առհասարակ մեր պետականությունը ընդհատումներով է եղել, հիմա էլ սպառնալիքներ կան, եթե 3-4 տարի կարողանանք ձգենք…»: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդին պետություն չունենալու իր ծրագրի հետ համակերպելու գործընթաց:
  • Սահմանագծման և սահմանազատման գործընթացներում Ն.Փ.պարբերաբար հրապարակ է բերում անկլավների հարցը, հաշվի չեն առնվում մասնագետների ներկայացրած եռակողմ (ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ, Ադրբ.ԽՍՀ) բնօրինակ կնիքներով հաստատված քարտեզները, ըստ որոնց Տիգրանաշենը և Ն.Փ կողմից հիշատակվող մյուս «անկլավները» Հայկական ԽՍՀ-ի տարածք են եղել:

V.Տնտեսություն, կրթություն և սոցիալական ոլորտ

Սույն բաժնում ներկայացված են 2018թ.«հեղափոխության» ընթացքում և դրանից հետո հայ ժողովրդին տված Ն.Փ.խոստումները, որոնք ոչ միայն չեն իրականացվել, այլև առաջացրել են նոր դժվարություններ ու մարտահրավերներ ՀՀ քաղաքացիների համար: Նիկոլ Փաշինյանը խախտել է ոչ միայն ՀՀ հիմնական և դրանից բխող շատ օրենքներ, այլև իր իսկ կառավարության ծրագիրը, որը կազմվել է 2021թ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր տված նախընտրական խոստումների հիման վրա։ Հենց այդ խոստումներն էլ նրան թույլ տվեցին ՔՊ-ի համար ձայներ ապահովել և խորհրդարանում մեծամասնություն ապահովել։ 

1.Ն.Փ ժողովրդին մոլորության մեջ է գցել, չի պահել իր խոստումները 2018թ.«հեղափոխության» ընթացքում, մատնանշելով ճանապարհային տեսախցիկները և ասելով, որ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»: Իր կառավարության օրոք տեսախցիկները ավելացել են, տուգանքներն ավելացել են, ավելի քան 10 անգամ աճել է վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») վճարը՝ Կենտրոնում տարեկան 12 հազարից դառնալով 160 հազար:

2.Ն.Փ.չի պահել նաև տաքսիների վարորդներին հարկերից ազատելու մասին տրված խոստումը: Այդ հարկատեսակը հանվելու փոխարեն մի քանի անգամ աճել է:

3.Ն.Փ.կառավարությունը բարձրացրել է գույքահարկը թե շարժական, թե անշարժ գույքի համար: 2023թ.դրությամբ գույքահարկը աճել է 2 անգամ, իսկ 2024-2026թթ.այն 2020թ.համեմատ կբարձրանա 4-6 անգամ:

4.Ն.Փ.կառավարությունը ոչ միայն չի չեղարկել խոստացած տուգանքները, այլև 2023թ.դեկտեմբերից կիրարկման մեջ է դրել 500 հազ.-1մլն.դրամի չափով տուգանքի նոր տեսակ՝ վարձակալված տարածքների վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու, կամ ուշացումով ներկայացնելու համար, անկախ նրանից այդ տարածքի վարձակալության հարկը վճարվում է, թե ոչ:

5.Ն.Փ.հպարտությամբ է նշում իր օրոք այս կամ այն թանկացման, կամ հարկի բարձրացման մասին.21.12.2023թ.կառավարության նիստում հայտարարում է, որ «թանգարանների մուտքի նվազագույն վճարը 60 դրամից իրենք դարձրել են 1000դր.», այսինքն բարձրացրել են ավելի քան 16 անգամ:

6.Ն.Փ.երբեմնի ազատ երկիրը վախից դարձրել է բռնապետություն՝ անգամ ԱԺ նիստերի դահլիճը հսկվում է հրաձգային զենքով զինված մարդկանց կողմից, «պադավատապետությունը» քննադատած Ն.Փ.էլ ավելի է մեծացրել թանկարժեք զրահապատ ծառայողական մեքենաների թիվը:

