Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Որոնք են որովայնի վերին հատվածում ցավերի առաջացման պատճառները

Հունվար 17,2024 09:30

Մարդիկ հաճախ են գանգատվում որովայնի, ստամոքսի վերին հատվածի ցավերից․ մեծամասամբ այդ ցավերը լուրջ խնդրի մասին չեն ահազանգում՝ առաջանալով գազերի կամ վիրուսային վարակների պատճառով, սակայն որոշ դեպքերում կարող են հուշել այնպիսի վիճակների մասին, որոնք հնարավորինս շուտ պետք է բուժել։

Այս հոդվածում դիտարկում ենք որովայնի ու ստամոքսի վերին հատվածի ցավերի առաջացման հնարավոր պատճառներն ու դրանց բուժման հնարավորությունները։

Գազեր

Գազերի առաջացումը մարսողական համակարգում, մասնավորապես աղիներում բնական երևույթ է։ Երբ գազերը կուտակվում են, կարող է որովայնում ճնշման, լցվածության զգացում, փքվածություն առաջանալ։
Գազերը սովորաբար անցնում են մի քանի ժամվա ընթացքում և առանձնակի բուժման կարիք չունեն, ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղամիջոցներ։ Սակայն եթե գազերն ուղեկցվում են ջերմությամբ, փոխումներով կամ ուժեղ ցավով, ապա ավելի ճիշտ կլինի դիմել բժշկին։
Գազերի կուտակումը կանխելու համար խորհուրդ է տրվում սնվելիս ավելի դանդաղ ծամել և խուսափել այն մթերքներից, որոնք տվյալ մարդու մոտ խթանում են գազերի առաջացումը։

Ստամոքսի խանգարում (մարսողական խանգարում)

Այս վիճակը բնութագրող բժշկական եզրույթը դիսպեպսիան է։ Ստամոքսի խանգարման հաճախակի հանդիպող պատճառներից մեկը ստամոքսի թթվայնության բարձրացումն է, որը կարող է առաջացնել այրոցի զգացում ստամոքսի վերին հատվածում, կոկորդում և անգամ բերանում, երբեմն էլ ցավեր կարող են զգացվել կրծքավանդակի հատվածում։

Հազվադեպ ստամոքսի խանգարումը կարող է ստամոքսի խոցի, թթվային ռեֆլյուքսի և շատ հազվադեպ ստամոքսի քաղցկեղի հետևանք լինել։
Ստամոքսի խանգարումը կանխարգելող մրջոցներից մեկն այն տրիգերների (օրինակ՝ որոշ մթերքներ) որոշումն է, որոնք կարող են հանգեցնել այդ վիճակին:

Գաստրիտ (ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում)

Սուր գաստրիտը, սովորաբար, շատ արագ է զարգանում և հիմնականում պատճառը բակտերիալ վարակն (Helicobacter pylori) է։ Գաստրիտի պատճառով ստամոքսի լորձաթաղանթն այտուցվում ու ցավոտ է դառնում։

Քրոնիկ գաստրիտի առաջացման պատճառներն են՝

  • Կրոնի հիվանդությունը,
  • աուտոիմունային հիվանդություններ,
  • ալերգիան,
  • վիրուսները,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը։

Բակտերիալ վարակները սովորաբար բուժվում են հակաբիոտիկների օգնությամբ, իսկ քրոնիկական գաստրիտից ազատվելու հարցում կարող է օգնել հիմնական պատճառի ախտորոշումն ու բուժումը։

Ստամոքսի վիրուսներ

Գաստրոէնտերիտը ստամոքս-աղիքային բնույթի վիրուսային վարակ է, որը ստամոքսի վերին հատվածի ցավերից զատ կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորլուծություն։ Մարդկանց մեծամասնության մոտ այդ տիպի վարակներն անցնում են մի քանի օրվա ընթացքում։ Հիվանդության հաղթահարմանն օգնում է հեղուկների հաճախակի ընդունումը փոքր չափաբաժիններով՝ ջրազրկումից խուսափելու համար, թեթև սննդի օգտագործումը։

Մկանային ցավեր

Որովայնի վերին հատվածում բազմաթիվ մկաններ են տեղակայված, և այդ հատվածում մկանային վնասվածքներն ու կծկումները ևս ցավեր կարող են առաջացնել, որոնցից ազատվելու հարցում օգնում է մերսումը, հանգիստ վիճակը, տաք կամ սառը թրջոցների օգտագործումը։

