Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, կար այդպիսի մարդ, ով եւ ինձ հետ էր շփվում, եւ Նիկոլ Փաշինյանի. Սերժ Սարգսյան

Ապրիլ 04,2024 17:32

«Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր: Իսկ մնացած իրադարձությունները, ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, ընդամենն այդ արհավիրքի հետեւանքներն էին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկել Փաշինյանին:

Երրորդ նախագահը վերահաստատում է իր տեսակետը՝ «Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»:

Հիշեցնենք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի կանխատեսումը Արցախի հարցի վերաբերյալ, որ արհավիրք է լինելու, նրան 2017-ից հայտնի էր: Նաեւ ասել էր, որ տարբեր բանագնացների միջոցով Սերժ Սարգսյանն իրեն նամակներ է ուղարկել:

«Առաջին անգամ եւ ինքը, եւ մեր ժողովուրդը արհավիրքի մասին զգուշացվել են 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Սկզբում կարծես չնկատեցին, ապա բառերը կտրելով սկսեցին բերել որպես ապացույց, բանակցությունների ձախողման։ Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում ես նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել։ Ինքն իր բնույթի համաձայն, շուռ տվեց ու տարավ այնտեղ, որ իբր ես սպառնում եմ ժողովրդին»:

Արհավիրքի մասին Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին զգուշացում եղել է 2018-ի մայիսի 1-ին, երբ նա ընտրվում էր ՀՀ վարչապետ, իսկ ՀՀԿ խմբակցության անդամները զգուշացնում էին, որ նա չի կարող լինել վարչապետ, շարունակել բանակցային գործընթացը, քանի որ դա վտանգներով լի է։ 2020 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում քովիդը «խեղդում էր արաղով» եւ հայտարարում, թե նախկինները վախեցնում են պատերազմով: Սերժ Սարգսյանը հարց է տալիս՝ եթե չենք զգուշացրել՝ այդ բառերը որտեղի՞ց էին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, կար մարդ, որը իր եւ Սերժ Սարգսյանի էր շփվում, Սերժ Սարգսյանը հաստատեց. «Այո, կար այդպիսի մարդ, բայց ցավոք սրտի՝ այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Չեմ ուզում անունը տալ։ Ուղղակի թող ինքը հիշի, այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ինքն ի՞նչ էր ասում՝ 2019 թվականի վերջին ու 2020 թվականի սկզբին։ Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց բանից պարզվեց, որ մարդկանց թիկունքին կանգնել է, որ նրանց թիկունքից հարվածի։ Եվ հարվածեց թիկունքից։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս անցկացրեցի, ասացի՝ ռազմական գործողությունները մոտենում են։ Էլ զգուշացումները պոզո՞վ-պոչո՞վ են լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930