7.Ն.Փ.կառավարությունը արտաքին պետական պարտքը ավելացրել է մոտ 6 մլրդ.դոլարով, 2018թ.6 մլրդ դոլարից հասցնելուվ մոտ 12 մլրդ.դոլարի: 2024թ․ արդեն նախատեսված է ևս 700 մլն․ դոլար նոր վարկ վերցնել։ Սա հանցավոր քաղաքականություն է, որովհետև վարկերի մեծ մասը գնում է նախորդ պարտքերի տոկոսադրույքների մարման և պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Գործնականում, գեթ մեկ դոլար չի ծախսվում շահութաբեր տնտեսական ծրագիր իրականացնելու համար։ Սա ուղիղ ճանապարհ է պետությունը սնանկ ճանաչելու, ինչը կհանգեցնի ծանրագույն հետևանքների։

8.Ն.Փ.կառավարությունը լկտի ստում է, ասելով, որ 2023թ.Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը: 2023թ.հուլիսից նվազագույն թոշակը դարձել է 36 հազ.դր: Հարց՝ ինչպե՞ս է հաշվարկվում նվազագույն սպառողական զամբյուղը, որ եթե անգամ միայնակ միջին թոշակ (40-45 հազ.դր) ստացող մարդուն չի բավականացնի այդ գումարը և կոմունալներին, և դեղորայքին, և սննդին: Ըստ մասնագետների, միջին թոշակը աճել է 14%-ով, իսկ գները առնվազն 24%-ով: Այսինքն, թոշակների գնողունակությունը նվազել է առնվազն 10%-ով:

9.Ն.Փ.շարունակում է պետական փողերի վատնման քաղաքականությունը 10 տարի առաջ ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգը, որը նախատեսում էր 5% աշխատող +5% պետություն Ն.Փ.դարձրեց 2,5% աշխատող+ 7.5% պետություն: Սակայն այդ գումարները, որը կազմում է տարեկան 500 մլն.դոլար, (համեմատության համար նշենք, որ դա մեր տարեկան ռազմական ծախսերի շուրջ կեսն է կազմում), փոխանակ օգտագործվեն տեղում` կառավարությունը հենց այնպես դրանք հանձնել է կառավարման արտասահմանյան ֆոնդերին 40 տարի ժամկետով: Նշենք, որ զարգացած պետությունները իրենց գումարները կառավարման են հանձնում առավելագույնը 10 տարի ժամկետով: Այս պահին ֆոնդերում կուտակված ՀՀ գումարները նվազել են 9%-ով:

10.Ն.Փ նախաձեռնությամբ գյուղատնտեսության նախարարության լուծարման արդյունքում գյուղատնտեսության համախառն արտադրանքը 4 տարում (2018-2022) կրճատվել է 9%-ով:

11.Քաղաքական թատերաբեմ մուտք գործած Նիկոլ Փաշինյանն իր թիմով, 2018-ին կոմունալ վարձավաճարները չթանկացնելու խոստում տալով, 2021թ.դիմեց է ՀԾԿ հանձնաժողովին էլ.էներգիայի թանկացման խնդրանքով: Ուշագրավ է, էլէկտրաէներգիայի վարձը բարձրացնելու առաջարկով դիմել է ոչ թե էլ․ցանցի սեփականատերը, այլ կառավարությունը, որի արդյունքում առանց այդ էլ թանկ էլ.էներգիան 2022.փետրվարի 1-ից թանկացավ ևս 5 դրամով:

12.Կրթական համակարգում Ն.Փ.կառավարությունը նույնպես վարում է ադրբեջանամետ քաղաքականություն։ Անժխտելի փաստ է, համաշխարհային պատմությունն է վկայում, որ Ադրբեջան պետությունը Թուրքիայի շնորհիվ ստեղծվել է 1918թ.։ 2023թ.Երևանում տպագրվում է 7-րդ դասարանի պատմության դասագիրք, որտեղ Տիգրան Մեծի ժամանակների քարտեզի վրա նշվում է Ադրբեջան պետություն գրառումը:

13.Ն.Փ.կառավարության օրոք դպրոցներից հանվեց եկեղեցու պատմություն առարկան, սահմանափակվում է ռազմահայրենասիրությունը, ԿԳՄՍ նախարարի մակարդակով հայտարարվում է, որ հայրենասիրությունը « կեղծ կատեգորիա» է:

14.ՀՀ-ում այլևս ընտրությունները չկեղծելու բարձրագոչ աղաղակների ու «ժողովրդավարության» ցույցերի ուղեկցությամբ տեղի է ունենում ժողովրդավարության և քաղաքացու իրավունքների պաշտպանության բռնախեղում: Բավական չէ, որ բոլոր ընտրությունների ընթացքում լայնորեն օգտագործվում են կառավարական ադմինիստրատիվ հնարավոր և անհնար լծակներն ու ռեսուրսները, անցանկալի, ընդդիմադիր թեկնածուների հաղթանակից հետո նրանց դեմ հարուցվում են չավարտվող շինծու քրեական գործեր: ՀՀ տարածքում իրականացված վերջին բոլոր ՏԻՄ ընտրություններից հետո գործել է ընտրված թեկնածուին հեռացնելու սցենարը՝ Վանաձոր, Գորիս, Ալավերդի, այժմ՝ Գյումրի:

15․ ՀՀ բանակում զինծառայողների համար չեն ապահովվում անգամ կեցության տարրական պայմաններ, որի հետևանքով բազում զոհեր: Ամենաողբերգականը 2023թ.հունվարին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքն էր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում․ զինվորականների կացարանի համար բացարձակապես չհարմարեցված տանը բռնկված հրդեհի զոհ դարձան 15 զինծառայողներ:

16.2021թ.նորատուսցիներին «էդ ձուկը ձերնա, ձեր հացը ոչ մեկ ձեզնից չի խլի» վստահեցնող Ն.Փ.կառավարությունը 2023թ.դեկտեմբերին ձկնորսության համար նորատուսցիների ձկնորսական ցանցերն է ոչնչացրել, ոստիկանական մեծ ուժերով ցուցադրական պատիժ կազմակերպել, բազմաթիվ դեպքերով օրենքի խախտումներով մեկ գյուղից 26 մարդ ձերբակալել:

17.Ն.Փ.իր անձնական անվտանգությունն ապահովելու համար ՀՀ-ն դարձրել է ոստիկանապետություն.նրա կառավարության օրոք չհիմնավորված բարձր աշխատավարձերով (300-400 հազ.դրամ) մի քանի հազար պարեկներ են համալրել ոստիկանության շարքերը՝ առանց համապատասխան կրթության և պատրաստության: Սա այն պարագայում, երբ ի հակառակ նախընտրական խոստումների նվազագույն և միջին կենսաթոշակների չնչին (3-4հազ.դր) բարձրացում է տեղի ունեցել:

18.ՀՀ կառավարությունը ներկայիս ֆինանսատնտեսական անհավասար պայմաններում որդեգրել է պետական ծառայողների առերևույթ կոռուպցիոն ռիսկեր մատնանշող պարգևատրումների մարտավարություն: Փաստորեն, եթե նախկինում սև գումարները առանց բյուջե մտնելու էին հոսում «ոմանց» գրպանները, ապա այսօր միլիոնավոր գումարները մտնում են բյուջե, իբր լվացվում, ապա լցվում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գրպանները:

