Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնի ո՞ր հատվածներում են քարեր առաջանում

Ապրիլ 09,2024 09:30

Մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնց թվում էլ քարերի ձևավորումն է մարմնի ամենատարբեր, երբեմն՝ անսպասելի հատվածներում։ Եվ այսպես, քարեր կարող են առաջանալ մարմնի հետևյալ մասերում․

Երիկամներ

Երիկամային քարերն առաջանում են երիկամներում և սովորաբար օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով։ Դրանք հանքանյութերի և աղերի կուտակումներ են՝ կարծր բյուրեղներ, որոնք կազմված են տարբեր միացություններից՝ կալցիումի օքսալատ, ցիստեին, միզաթթու և այլն։ Երիկամային քարերը տարբերվում են իրենց ձևով ու չափսերով։ Դրանք երբեմն կարող են լուրջ խնդիրներ առաջացնել և հեռացվել օրգանիզմից վիրահատական եղանակով։

Միզապարկ

Միզապարկի քարերն առաջանում են, երբ միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, մեզը խտանում, բյուրեղանում է և արդյունքում քարեր են առաջանում։ Այդ գործընթացին կարող են նպաստել նաև երիկամից միզապարկում հայտնված բյուրեղները։ Միզապարկում քարերի առկայության մասին հուշող ախտանշաններն են պղտոր, արյունոտ մեզը, միզարձակման ժամանակ որովայնի ստորին հատվածի ցավը։ Միզապարկի քարերը բուժվում են դեղորայքի, վիրահատական  միջամտության կամ ձայնային ալիքների ու լազերի միջոցով քայքայման եղանակով։

Նշագեղձեր

Նշագեղձերն ըմպանում տեղակայված լիմֆոիդ օրգաններ են, որոնք պաշտպանում են օրգանիզմն ախտածիններից։ Սնունդը, մեռուկացած մաշկն ու այլ թոփոնները, հայտնվելով այդտեղ, կարող են կարծրանալ ու վերածվել քարանման կուտակումների՝ զուգակցվելով կոկորդի ցավով, բերանի տհաճ հոտով, նշագեղձերի բորբոքմամբ։ Այդ քարերի սովորաբար մաքրվում են ատամի խոզանակով կան աղաջրով ողողելու օգնությամբ, իսկ եթե այդպիսով չեն անցնում, պետք է դիմել բժշկին։

Բերան

Բերանում նույնպես կարող են քարեր առաջանալ անհայտ պատճառներով։ Դրանք կարող են այտուցվել, լինել ցավոտ և խցանել թքագեղձերը։ Սովորաբար դրանք լուրջ խնդիրներ չեն առաջացնում և վերանում են շատ ջուր, թթու մթերքներ օգտագործելու միջոցով, կամ մեխանիկորեն՝ լեզվի շարժումների օգնությամբ։

Լեղապարկ

Որովայնի վերին աջ մասում գտնվող այս ոչ մեծ օրգանում ձևավորվող քարերը լինում են երկու հիմնական տեսակի՝ խոլեսթերինային քարեր, որոնք հիմնականում կազմված են չլուծվող խոլեսթերինից և պիգմենտային քարեր, որոնք առաջանում են, երբ լեղին պարունակում է մեծ քանակով բիլիռուբին:
Մարդկանց մեծ մասի մոտ լեղապարկի քարերը որևէ գանգատ չեն առաջացնում, իսկ երբ առաջանում են գանգատներ, կարող է իրականացվել լեղապարկի հեռացման վիրահատություն կամ բժիշկը կնշանակի լեղապարկի քարերը տարրալուծող դեղամիջոցներ։

Ենթաստամոքսային գեղձ

Ստամոքսի հետևում տեղակայված այս օրգանն արտադրում է մարսողական ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են սննդի մարսման ու արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանման համար։ Ենթաստամոքսային գեղձում քարերը կարող են հայտնվել լեղապարկից լեղուղիների միջոցով և բորբոքում առաջացնել։
Դա կարող է դրսևորվել ջերմության բարձրացումով, սրտի զարկերի արագացմամբ, սրտխառնոցով ու որովայնի ցավով, որն ուժեղանում է ուտելուց հետո և ճառագայթում է դեպի մեջքը։ Եթե քարն ինքն իրեն չի հեռանում, ապա այն հեռացվում է վիրահատական միջամտությամբ, երբեմն՝ լեղապարկի հետ միասին։

Շագանակագեղձ

Շագանակագեղձի քարերի առաջացման հիմնական պատճառները շագանակագեղձի արտազատուկում բորբոքային կուտակումներն ու միզային խցանումներն են։ Դրանք սովորաբար որևէ բուժում չեն պահանջում և գանգատներ չեն առաջացնում, սակայն երբեմն վարակի ազդեցությամբ դրանք կարող են շագանակագեղձի և միզուղիների բորբոքում և այլ բարդություններ առաջացնել։

Քիթ

Քթի մեջ հազվադեպ քար կարող է ձևավորվել, երբ հիմնականում մանկական տարիքում այդտեղ է հայտնվում և մնում որևէ մի փոքրիկ մասնիկ, որին տարիների ընթացքում կպնում են տարբեր հանքանյութեր՝ կալցիում, մագնեզիում և երկաթ և մեծացնում այն։ Որոշ ժամանակ անց մարդը կարող է ցավ ու լորձի տհաճ հոտ զգալ կամ ունենալ քթահոսություն քթի միայն մի անցքից։ Քթում առկա քարը հայտնաբերվում է բժշկական զննման միջոցով և հեռացվում վիրահատական միջամտությամբ։

Երակներ

Երակների քարերը կարող են ձևավորվել երակների խնդրահարույց հատվածներում, որտեղ արյունն ավելի դանդաղ է շարժվում և արդյունքում մակարդվում ու պնդանում է։ Դրանց բուժումն իրականացվում է անոթաբանի օգնությամբ՝ հիմնական խնդրի ախտորոշումից հետո։

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգում քարերը շատ հազվադեպ են հանդիպում։ Դրանց առաջացմանը կարող են նպաստել այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են դիվերտիկուլիտն ու աղիների բորբոքային հիվանդությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930