Որդանման ելունի բորբոքում

Ապենդիցիտը կույր աղիքի որդանման ելունի՝ ապենդիքսի բորբոքումն է։ Հիվանդության նախնական փուլում կարող է նկատվել բութ ցավ պորտի շրջանում, որը ճառագայթում է դեպի ստամոքսի վերին հատված։ Բորբոքման սրման հետևանքով ցավը կարող է տեղափոխվել որովայնի ստորին աջ հատված։

Այդ խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ ելունի պատռվածք, որովայնի խոռոչում թարախակույտի ձևավորում։

Լեղապարկի քարեր

Լեղային քարերը խոլեսթերինի կամ բիլիռուբինի կարծր կուտակումներ են, որոնք ձևավորվում են լեղապարկում։ Դրանք միշտ չեն խնդիրներ առաջացնում, սակայն երբեմն արգելափակում են լեղուղիները։ Լեղաքարային խցանումների պատճառով կարող է ուժեղ ցավ առաջանալ ստամոքսի վերին աջ կողմում, ինչպես նաև փսխում, հոգնածություն, հյուծվածություն։

Որոշ դեպքերում խնդրի լուծման համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում։

Լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ

Լյարդը, ենթաստամոքսային գեղձն ու լեղապարկը միասին են աշխատում՝ կարգավորելով մարսողությունը։ Այդ երեք օրգաններն էլ տեղակայված են որովայնի վերին մասում, և դրանց խնդիրները՝ լեղապարկի քարերը, հեպատիտները, պանկրեատիտը կարող են ցավեր առաջացնել այդ շրջանում։

Աղիների անանցանելիություն

Աղիների անանցանելիությունն առաջանում է աղիների խցանման հետևանքով, ինչը խոչընդոտում է մարսողական գործընթացը։ Դա կարող է ուժեղ ցավ առաջացնել որովայնում, ինչպես նաև փորկապություն, սննդի յուրացման հետ կապված դժվարություններ։ Աղիների անանցանելիությունն անհապաղ բժշկական օգնության դիմելու ցուցում է, քանի որ բարդությունները կարող են ճակատագրական լինել մարդու համար։

Դիվերտիկուլյար հիվանդություն

Աղիներում, հատկապես հաստ աղիքում կարող են առաջանալ պարկանման արտափքումներ, որոնք կոչվում են դիվերտիկուլներ։
Երբ դրանք բորբոքվում են, որովայնում սուր ցավեր են առաջանում։ Ցավի տեղակայումը կախված է դիվերտիկուլների տեղակայումից, որոնք թեև հաճախ հանդիպում են աղիների ստորին հատվածներում, սակայն կարող են ձևավորվել նաև վերին հատվածներում՝ ցավեր առաջացնելով որովայնի վերին շրջանում։

Երբ դիմել բժշկին

Մեծամասամբ որովայնի վերին հատվածի ցավերն անցնում են առանց լուրջ միջամտությունների, սակայն խորհուրդ է տրվում 24 ժամվա ընթացքում դիմել բուժօգնության, եթե՝

  • Փսխումները չեն անցնում 12 ժամվա ընթացքում,
  • որովայնի ցավն ուղեկցվում է բարձր ջերմությամբ,
  • որովայնի ցավն առաջացել է վնասվածքի, օրինակ՝ հարվածի պատճառով,
  • ցավն առաջացել է նոր դեղամիջոց ընդունելուց հետո,
  • որովայնի ցավն առաջացել է իմունային թույլ համակարգ ունեցող մարդու մոտ։

Անհետաձգելի բժշկական օգնության դիմելու ցուցումներ են՝

  • Որովայնի վերին հատվածի աջ կողմի սուր ցավը,
  • որովայնի անտանելի ցավը,
  • որովայնի ցավն ու սպիտակ կամ գունատ կղանքը,
  • որովայնի ուժեղ ցավերը հղի կանանց շրջանում,
  • երբ կան ջրազրկման ախտանշաններ՝ մեզի բացակայություն, չոր մաշկ ու շրթունքներ, գլխապտույտ և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031