19.Ն.Փ.շարունակում և խորացնում է նախկինում գոյություն ունեցող հովանավորչության ավանդույթը, հավատարիմ ՀՀՇ-ի տխրահռչակ կարգախոսին՝ «ՀՀՇ լինի, թեկուզ պոլի փետ», այսօր դա ուսապարկերին իշխանության կերակրամանի մոտ պահելու գործիք է: Քավոր-սանիկության ավանդույթը բարգավաճում է.ԱԺ-ում Ն.Փ.ի աներձագն է, իր եղբորորդին, կնոջ եղբորորդին, պատգամավորների օգնականներն իրենց ամուսիններն են, բարեկամ-ազգակիցները: Եվ այդպես շարունակ բարձր պաշտոններ են զբաղեցնում միմիայն Փաշինյանի հավատարիմները…

20.Ն.Փ կառավարությունը 2020թ.պատերազմից հետո սեփական անկարողությունը, դավաճանությունը արդարացնելու նպատակով շարունակում է բազմաթիվ զինծառայողների, քաղաքացիական անձանց ու քաղաքական գործիչների դավաճանական գործողությունների, դասալքության մեջ մեղադրանքի առաջադրումը: Սա բացի համատարած վախի մթնոլորտի առաջացումից նաև նպատակ ունի հային հայ ժողովրդի աչքերում նվաստացնելու, հայի կերպարի նկատմամբ բացասական կարծիքի ձևավորման, ճիշտ այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը:

21.Ն.Փ կառավարությունը 2020 թ.պատերազմում կրած պարտության սեփական մեղքն արդարացնելու համար ապօրինի գործիք է դարձրել դատական և իրավապահ համակարգը, որոնք բացարձակ կորցրել են իրենց անկախությունը: Տարիներով ձգձգվում են Փաշինյանին քննադատողների, քաղաքացիական անձանց ու քաղաքական, զինվորական գործիչների շինծու մեղադրանքներով նախաքնությունները, դատական պրոցեսները: Այս ամենը այլակարծությունը ճնշելու բացարձակ բռնատիրություն է, որը նպատակ ունի համատարած վախի մթնոլորտ ստեղծելու:

22.Ն.Փ.տիկնոջ՝ Ա.Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը ֆինանսավորվում է մի շարք օլիգարխների կողմից: Այս հիմնադրամը հաշվետվություն չի ներկայացրել հանրությանը, չնայած բազում հարցումների:

23.Ն.Փ.ուղեկցող ավտոշարասյունը Երևան ք.Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը, անգամ չկանգնեցին օգնություն ցուցաբերելու համար, իսկ քրեական գործն անավարտ է մինչ օրս։

VI.Ն.Փ.արտաքին քաղաքականությունը և հակադրումը ՀՀ օրենքներին ու միջազգային իրավունքին

Այս բաժնում Ն.Փ.գործողություններն են և դրանց հետևանքները, որոնք քայլ առ քայլ բերում են ՀՀ-ի պետական ինքնիշխանության, տարածաշրջանում սուբյեկտայնության նվազման, ինքնիշխան տարածքների աղետաբեր կորուստների, որոնցից ամենաաղետաբերը Արցախի Հանրապետության բացարձակ բռնազավթումն է:

 1.23.09.2022թ.ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, հայտարարելով, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ցուցադրելով երկիր կառավարելու իր անկարողությունը ու թուլությունը, Ն.Փ նվաստացնում ու հեղինակազրկում է Հայաստանը, հայտարարելով՝ «թող Ադրբեջանի նախագահ Ալիևն ասի՝ որտեղ է սկսվում և վերջանում Հայաստանի սահմանները…որքան տարածքն է ինքը ճանաչում»:

2.Ն.Փ.2022թ.նոյեմբերի 26-ին Պրահայում և 2023թ.հոկտեմբերի 5-ին Գրանադայում ստորագրելով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը, հակադրվել է 2017թ.նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրին, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներ և որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ի, Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների կողմից:

