Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառվո՞ւմ է մեր ազգային ինքնագիտակցությունն ու հոգևոր ժառանգության ընկալումը, թե՞ վերջնականապես կորցրել ենք իրականության զգացումը. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 27,2026 13:27 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սոսկալի է անգամ մտածելը, սակայն հետևելով թե, ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում՝ ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ՝ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»:

Չեմ հասկանում, թե ինչն է իրական պատճառը. մաշվե՞լ ենք, սպառվո՞ւմ է մեր ազգային ինքնագիտակցությունն ու հոգևոր ժառանգության ընկալումը, թե՞ վերջնականապես կորցրել ենք իրականության զգացողությունը և ապրում ենք ուրիշ, ավելի «անհոգ», անհաղորդ ու մտացածին կյանքով:

«Ինչ կլինի՝ կլինի, չի լինի՝ թող չլինի» անպատասխանատու, ամեն ինչի հետ հաշտվող ու անկումային կենսակե՞րպ…

Դժվար է հավատալ, բայց ենթագիտակցորեն, (թե գիտակցաբար) կարծես «ուզում ենք մոռանալ մեր հետ տեղի ունեցածը»: Արցախը «մերը չէր»՝ հետևաբար մենք բան չենք կորցրել: Մեր պապերին ցեղասպանել են՝ դե ի՞նչ կարող ենք անել (նրանք ուրիշ թուրքեր էին), «փորձենք մոռանալ», դե հո անընդհատ չեն ցեղասպանելու…

Եռաբլուր պանթեոնն աստիճանաբար վերածում ենք սովորական գերեզմանատան, որտեղ շատերը չեն այցելում, որ չնկատեն համազգային գաղափարի, ննջեցյալների պայքարի ու նրանց անձնազոհության աղաղակող պատգամները…

Չգիտեմ, երևի այդպես ավելի հեշտ է ապրել՝ ինքնախաբեությամբ, ինքնարդարացման բնազդով՝ կեղծ երգացանկերով, էժանագին բլոգերների հիմար տեսանյութերով, դեգրադացնող հեռուստասերիալներով ու տափակ հումորիստների գյադայական ներկայացումներով:

Ցավալիորեն հիվանդագին, ճղճիմ ու բազմերանգ հարաբերություններ են ձևավորվել մեր շուրջ: Ոմանք դա նկատում են, շատերը՝ չնկատելու են տալիս, ոմանք էլ ուղղակի չեն գիտակցում…

Գոնե կարողանայինք մի փոքր արժանապատվորեն դուրս գալ համազգային փորձության, պարտության, գոյության պայքարի, վերածննդի ու հոգևոր-բարոյական վերանորոգման այս ծանր շրջափուլից:

Չէ՞ որ հնարավոր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30