Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հանդիպումը բերելու է Արեւմուտք-ՌԴ առճակատման ուժեղացմանը տարածաշրջանում. Սերժ Սարգսյանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու մասին

Ապրիլ 04,2024 18:01

«Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի՞ հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Ցանկացած դիվանագիտական մի թեթև կուրս անցած մարդ գիտի, որ բանակցային գործընթացն այնպիսի գործընթաց է, որ երբ համաձայնեցված չի փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն: Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։ Ի՞նչ է մեր գլխավոր բանակցողը մեզ ասում։ Ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն։ Մենք կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել և ասել՝ եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք։ Եվ այսպես ինչ ուզի՝ կվերցնի։ Սա ի՞նչ մոտեցում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Տավուշից Ադրբեջանին գյուղեր տալու մասին:

Անդրադառնալով չորս գյուղերի հանձնմանն էլ՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Շատ մեծ խնդիրներ են լինելու։ Կարծում եմ, որ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպե՞ս են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչի՞ց ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն»։

Հիշելով 1990-ականները, Սերժ Սարգսյանն ասաց, որ այն ժամանակ շատ մեծ դժվարությունների գնով է Հայաստանին հաջողվել վերջ տալ գազատարների պայթեցումներին. «Եթե իրենց թվում է, թե արդեն ամեն ինչ լավ է, հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են, ի՞նչ ասեմ»։

Հարց հնչեց նաեւ վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման մասին: Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ աշխարհաքաղաքական այլ  իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի համար. «Բայց հիմա, երբ Արևմուտք և Ռուսաստան այդպիսի առճակատում կա, ապա այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Ինչ-որ լուրեր են պտտվում, որոնց հավաստիությունը չեմ կարող հաստատել, թե իբր փող են տալու ՀՀ-ին, բայց իմ կարծիքով, Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից, պետք է լինի՝ խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը։ Պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները: Իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930