3.Ն.Փ.2020թ.նոյեմբերի 9-ից հետո 2 անգամ ՝ 2021թ.հունվարի 11-ին Մոսկվայում, և նույն թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ հանդիպելուց հետո, որտեղ առաջարկվում էր Արցախի կարգավիճակի հարցը հետաձգել, որոշել է փոխել եռակողմ հանդիպումների ձևաչափը և Ալիևի հետ հանդիպումներն անցկացնել Բրյուսելում՝ մի կազմակերպության ղեկավարի մասնակցությամբ, որին չի անդամակցում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, որտեղ առաջարկել են հրաժարվել Արցախից:

4 ՀՀ Վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 123 Հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է», ուստի միայն նա է օժտված ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անելու իրավունքով, բայց միայն արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի հիմքի վրա։

5 Համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք «ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Ուստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից նման հայտարարություններ անելու: Եթե նա կատարում է դա, ապա իր այդ գործողություններով անմիջականորեն փաստացի յուրացնում է այլ պետական մարմինների իրավասությունները, որը օրենքի կոպտագույն խախտում է։

6 ՀՀ Քրեական օրենսգրքի 419 հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ «բռնությամբ, կամ Սահմանադրությամբ չնախատեսած այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը՝ պատժվում է ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով»։ Այսինքն՝ մենք առերևույթ գործ ունենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված ապօրինի գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար ծանրագույն, և փաստացի անուղղելի հետևանքներ է առաջացնում։

7.Ն.Փ.միջոցներ չի ձեռնարկում ՀՀ պաշտպանվածությունը բարձրացնելու ուղղությամբ.մերժել է 2022-2023թթ.Ռուսաստան-Հայաստան և ՀԱՊԿ–ի հետ Սյունիքում զորավարժություններ անցկացնելու առաջարկը, որի արդյունքում մեծ քանակի զինատեսակներ պիտի մնային Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, կբացվեր Բերձորի (Լաչինի) միջանցքը:

8.Ն.Փ.անթաքույց հակառուսական քաղաքականությունը, ՀԱՊԿ-ից դուրս գալու և Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հայտարարությունները, դրան զուգահեռ` տարածաշրջան արևմտյան ուժեր ներմուծելու առաջարկությունները կարող են բերել պատերազմական գործողությունների հենց Հայաստանի տարածքում: Դեմ չլինելով արևմտյան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների, հարկ է նկատել, որ այդպիսի սցենարի զարգացման պարագայում անհնար է պատկերացնել արևմտյան ուժերի իրական ռազմական աջակցությունը ՀՀ-ին։ Ինչպես Արցախի հարցում, նրանք կբավարարվեն ուշացած հայտարարություններով, թեկուզ և ԵԽԽՎ –ից Ադրբեջանի հեռացումով:

9.Ն.Փ.հանձնարարությամբ ապօրինաբար 2022թ.-ից անցանկալի անձ հայտարարվեցին Հայաստանի բարեկամ քաղաքական գործիչներ, ինչպես նաև սփյուռքահայեր, որոնք քննադատել էին Փաշինյանի ազգակործան քաղաքականությունը: Առանց ծանուցման արգելվեց նրանց մուտքը Հայաստան (Կ.Զատուլին, Վ.Կրիվոպուսկով, Մ.Փափազյան և ուրիշներ): Հարկ է նկատել, որ այդ նույն մարդկանց մուտքը արգելված է նաև Ադրբեջան:

10.2023թ.սեպտեմբերի 20-ին Ն.Փ.հերթական անգամ դավաճանել է Արցախի ժողովրդին, ՀՀ հեռուստատեսությամբ հայտարարելով, որ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիներին վտանգ չի սպառնում, ինչը հմտորեն օգտագործել է Ադրբեջանի արտգործնախարարը, հակադարձելով ՀՀ արտգործնախարար Ա.Միրզոյանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված նիստին:

11.Ն.Փ.չարեց հնարավորը Արցախի ղեկավարությանը Հայաստան տեղափոխվելու ուղղությամբ: Ավելին, 2023թ.սեպտեմբերի վերջին՝ Արցախի բռնագաղթի օրերին, կազմակերպվեց Ս.Բաբայանի հարցազրույցը Հ1 հեռուստաընկերությամբ, ինչը ոչ այլ ինչ էր, քան Ադրբեջանին Արցախի ղեկավարությանը ձերբակալելու հորդոր:

12.Ն.Փ.թուրք-ադրբեջանամետությունը պատահական չէ: Զարմանալի է, որ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշանն ու կարգախոսը համընկել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ղեկավարած «արդարություն և զարգացում» կուսակցության տարբերանշանի ու կարգախոսի հետ:

13․ Խաթարված են բարեփոխումները զինված ուժերում, անկատար են ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հավաստիացումները: Արցախի վերաբերյալ բոլոր խոստումները ոչ միայն տապալված են, այլև «Արցախ» բառը իսպառ հեռացված է Ն․Փ․ և իր կառավարության անդամների բառապաշարից և օրակարգից։

Արցախի հայոց պետականությունը լուծարելուց հետո օրակարգում է ՀՀ ինքնիշխանության կազմաքանդումը։

14.Ն.Փ.խոստովանությունը, որ իր արածը «ավելին է քան հանցագործությունը, ավելին է քան դավաճանությունը» վկայում է այն մասին, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար նա կիրառելու է մի սցենար, որի մասին այլոց վերաբերյալ նա գրել է 1999թ.մարտի 25-ին.«Օրագիր» թերթում՝ «… և որպեսզի իրենց իշխանությունից հետո իշխանության եկածներին իրենց դատելու հնարավորությունից զրկեն, դաշնակներն ուզած-չուզած կործանելու են Հայաստանի երրորդ Հանրապետությունը:» Ժամանակը ցույց տվեց, որ դաշնակները Նիկոլի ցանկությունը չեն իրականացրել, բայց այն որ ինքը բռնել է այդ ուղին, ակնհայտ է:

Եվ այսպես։

Հարգելի՛ հայրենակից։

Հետևություն անելու և գործելու ժամանակն է։ Բանականության հետ խնդիր չունեցող անձը, առավել ևս՝ ազգային արժեքներ և գաղափարներ դավանող մարդը իրավունք չունի որպես դիտորդ հետևել ՀՀ պետականության քայլ առ քայլ ոչնչացմանը։

Մեկ անգամ էլ Ձեզ հարց տվեք։

 Ինչո՞ւ է 2018-ից մինչև 2021թ.նախընտրական ժամանակահատվածում Արցախը Հայաստան համարած, 2018թ.իր ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը Արցախ կատարած, «և ինչպես 1988-ի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե-ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի դե-յուրե միջազգային ճանաչումը» արտասանած Ն.Փ.Արցախի հանձնումը պայմանավորում 1996, 1999, 2005, 2006թթ.ընդունված որոշումներով, հայտարարում, որ նախկիններն են հանձնել, հորինելով բազում իրարամերժ վարկածներ՝ Ալմա Աթայի հռչակագրից մինչև ՄԱԿ-ի բանաձևեր, Քիվեստյան պայմանավորվածությունից մինչև Մադրիդյան սկզբունքներ, Պուտինի հայտարարությունից մինչև ՀՀ տարածքների վերաբերյալ ալիևյան պարզաբանում….Պատասխանը մեկն է՝ եթե Ն.Փ.չհորինի այդ վարկածները, պիտի խոստովանի, որ ամեն ինչ տապալել է և պարտավոր կլինի հրաժարական տալ։

 «Իմ բանաձևը հետևյալն է՝ իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է՝ ամեն իրավիճակում» Ն.Փ.

 Ուրեմն Հայաստանի իրականության փոփոխության, Հայաստանի փրկության գործիքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Պահանջե՛նք հրաժարական, փոխե՛նք Հայաստանի իրականությունը միասին։

 «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման

համակարգող խորհուրդ

Երևան, 13022024թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031